Ազգի ու եկեղեցու անմնացորդ նվիրյալը

Ազգի ու եկեղեցու անմնացորդ նվիրյալը

Ծանոթանալով Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին նվիրված մի շարք հրապարակումներին՝ ցանկություն առաջացավ փոքրիկ հոդվածով ամբողջացնել հայրենանվեր ու եկեղեցանվեր հոգևորականի դիմանկարը:



Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել է 1946 թ. Հայաստանում: 1960 թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1966 թ. ավարտելով ճեմարանը՝ ուսումը շարունակել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում: 1967-1968 թթ. նշանակվել է «Էջմիածին» ամսագրի խմբագրության քարտուղար: 1969 թ. սկզբում ծառայության է անցել Օրջոնիկիձեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, իսկ նույն թվականի հոկտեմբերին ձեռնադրվել է աբեղա և նշանակվել Դոնի Ռոստովի հայկական համայնքի հոգևոր հովիվ: 1971 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Ֆրանսիա` ուսումը շարունակելու Լիոնի Կաթոլիկ համալսարանում՝ միաժամանակ ծառայելով տեղի հայկական եկեղեցում:



1973-1975 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1975 թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան, իսկ 1975-1979 թթ. աստվածաբանական կրթությունը շարունակել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում՝ հովվական ծառայություն մատուցելով Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում: 1979-1980 թթ. եղել է Էջմիածնի հոգևոր ճեմարանի տեսուչ: 1981 թ. նշանակվել է Բուենոս Այրեսի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 1982 թ. կարգվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ: Արգենտինահայ համայքում հոգևոր ծառայության ընթացքում Գրիգորիս սրբազանը ծանոթանում և մտերմություն է անում Արգենտինայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, իսկ Փարիզում եղած տարիներին էլ ջերմ հարաբերություններ է ունեցել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հետ:



1983 թթ. Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 1990 թ. նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ: 1992 թ. Գյումրիում հիմնադրել է Շիրակի հոգևոր ընծայարանը: Գրիգորիս սրբազանի ջանքերով Շիրակի թեմը ձեռք է բերում նաև առաջնորդարանի շենք: 1992 թ. ստացել է արքության պատիվ և Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1998-1999 թթ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը ժամանակավորապես կատարել է Մոլդովայի Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության համակարգողի պարտականությունները: 1999-2001 թթ. եղել է Հայ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդական փոխանորդ: 2001 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:
Բազմաթիվ են Գրիգորիս սրբազանի բարենորոգչական և բարեսիրական աշխատանքները, որ նա կատարել է իր հոգևոր ծառայության բոլոր հատվածներում: Հատկապես մեծ գնահատանքի է արժանի Սրբազան Հոր հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությունը Շիրակի թեմում այնպիսի մի ժամանակահատվածում, երբ երկիրը գտնվում էր պատերազմի ու արհավիրքների մեջ:



Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի ջանքերով և միջամտություններով կատարվել են Հառիճավանքի, Մարմարաշենի վանական համալիրների վերանորոգման աշխատանքները: Սրբազանի օժանդակությամբ վերանորոգվել և վերաբացվել են Շիրակի մարզի մի շարք գյուղերի խոնհարված եկեղեցիները (Ախուրյան, Մարալիկ, Թալին, Սպանդարյան և այլն):
Գրիգորիս սրբազանը բացի բարոյականից նաև իր նյութական աջակցությունն է բերել արցախյան պատերազմին՝ 1993-1994 թթ. երկու անգամ թեմական խորհրդի անունից բեռնատար մեքենաներով սննդամթերք և անհրաժեշտ գույք հասցնելով պատերազմի մարտիկներին: Նրա ջանքերով 147 արցախցի երեխաներ տեղափոխվեցին Արթիկ և մոտ 7 ամիս մնացին ճամբարում:



Գրիգորիս սրբազանը Փարիզի Կաթոլիկ համալսարանում կրթությունը ավարտելուց հետո ամբողջ կյանքում չդադարեց ուսումը շարունակելուց, ինչն արտահայտվում էր նրա տարեցտարի մեծացող գրադարանով, որն էլ իր հոգևոր ծառայության ընթացքում սրբազանը իր հետ տեղից տեղ էր տանում՝ իբրև իր միակ անձնական ունեցվածքը կյանքում: Իսկ ո՞րն էր այդ ուսման վերջնական արդյունքը, իհարկե, էջմիածնականությունը: Թվում էր, թե, լինելով էջմիածնեցի, ճեմարանցի, վերջապես Մայր Աթոռի միաբան, ի՞նչ մի դժվար բան էր լինել էջմիածնական: Այդ իմաստով պետք է ասել, որ Գրիգորիս սրբազանը կրկնակի էջմիածնական էր. նախ, որպես պատանի էջմիածնասեր, ապա, որպես գիտականորեն, աստվածաբանորեն կրթված ու համոզված էջմիածնական: Որովհետև աշխարհի կենտրոններում ուսանելուց ու ծառայելուց հետո է, որ ավելի կարևորվում ու գիտակցական սկզբունք է դառնում հայ եկեղեցականի էջմիածնականությունը՝ որպես հայության ծիսա-դավանաբանական ինքնության ցուցիչ:



Ահա թե ինչու երկու անգամ լինելով Ամենայն Հայոց կաթողիկոսի թեկնածու և երկու անգամ էլ պարտվելով ընտրություններում՝ նա, որպես հայ եկեղեցու անմնացորդ նվիրյալ, կանգնեց նոր կաթողիկոսների կողքին և առավել ջերմեռանդորեն շարունակեց իր ծառայությունը նրանց ղեկավարության ներքո ի փառս հայ ազգի ու եկեղեցու:
Արքեպիսկոպոս Բունիաթյանը իր ողջ կյանքում անմնացորդ նվիրումով ծառայեց իր ազգին ու եկեղեցուն՝ որպես արդի հայ կրոնավորի կերպար, որպես հավատավոր ու եկեղեցասեր ժողովրդի սրբազան Հայր:



 ՄԱՐՏԻՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ



Իրավագիտության թեկնածու
ՀԱՅԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Պատմագիտության թեկնածու