Ուզում եմ երեխեքիս տամ մանկատուն, բայց…

Ուզում եմ երեխեքիս տամ մանկատուն, բայց…

«Իսկ որտե՞ղ եք բնակվում»․ երբ 38-ամյա Արևիկ Հոռոմիսյանին տալիս էի այս հարցը, սպասում էի, որ կլսեի Հայաստանի գյուղերում տարածված «դոմիկ» բառը, սակայն պարզվում է նույնիսկ այդ հարցում կնոջ բախտը չէր բերել․ «Մի ամիս մեկի տանը, մի ամիս մեկի գարաժը, այդպես։ Հիմա ժամանակավոր ապրում եմ մերոնց տանը, բայց նրանք էլ հնար չունեն էլի, նրանք էլ չեն աշխատում։ Չունեմ բնակավայր, չունեմ հողամաս, ոչ մի բան չունեմ»։



Այդ ամենի փոխարեն Արևիկն ունի 3 անչափահաս երեխա, նա խոստովանեց, որ բազմիցս մտածել է երեխաներին մանկատուն տալու մասին․ «Ուզում եմ երեխեքիս տամ մանկատուն, բայց առանց երեխեքի չեմ դիմանում, հիմա չգիտեմ ինչ անեմ։ Ես էլ ստանում եմ 35 հազար դրամ նպաստ, չգիտեմ այդ նպաստով երեխաներիս դպրոցի հագուստն առնեմ, ուտելիքն առնեմ, թե որտեղ մնում եմ՝ հոսանքի փողը տամ»․ պատմում է Արևիկը։ Նրա աղջիկն ու տղան դպրոցականներ են, իսկ ընտանիքի ամենափոքր երեխան՝ 2 տարեկան աղջիկ։ Ապրում են Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։ Արևիկը չի աշխատում, տան միակ աշխատողը՝ հայրը, այժմ ձերբակալված է։ «Իմ ամուսինը հունձ էր անում, հողագործությամբ էր զբաղվում, ով ինչ ասում էր։ Հիմարություն է արել, գողություն է արել, գնացել է բերդ, ինձ թողել է այս հոգսերով։ Իմ միակ հոգսը… իմ միակ հույսն ամուսինս էր, նա աշխատում էր, գոնե մեզ պահում էր… բայց էլի լինում էր, որ օրերով շաբաթներով հաց չենք ունեցել, երեխաներն էլ սոված են մնացել։ Հիմա ինքն էլ բերդում է՝ նստեց, գլուխը կպահի, ես էլ այսպիսի հոգսերով»։ Ընտանիքի հարազատները պատմում են, որ 45-ամյա Սասուն Թումոյանը գողություն է արել, որ ընտանիքին կարողանա թեկուզ մի փոքրիկ բանով օգնել և այդպես բռնվել է։ Դեպքը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում․ «Ամուսնուս հետ կապ չունեմ, քանի որ դեռ դատը չի եղել, հեռախոսով թույլ չեն տալիս խոսել»։
Արևիկ Հոռոմիսյանն իր ընտանիքի այդ դժվարին օրերի մասին պատմում էր՝ հույս ունենալով, որ մարդիկ միգուցե որևէ փոքրիկ բանով կարող են օգնել իրենց։