Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակության հետ քննարկվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցեր

Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակության հետ քննարկվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն նախօրեին ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը (GRECO):



Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել եվրոպական կառույցի հետ երկխոսությունն ու անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ ռազմավարական ծրագրով իրականացվող միջոցառումները:



Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի, կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի հիման վրա ներկայում մշակվող ռազմավարության ուղղությունների, հանրային ծառայության մարմինների արդյունավետության բարձրացման ու բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են ՀՀ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցերին և առավել անկախ ու արդյունավետ դատական համակարգ ունենալուն միտված բարեփոխումներին:



Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հյուրերի խնդրանքով, անդրադարձել է երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին և նշել, որ այս փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների ապահովման ու երաշխավորման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը:



Հանդիպման ավարտին նախարարն իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ աշխատանքները շարունակելու և համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:



Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակության անդամները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել Հովհաննես Մանուկյանին ընդունելության համար՝ հավաստելով նախարարության հետ հետագա փոխգործակցության պատրաստակամությունը: