Ամո՛թ քեզ, չէ՛, ամո՛թ քեզ (լուսանկարներ)

Ամո՛թ քեզ, չէ՛, ամո՛թ քեզ (լուսանկարներ)

«Ամո՛թ քեզ, դու Մաքսիմ Հակոբյանին ճանաչո՞ւմ ես, որ նկարը խփել ես վրադ, վրան էլ խաչ ես քաշել»․ ցուցարարների վրա բարկացավ մի երիտասարդ, ով հրաժարվեց ներկայանալ։ Եթե քաղաքում հանդիպեք Մաքսիմ Հակոբյանի լուսանկարով վերնաշապիկների, ապա չշտապեք կարծել, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը ևս դարձել է «քաղբանտարկյալ»։ Հիշեցնենք, որ Մաքսիմ Հակոբյանը երկար տարիներ ղեկավարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, սակայն անցյալ տարի նրան «պաշտոնանկ» արեցին։ Նոր տնօրինությունը Մաքսիմ Հակոբյանին կասկածում էր գումարներ յուրացնելու մեջ, սակայն սկանդալ չբարձրացրեցին։



Այսօր Բնապահպանության նախարարության առջև հնչում էր «STOP Մաքսիմ Հակոբյան, STOP Մաքսիմ Հակոբյան, STOP Մաքսիմ Հակոբյան» կոչը։ «Civil voice» ՀԿ ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը նշեց, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին բազմիցս անդրադարձել են, բայց… «Դիտարկումները և ուսումնասիրությունները հիմք են տալիս պնդելու, որ տնօրինությունը պատշաճ մակարդակի չի վերաբերվում պոչամբարին։ Մենք չենք տեսնում ադեկվատ արձագանք։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակի ձոր» պոչամբարը ներկա պահին գտնվում է պայթունավտանգ իրավիճակում՝ գերհագեցած պոչամբար է, ենթարկվում է էլ ավելի ծանրաբեռնման։ Բարձրացնում են պատնեշները, այնտեղ վերջերս տեղի ունեցավ արտահոսք պոչամբարից, և թունավոր նյութերը արտանետում են շրջակա միջավայր։ Ժամանակից աշխարհը վաղուց հրաժեշտ է տվել պոչամբար հասկացողությանը։ Հասել են նույնիսկ նրան, որ 95 տոկոս կարողանում են վերամշակել հումքը։ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նոր պոչամբարի կառուցումը դարձել է խիստ անհրաժեշտ։ Պատնեշն այնքան են բարձրացրել, որ Մեծ Այրում համայնքի խմելու ջրի միակ խողովակատարը հայտնվել է պոչամբարի անմիջապեսպատնեշի վրա»։ Քաղաքացիական ակտիվիստը պատմեց նաև, որ Մեծ Այրում համայնքի բնակիչներն առողջական լուրջ խնդիրներ ունեն։



Իրենց «անհանգստության բաց նամակն» ուղարկելով բնապահպանության նախարարությանը, հազիվ 30 երիտասարդներ ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպ Մաքսիմ Հակոբյանի գրասենյակ՝ հույս ունենալով որևէ կերպ կոնտակտի մեջ մտնել տնօրինության հետ։ Հենց այնտեղ էլ անծանոթ անձինք նրանց ամոթանք տվեցին։ Բաբկեն Հարությունյանը բարձրախոսով սկսեց խոսել պոչամբարի խնդիրների մասին, երբ մի միջին տարիքի մարդ վրա տվեց․ «Ա՛ դե լավ էլի՛, ամոթ արեք, մարդկանց բերել հավաքել եք ստեղ, յանիմ գնացեք…» մինչև վերջ չկարողացավ իր միտքն արտահայտել։ Իսկ երբ տեսախցիկներն ուղղվեցին դեպի նրան, ուղղակի փախավ։ «Ամոթ ձեզ, որ այդպես եք արձագանքում»․ եղավ ցուցարարների պատասխանը։ Այդ ժամանակ էլ «բեմ բարձրացավ» երկրորդ «ամոթանքի վարպետը»․ «Ամո՛թ քեզ,՛ դու Մաքսիմ Հակոբյանին ճանաչո՞ւմ ես, որ նկարը խփել ես վրադ, վրան էլ խաչ ես քաշել»։ Դե իհարկե այստեղ էլ փոխադարձաբար հնչեցին ամոթանքներ, և Մեծ Այրում համայնքի առողջապահական և բնապահպանական խնդրին վերաբերող ակցիան ավարտվեց։