Օտարի աչքով

Օտարի աչքով

Յուրաքանչյուր պատվիրակության ժամանմամբ ուրախացող, աշխարհի տարբեր պետություններում հնչող դատապարտումի հայտարարություններից սրտհովանք ապրող հայ հասարակությունը կարծես կորցրած լինի ժամանակի եւ իրականության զգացումն ու վերադարձած լինի 100 տարի ետ՝ մեզ համար ողբերգական, ճակատագրական այն օրերը: Բոլորը շնչակտուր հետեւում են, թե որն է լինելու հաջորդ պետությունը, որի խորհրդարանը կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կհնչեցնի երանելի գնահատականը, կամրագրի, որ 1915-ին հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, եւ այն կատարողը՝ բարբարոս: Կողքից հետեւողին կարող է անգամ տարակուսանք պատճառել այդ անհագ սպասումն ու ակտին հաջորդող բավարարումը, որը համակում է մեզ յուրաքանչյուր անգամ: Կողքից հետեւողները կարող են կարծել, թե մենք ինքներս կասկածում ենք կատարվածին, եւ մեզ շատ է հարկավոր օտարի գնահատականը:



Կողքից դիտողները նաեւ կարող են տարակուսել, թե ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ պաշտամունքային ինչ-որ անհասկանալի վերաբերմունք կա մեր հանրության մեջ, գուցե ազգային ինքնահաստատման ձգտում, այլ ոլորտներում արձանագրած անհաջողությունների դիմաց փոխհատուցում: Բայց ամենակարեւորը՝ օտարին կարող է տարակուսանք պատճառել, թե ինչու են հայերն ուրախանում ԱՄՆ ինչ-որ նահանգի կողմից ցեղասպանության ճանաչման փաստով, եթե վերջնանպատակը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն է: Չէ՞ որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ 100-ամյակի միջոցառումները, դատապարտումների շարքը, աշխարհի տարբեր երկրների կողմից գործադրվող ճնշումները դժվար թե մեզ մոտեցնեն բաղձալի նպատակակետին: Այդ առումով շատ ավելի արդյունավետ կլինեին ուղիղ, երկկողմ շփումները, որոնք մենք «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչեցինք եւ մերժեցինք: