Քիմի շուրջ աժիոտաժն անհասկանալի է նախարարին

Քիմի շուրջ աժիոտաժն անհասկանալի է նախարարին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հաճախ է պարծենում իր կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներով: Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե կրեատիվ տեսանկյունից ի՞նչ ուշագրավ դիտարկումներ կարող է անել Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի վերաբերյալ, այն ի՞նչ նշանակություն ունեցավ Հայաստանի համար: Նա սկզբում տարակուսեց Քիմի շուրջ առաջացած աղմուկի առիթով, բայց մատնանշեց նրա անուրանալի դերակատարումը մեր անհայտ երկիրը հայտնի դարձնելու գործում: «Իմ համար աժիոտաժն է անհասկանալի, ընդ որում՝ հասարակության տարբեր շերտերի կողմից: Սա նաեւ խոսում է նրա մասին, որ մեր հասարակությունում, այնուամենայնիվ, տոլերանտության՝ հանդուրժողականության պակաս կա: Ընդհանոր առմամբ, սուր ենք ընդունում ամեն ինչ… ընդհանուր առմամբ, որեւէ աստղի` կլինի շոու բիզնես, երգարվեստ, դրական եմ ընդունում: Հատկապես Ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում, կարծում եմ, բացի պարզապես շոուաստղերի ներկայությունից մեր երկրում նաեւ լրացուցիչ լիցք հաղորդեց այս խնդրին` աշխարհին մեկ անգամ եւս հիշեցնելով»,-ասաց նախարարը: Համաձա՞յն է, որ Քարդաշյան քույրերը Հայաստանի ճանաչման հարցում արեցին այն, ինչը տարիներ շարունակ չէր հաջողվում գործող իշխանություններին: Հովհաննես Մանուկյանը հորդորեց ապրել եւս մեկ շաբաթ. «Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, եկեք ապրենք, եկող շաբաթ անցնենք միջոցառումներով ու տեսնենք հյուրերին, որոնք կլինեն մեր երկրում, հետո դատողություններ անենք»: