Եթե փող է լինում, համայնքի ղեկավարներն ավտո են առնում

Եթե փող է լինում, համայնքի ղեկավարներն ավտո են առնում

Ինչքան սոցիալական լարվածությունը մեծանում է, այնքան հայաստանյան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են: Մենք ներկայացրել էինք, թե Հայաստանի քաղաքապետերից ով որքան աշխատավարձ է ստանում: Գրել էինք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի աշխատավարձը կազմում է 500 հազար դրամ: Երեկ փորձեցինք իմանալ, թե Կոտայքի մարզի գյուղական համայնքների ղեկավարները որքան են ստանում: Ի զարմանս մեզ, պարզվեց՝ ավելի շատ, քան որոշ քաղաքապետեր: Հարցում անելով տասնյակից ավելի գյուղական համայնքներում՝ պարզեցինք, որ ամենաբարձր աշխատավարձ ստանում են Թեղենիք համայնքի ղեկավար Մարատ Բաղդասարյանը եւ Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանը, որոնց աշխատավարձը 330 հազար դրամ է: Մարատ Բաղդասարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ դա իր «կեղտոտ» աշխատավարձն է: Ստանում է 225 հազար դրամ: Եվ բացատրեց, որ օրենքում հստակ տրված է, որ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հավասարապես բաժանված տոկոսաչափերով: ԱԺ պատգամավորի աշխատավարձը 660 հազար դրամ է, հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է ստանալ 330 հազար դրամ:
Քաղսիի գյուղապետ Սահակ Ալեքսանյանի աշխատավարձը 280 հազար դրամ է, Աղավնաձորինը՝ 260 հազար, Բջնիինը՝ 250 հազար, Մեղրաձորինը՝ 180 հազար, Կապուտանի գյուղապետ Սերոբ Միքայելյանինը՝ 170 հազար, Հատիսինը՝ 109 հազար, Արտավազի գյուղապետի աշխատավարձը՝ 104 հազար դրամ: Ի դեպ, գյուղապետերից ոմանք ծառայողական մեքենա չունեն, ոմանք էլ նշեցին, որ ունեն «Նիվա» մակնիշի ծառայողական մեքենա: Իսկ Արտավազ համայնքի ղեկավար Ռոմ Հովհաննիսյանի ծառայողական մեքենան «Toyota» է, որը գնել էր 3 տարի առաջ եւ արժե 7 մլն դրամ: Այն հարցին, թե ինչ միջոցներով է գնել մեքենան, մեկ րոպե լռելուց հետո պատասխանեց. «Համայնքի ֆոնդային փողով, քուրիկ ջան, որ ֆոնդում փող ա լինում, համայնքի ղեկավարներն իրենց համար ավտո են առնում»:



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ