Նելլիկ Հարությունյանը դատախազությունից գնում է քննչական

Նելլիկ Հարությունյանը դատախազությունից գնում է քննչական

Գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի նախկին պետ Նելլիկ Հարությունյանն աշխատանքի կանցնի Քննչական կոմիտեում: Մեր տեղեկություններով, նա հունիսի 26-ին կմասնակցի ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող մրցույթին եւ, ամենայն հավանականությամբ, պաշտոն կստանա Աղվան Հովսեփյանի գլխավորած ՔԿ-ում: Մեզ հասած տեղեկություններով, դատախազությունում աշխատանքից ազատվելուց հետո Նելլիկ Հարությունյանը շատ անտրամադիր է եղել, հույս է ունեցել, որ երկարամյա աշխատանքը համակարգում կգնահատվի ըստ արժանվույն, եւ մի լավ տեղ աշխատանքի առաջարկ կստանա, սակայն նոր աշխատանքի առաջարկ այդպես էլ չի եղել: Իսկ նրա՝ Քննչական կոմիտեում աշխատանքի անցնելու մասին դեռեւս տեղեկություններ կային ՔԿ-ի ստեղծման օրվանից, երբ սկսվել էր մեծ արտագաղթ դատախազությունից ՔԿ: Հիշեցնենք, որ Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին: Առաջին անգամ ընդգրկվել էր մրցույթում հաղթած անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ցուցակը՝ տալով բացասական եզրակացություն: Ասում են՝ պատճառը հենց Նելլիկ Հարությունյանն է եղել, ով չի բավարարել «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Առաջին մրցույթի ժամանակ Նելլիկ Հարությունյանի պատասխանները թույլ էին, միավորները՝ ցածր, բայց նա ընդգրկվել էր ցուցակում՝ գենդերային հավասարությունն ապահովելու համար: Հայաստանից ներկայացված ցուցակը մերժվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու պետք է գենդերային ֆոնի վրա բարձր միավորներ հավաքած տղամարդ թեկնածուն իր տեղը զիջի կնոջը: Սակայն դատախազության բաժնի պետը երկրորդ անգամ եւս մասնակցեց ՄԻԵԴ հայաստանյան մրցույթին, այս անգամ չընդգրկվեց ցուցակում՝ տեղը զիջելով վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Կոստանյանը չներեց դատախազությանը «խայտառակած» Նելլիկ Հարությունյանին եւ որոշ ժամանակ անց նրան ազատեց աշխատանքից: