Սոչիի քաղաքապետը վերադարձրել է անմոռուկով ցուցապաստառները, բայց պահանջել է ջնջել «Հիշում եմ և պահանջում» բառերը

Սոչիի քաղաքապետը վերադարձրել է անմոռուկով ցուցապաստառները, բայց պահանջել է ջնջել «Հիշում եմ և պահանջում» բառերը

Սոչիի հայ երիտասարդներն ի վերջո փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ ունեցան։ Քաղաքապետ Անատոլի Պախոմովը հրահանգեց կրկին վերադարձնել քաղաքի տարբեր վայրերից հանված տեղեկատվական ցուցատախտակները, որոնց վրա անմոռուկ էր պատկերված։ Արդեն գրել ենք, որ հայ երիտասարդները ապրիլի 24-ից առաջ դրանք տարածել էին քաղաքով մեկ, իսկ մի քանի գործարար փակցրել էին իրենց օբյեկտներին, բայց քաղաքային իշխանությունները պոկել էին հուշապաստառները։ Այժմ դրանք կրկին կախվել են նախկին տեղերում, ինչը մեծ հրճվանք է առաջացրել Սոչիի հայ համայնքում։ Մյուս կողմից, քաղաքապետարանը պահանջել է ջնջել ցուցապաստառներից «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը։ Հայ երիտասարդները դեռ վիրավորված են քաղաքապետից այն բանի համար, որ նա հանել է տվել Անդրանիկ Օզանյանի արձանը, որը համայնքի ակտիվիստները տեղադրել էին 2011 թվականին Վոլկոնկա գյուղում։ Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը նրանք զորավարի նկարներով էին եկել։ Սոչիյում մի տհաճ միջադեպ այնուամենայնիվ արձանագրվել է։ Ոստիկանությունը ձեռբակալել է հայ տղաների, որոնք Եղեռնի օրը՝ հայկական եռագույնը մեքենաներին, ազդանշանները միացրած պտտվել են քաղաքով։ «Ռուսաստանի հայերի միության» տեղի բաժանմունքի ներկայացուցիչները փորձում են հարթել միջադեպը, տղաներին իրավական օգնություն ցուցաբերել։ Բայց վաղը նրանց տանելու են դատարան։ Սպասվում է, որ դատարանը տուգանք կնշանակի։