ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը
![ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը](https://hraparak.am/uploads/images/e9fc704a4ae5b9183f56cd4c629f33e7.jpg)
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը, որն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման ծրագրի մասին Հանրապետության Նախագահը խոսել է դեռևս 2012 թվականին՝ Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողության ժամանակ:
«Կարծում եմ, որ Կոմիտասի և մեր բոլոր նահատակների հիշատակը հավերժացնելու ճանապարհներից մեկը կարող է լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց եկեղեցի կառուցելը: Նման եկեղեցի կառուցելու փափագը արտահայտել են բազմաթիվ աշխարհիկ և հոգևոր գործիչներ:
Սրբոց Նահատակաց եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան»,-ասել էր Նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ