«Մոսկվա» կինոթատրոնի ետնամասը նոր տե՞ր է ունենալու

«Մոսկվա» կինոթատրոնի ետնամասը նոր տե՞ր է ունենալու

«Մոսկվա» կինոթատրոնի ետնամասում՝ «Ինեկոբանկի» հարեւանությամբ գտնվող տարածքը, որը ժամանակին գտնվում էր Նկարիչների միության հաշվեկշռում, ժամանակ առ ժամանակ գայթակղում է մեծահարուստներին։ 2011-ի նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանում քննարկվում էր Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագիծը, ըստ որի՝ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի եւ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ պետք է 50 հարկանի բիզնես-կենտրոն կառուցվեր՝ Persia tower։ Նախագիծն իրականացնելու էին իրանցիները, սակայն ակտիվիստների պայքարից հետո այս ծրագիրը կանգնեցվեց։ Շինարարություն այստեղ չիրականացվեց, բայց տարածքը, այդուամենայնիվ, պարսպապատվել է ու այդպես էլ մնացել նույն վիճակում: Այժմ այդտեղ շքեղ մեքենաներ են լվանում: Վերջերս լուրեր են տարածվել, թե այս տարածքն ուզում է ձեռք բերել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Դրանց հիմքն այն է, որ տարածքի բնակիչներից ոմանք նկատել են, որ նախկին քաղաքապետը հաճախակի այդտեղ է այցելում, պտտվում է տարածքում, մանրազնին աչքի անցկացնում շրջակայքը եւ հեռանում: «Սուտ տեղեկություններ են,- ասաց Գագիկ Բեգլարյանը,- ես նման մտադրություն չունեմ»։ Նա խնդրեց անջատել ձայնագրիչը եւ ասաց․ «Շատ վատ մեխանիզմ է գործում։ Հիմա ես ասում եմ, որ դրանք սուտ լուրեր են, բայց դուք գրելու եք՝ միեւնույն է։ Կարդացողների 50 տոկոսը կհասկանան, մի 50 տոկոսն էլ կհավատան էդ սուտ լուրերին»։ Նախկին քաղաքապետը լավ հիշում էր «Մոսկվա» կինոթատրոնի հետնամասում երկնաքեր կառուցելու նախագիծը, որին ինքը դեմ է եղել։ «Հարկայնության խնդիր կար։ Լավագույն դեպքում 10-13 հարկանի շենքը կնայվի այդտեղ, բայց այդ տարածքը դատարկ է մնացել, եւ վատ չէր լինի, եթե այդտեղ մի գեղեցիկ շինություն կառուցվեր»,- ասաց Բեգլարյանը։