Աշխարհի «հարկադիրները» ևս կիսեցին հայոց մեծ վիշտը

Աշխարհի «հարկադիրները» ևս կիսեցին հայոց մեծ վիշտը

Այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան էին ժամանել նաեւ ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ: Ապրիլի 26-ին նրանք ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաեւ այցելել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաեւ ծառ տնկել պուրակում: Արարողակարգային այդ միջոցառումներից հետո զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:
Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի գործադիր խորհրդի նախագահ Զորան Դուկիչը, օրինակ, ասաց, որ իրենք Հայաստանում են՝ բարեկամ հայերի հետ կիսելու 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վիշտն ու հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:



«Պետք է նշեմ, որ հայերի եւ սերբերի ճակատագիրը նման է, ցավակցում ենք եւ մեր կարեկցանքն ենք հայտնում հայ ժողովրդին այսօր՝ հիշատակելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մենք կցանկանայինք, որ հայ ժողովուրդը երբեք չմոռանար իրենց զոհերին, այնպես, ինչպես սերբ ժողովուրդը չի մոռանում իր զոհերին, որոնք տվել է առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում»,-ասաց պարոն Դուկիչը՝ կոչ անելով նաեւ ողջ միջազգային հանրությանը եւս չմոռանալ այդ ողբերգական եղելությունը:



Նա նաեւ նշեց, որ իրենք ամբողջությամբ ընկալում եւ հասկանում են այն ամենը, ինչ տեղի է ունենում այստեղ, եւ ջատագովներն են Ցեղասպանության ճանաչման, քանզի իրենք գիտեն, թե ինչ է ցեղասպանությունը, իրենց մաշկի վրա զգացել են:
Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերն էլ ասաց, որ իր բոլոր մտքերն այս օրերին կապված են Ցեղասպանության հետ:
«Ես շատ հպարտ եմ, որ Շվեդիայի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով ու հաստատելով այն սարսափելի արարքները, որոնք հանգեցրել են ցեղասպանության: Ինձ համար դրանք էլ ավելի տպավորիչ են, քանզի ես ամբողջ կյանքս ապրել եմ խաղաղ երկրում: Հասակակիցներս երբեք պատերազմ չեն տեսել, հետեւաբար, ինձ համար նույնպես պատերազմը եւ սպանություններն արտասովոր երեւույթներ են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հետքն այնքան մեծ է, որ իրենց համար բավարար է, որպեսզի ամբողջ կյանքում հիշեն, թե ինչ կարող է լինել Ցեղասպանության ժամանակ:



Հարցին՝ ի՞նչ է հարկավոր, որպեսզի Թուրքիան եւս գիտակցի եւ ճանաչի իր իսկ իրականացրած Հայոց ցեղասպանությունը, Եվա Լիեդստրոմ Ադլերն ասաց. «Հարկավոր է նրանց բերել այստեղ, ցույց տալ հուշարձանները, մաս կազմել այս ամբողջ արարողությանը, զգալ դրա ոգին, բայց խոսքը նաեւ քաղաքականության մասին է, իսկ դա, հավանաբար, արդեն իմ պատասխանատվության տակ չէ»:
Անդրադառնալով Հայաստանի հարկադիր կատարման ծառայության հետ իրենց համագործակցությանը՝ տիկին Լիեդստրոմ Ադլերը նշեց, որ բավականին երկար ժամանակ է՝ մոտ հինգ տարի առաջ, որ սկսել են իրենց համագործակցությունը Վրաստանի Հանրապետության հետ, եւ հենց այդ ժամանակ էլ արդեն ծանոթացել են իրենց հայ գործընկերների հետ, ու կարծում է, որ համագործակցության համար այստեղ ամեն ինչ հրաշալի է կազմակերպված:



Հարցին՝ Շվեդիայում հարկադիր կատարման անհրաժեշտություն հաճա՞խ է առաջանում, տիկին Լիեդստրոմ Ադլերն ասաց, որ այս պահի դրությամբ իրենք ունեն 500 հազար պարտապան, հետեւաբար, շատ աշխատանք ունեն անելու:
Դատական կատարողների միության նախագահ Լեո Նետենն էլ, ով առաջին անգամ չէ Հայաստանում, ասաց, որ կարեւոր օր է իր համար, քանզի իրենք եկել են Հայաստան՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը: «Այս միջոցառումներին մասնակցելով՝ մենք ցանկանում ենք մեր խոսքն ասել ամբողջ աշխարհին արդարադատության վերականգնման վերաբերյալ»,-ասաց պարոն Նետենը:



Ինչ վերաբերում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցություններին, ապա այստեղ Լեո Նետենն ասաց, որ Դատական կատարողների միջազգային միությունն ունի 85 անդամ երկիր, Հայաստանը եւս անդամակցում է այդ միությանը, եւ իրենք փորձում են իրենց կողմից համընդհանուր ձայնով ընդունված օրենսդրությունն ու ընթացակարգերն իրականացնել հավասարապես նաեւ Հայաստանում:
Ըստ նրա՝ եթե դատարանները կայացնում են որոշումներ, նույնիսկ եթե դրանք լինեն լավագույն որոշումները, եթե չկա հարկադիր կատարման ծառայություն, ապա այդ որոշումները մնում են թղթի վրա: Նա նաեւ նշեց, որ իրենք ցանկանում են ապահովել լավագույն փորձի փոխանակումը, սկզբում կուտակում են այդ փորձը, այդուհանդերձ, կիսվում են այդ փորձով համապատասխան կառույցների հետ:



«Երեկ այդ լավագույն փորձի օրինակներից մեկը մենք տեսանք, մի ձեռքբերում, որը միայն Հայաստանի Հանրապետությունն է կարողացել ապահովել բոլոր երկրների շրջանում, դա այն է, որ երբ խոսքն ամուսնալուծության գործերի մասին է, դատարանը որոշում է կայացնում՝ հաճախ առանց երեխաների մասին մտածելու, քանզի մտածում է միայն կողմերի մասին, իսկ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է հասնել զարգացման այն աստիճանին, երբ դատական որոշումների շրջանակներում հաշվի են առնվում նաեւ երեխաների առողջությունն ու բարեկեցությունը»,-ընդգծեց պարոն Նետենը: