Սցենարը ես գրեմ, մեջը ես խաղամ…ծույլ ենք

Սցենարը ես գրեմ, մեջը ես խաղամ…ծույլ ենք

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ևս կատարեց իր «պարտքը»։ Այսօր ինստիտուտի ետնաբակում տեղադրվեց Հայոց եղեռնի զոհերի հիշատակի խաչքար։ Հիսուս Քրիստոսի տանջանքները խաչի վրա պատկերող հուշաքարի ներքևում էլ այս օրերին «պոպուլյար» դարձած «Հիշում եմ և պահանջում» արտահայտությունն է։



ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խաչքարն արդեն երկար տարիներ է, ինչ բուհում է, նրանք ուղղակի «իմաստ» են հաղորդել դրան․ «Մենք ունեինք այդ խաչքարը դեռևս լուսահոգի Սոս Սարգսյանի ռեկտորության ժամանակներից։ Այստեղ՝ ինստիտուտում, մի խաչքար ունեինք, որը պարզապես դրված էր ինստիտուտի ներսում։ Եվ երբ գալիս էր, մոտենում էր այս տարեթիվը, մտածեցինք պատվանդան կառուցել, և այդ խաչքարը ինստիտուտի մի անկյունից տեղափոխել դեպի մեր բակը՝ օծել այն և որոշակի խորհուրդ, իմաստ հաղորդել նրա գոյությանը մեզ մոտ»։



Խաչքարի օրհնության և ոգեկոչման արարողությունից հետո էլ ինստիտուտում տեղի ունեցավ բուհական տարեկան գիտաժողովը, այո՛, դուք չեք սխալվում ևս նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին։ Ի դեպ, Դավիթ Մուրադյանը պրոֆեսոր Բուդաղյանի ելույթից հետո ծույլ անվանեց մեր արվեստի գործիչներին։ Պրոֆեսոր Բուդաղյանը պատմում էր «Ադամյան քույրեր» եվրոպական դաշնամուրային դուտեի ճակատագիրը։ «Ահա տեսեք ինչ հրաշալի է, սա մի ամբողջ ֆիլմ է։ Այս թելը բռնողը և իհարկե գեղարվեստորեն զարգացնողը կստանա սրանից ֆիլմ, նաև եվրոպական շրջանառության համար։ Բայց մենք ենք մեղավոր՝ ինքներս, որ այդպիսի ֆիլմեր այսօր գրեթե չունենք։ Չենք նայում մեր ունեցածին, պատմությունը մեզ ցավալիորեն տվել է, վերցնող է պետք։ Բայց մենք՝ սցենարը ես գրեմ, մեջը ես խաղամ, հերոսուհին էլ հետը…»․ արձագանքեց Դավիթ Մուրադյանը։