Բիբինն ո՞վ դառավ, է...

Բիբինն ո՞վ դառավ, է...

Այս թեժ օրերին, երբ Հայաստանում մարդ չկա, որ Բիբինին չհայհոյի, վերջինիս հանդեպ իրենց, այսպես ասենք, հակակրանքը չեն կարողանում թաքցնել նաև իշխանավորները, ովքեր ԱԺ լսումներից առաջ հայտարարում էին մեկ բան, իսկ այդ լսումներից հետո, որոնց Բիբինը արհամարհանքով չմասնակցեց, բոլորովին այլ բան: Մասնավորապես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը այնքան էր բարկացել Բիբինի անպատասխանատու վարքագծից, որ լրատվամիջոցներից մեկին ասել էր. «Բիբինը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս: Բիբինին ինչի՞ պետք է պաշտպանեմ»: Կարելի է մտածել, որ մինչև ԱԺ լսումները Բիբինը Այվազյանի բարեկամն էր: Ինչևէ: 



Ամեն ինչ հրաշալի է: Ահա և փաստ, որ հայ պաշտոնյաները կարողանում են «դուխով» խոսել Մոսկվայի ներկայացուցչի հետ: Ճիշտ է, հեռվից հեռու, բայց կարողանում են, և դա պետք է գնահատել:



Ես ուզում եմ ձեզ նմանատիպ մի պատմություն անել այն մասին, թե ինչպես էր դավաճանված ամուսինը պայքարում կնոջ սիրեկանի դեմ և ինչպիսի հաջողություններ էր արձանագրում: Ոչ ոք թող չնեղանա և իր վրա ոչինչ չվերցնի: Նախապես եմ ասում՝ «զիլ» պատմություն է: Միայն մի փոքրիկ հուշում՝ կնոջ դերում մեր բազմաչարչար հայ ժողովուրդն է:



Եվ ուրեմն...



Մի անգամ ամուսինը տուն է գալիս ու կնոջը բռնացնում ննջարանում՝ մի օտար տղամարդու հետ: Բնական, է, ձայնը գլուխն է գցում՝ գնամ խոհանոցից դանակը բերեմ, այսպես ու այսպես...



Օտար տղամարդը, որ մի աժդահ էր, վեր է կենում անկողնուց ու ողջ հասակով կանգնում այդ կնոջ խեղճուկրակ ամուսնու գլխավերևում: Չափում է սրան իր ահարկու հայացքով, ապա վզից բռնած տանում միջանցք, կանգնեցնում կլոր գորգի վրա ու կարգադրում. «Եթե ոտքդ այս գորգի շրջանից դուրս ես դրել՝ վիզդ կպոկեմ»: Ասում է ու գնում ննջարան՝ զվարճությունը շարունակելու:



Առավոտվա կողմ աժդահան պատրաստվում է հեռանալ և, տեսնելով տանտիրոջը գորգի կենտրոնում կանգնած, աչքով է անում՝ այ ապրես, շատ հասկացող ես:



Սրա հեռանալուց հետո, ամուսինը իրեն գցում է ննջարան, ընկնում կնոջ գիրկն ու հուզված պատմում իր քաջագործությունների մասին, թե ինչպես է գիշերը մի տասը անգամ ոտքը դուրս դրել գորգի եզրից ու հետ քաշել:



«Իմ հերոս, նա ո՞վ էր, որ դու նրանից վախենայիր»,- ամուսնուն քաջալերում է կինը:



Ես վերջացրեցի:



Երկնքից երեք խնձոր չընկավ: Ընդամենը մեկն ընկավ՝ 6,93 դրամանոց, այն էլ Բիբինի բուռը: