Մանկատունը՝ ծայրահեղ տարբերակ

Մանկատունը՝ ծայրահեղ տարբերակ

Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների եւ մի շարք ՀԿ-ների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ մանկատան շրջանավարտների սոցիալական պաշտպանությանը վերաբերող խնդիրների վերհանումն էր, ինչպես նաեւ մանկատների բեռնաթափման վերաբերյալ կառավարության ռազմավարության եւ այն իրականացնելու միջոցառումների արդյունավետության քննարկումը: Քննարկումը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը: Պատգամավորներից ներկա էր նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը:



Հանդիպման ավարտից հետո նախարարության ներկայացուցիչ, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եզրահանգման եկան այս քննարկման արդյունքում, եւ, առհասարակ, կառավարությունն ի՞նչ չի անում, ո՞ր հարցերում է թերանում: «Գիտե՞ք ինչ, նախարարությունը քաղաքականություն է մշակում եւ իրականացնում է կառավարության քաղաքականությունը երեխաների պաշտպանության ոլորտում: Էս պահին, բնական է, որ շատ անելիքներ ունենք, եւ որպեսզի էդ անելիքները կարողանանք իրականացնել, երեխաների պաշտպանության ոլորտում քաղաքականության բարեփոխումների մշակման գործընթաց է էս պահին ընթանում, որի շրջանակներում նախատեսվում է բարեփոխել երեխաների պաշտպանության ամբողջ համակարգը, եւ այն մեծ հաստատությունները, որտեղ երեխաներ են խնամվում, այդ կառույցները վերակազմակերպել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀԿ-ները «վերակազմակերպել» բառից խուսափում են, սակայն իրենք էլ բյուջեն կորցնելուց են խուսափում: Խոսքը կառավարության կողմից մանկատներին ու գիշերօթիկ դպրոցներին հատկացվող բյուջեի մասին է: Նշենք, որ մանկատան մեկ երեխայի օրական խնամքի համար բյուջեից հատկացվում է ավելի քան 7000 դրամ, որը, նախարարության աշխատակցի խոսքով, չի բավարարում, սակայն բարեգործական հիմնադրամները բացը լրացնում են:



Տիկին Հայրապետյանն ասաց, որ իրենք մտադիր են այդ կառույցների մատուցած ծառայության տեսակները փոխել եւ ակնկալում են, որ երեխաները հիմնականում խնամք կստանան ընտանիքներում: Նրա խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրներից մեկը երեխաներին հաստատություններից ընտանիքներ տեղափոխելն է, որտեղ, ըստ նրա, երեխաների իրավունքներն ավելի լավ պաշտպանված կլինեն, եւ նրանք ավելի հեշտ կինտեգրվեն հասարակությանը, եւ մեր մանկատներն էլ կբեռնաթափվեն: Սակայն այդ ընտանիքներում պետության կողմից պետք է անպայման վերահսկվի երեխայի խնամքը:
Այստեղ նա մի խնդիր էլ մատնանշեց, այն, որ բոլոր ընտանիքները, բնականաբար, ցանկանում են առողջ երեխաներ որդեգրել կամ խնամքի տակ վերցնել, մինչդեռ մանկատներում, ըստ նրա, ավելի շատ առողջական խնդիրներ, հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են լինում:



«Մենք էս պահին ունենք 18 երեխա, որոնք խնամատար ընտանիքում են խնամք ստանում, սա վճարովի ծառայություն է, յուրաքանչյուր երեխայի համար ամսական 130 հազար դրամ կառավարությունը տրամադրում է այդ ընտանիքներին»,-ասաց նա: Հայրապետյանը հիշեցրեց, որ այս պահին ՀՀ-ում գործում է 6 պետական մանկատուն, որոնցից երեքը մասնագիտացված են հատուկ կարիքներով երեխաների խնամքի համար: 6 մանկատներում, ընդհանուր հաշվով, բնակվում է 730 երեխա, որոնցից 550-ը գտնվում են այդ երեք մասնագիտացված մանկատներում: Իսկ եթե դրան ավելացնենք նաեւ մասնավոր բարեգործական հաստատությունները, ապա երեխաների թիվը կազմում է մոտ 900:
Էլինար Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկման ընթացքում փորձեցին վեր հանել խնդիրները՝ առայժմ պատասխաններ չակնկալելով, քանզի նախ պետք է հասկանան խնդիրները, ստանան լուծման առաջարկներ, հետո ներկայացնեն նախարարությանը եւ ստանան պատասխաններ: «Այն, որ խնդիրները շատ են, եւ խնդիրներին մենք՝ ինքներս ենք ականատես լինում, դա փաստ է»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը եւս այն կարծիքին է, որ պետք է մանկատները բեռնաթափել եւ այլընտրանքային տարբերակներ գտնել, որպեսզի երեխային մանկատուն տանելը լինի ծայրահեղ տարբերակը: Այդ մասին նշեց նաեւ Լենա Հայրապետյանը:



Հարցին՝ արդյոք մանկատներից դուրս երեխաների իրավունքներն ավելի՞ պաշտպանված կլինեն, Է. Վարդանյանն ասաց, որ եթե ընդհանուր համակարգային առումով նայենք, ապա ոչ միայն երեխաների, այլեւ ՀՀ քաղաքացիների իրավունքները բազմաթիվ կառույցներում եւ բազմաթիվ մակարդակներում խախտված են, միայն մանկատներում չէ, որ նրանց իրավունքները խախտվում են: Ըստ նրա՝ այս հարցում առաջին կարեւոր խնդիրը երեխաների պաշտպանության քաղաքականության մշակումն է. «Մենք ունենք ռազմավարություն, սակայն մի փոքր անհասկանալի է, թե ինչի վրա է հենվում էդ ռազմավարությունը: Քաղաքականության մշակումից հետո է, որ այդ ռազմավարության քայլերը կարող են տեսանելի լինել»:
Մյուս խնդիրները, ըստ նրա, մանկատների բեռնաթափումն է, խնամատար ընտանիքների վրա ուշադրության սեւեռումը, ինչպես նաեւ առհասարակ երեխաներին աջակցության սկզբունքների մշակումը: Էլինար Վարդանյանն ասաց, որ այս խնդիրները վերջնական հստակեցնելուց, առաջարկությունները խմբավորելուց հետո դրանք ամբողջական փաթեթի տեսքով կներկայացնեն նախարարություն եւ համատեղ կփորձեն հասկանալ, թե ինչ քայլեր ձեռնարկեն: Նա չբացառեց, որ հնարավոր է օրենսդրական նախաձեռնություն էլ ծնվի այս խնդիրների լուծման հարցում, օրենքում փոփոխություն արվի, սակայն նախ պետք է հասկանալ, թե ինչ կարող է անել այստեղ խորհրդարանը: