Ասենք թե պլաններ ունենք, հետո՞

Ասենք թե պլաններ ունենք, հետո՞

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հավակնոտ նկրտումների, կուսակցություն ու քաղաքական բլոկ հիմնելու ու առաջիկա պառլամենտում մեծամասնություն ունենալու ախորժակի մասին քննարկումները հակասական են։ Քաղաքական կուլիսներում սկսել են հաշվարկել Արա Արշավիրովիչի շանսերը, իսկ այն շրջանակներոը, որոնք Աբրահամյանի պլաններով պետք է ընդգրկվեն իր ծրագրում, համառորեն հերքում են լուրերը։ «Արա Աբրահամյանի ծրագրերը պետք է ճշտեք Արա Աբրահամյանից, ինչ վերաբերում է ՀԺԿ-ի մասով, ապա դա սուտ է»։



Չի բացառվում, որ ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանին հանդիպած Արա Արշավիրովիչն իրականում ընկրկել է Սերժ Սարգսյանի նախատինքներից հետո։ Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ ստեղծելիք նոր կուսակցությունը նա կառուցելու է Արամ Գասպարի Սարգսյանի Դեմկուսի վրա, որին միանալու են նաեւ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ու էլի որոշ կուսակցություններ: «Չհասկացա, հիմա ես ողջ օրը պետք է նստեմ ինչ-որ մեկի հորինածները հերքե՞մ, դուք որտեղից եք նման բան իմացել, որեւէ պաշտոնական կողմ հայտարարե՞լ է այդ մասին» Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի խիստ վրդովմունքը չափ ու սահման չուներ, նա իբր իրեն կոտորում էր, բայց տրտնջաց․ «Երկրի խնդիրները թողել ընկել ենք , թե ինչ կլինի, ոնց կլինի»։



Ուզում եք ասել, որ ոչ մի պլան էլ չկա եւ Արա Աբրահամյանը, որի հետ դուք մտերիմ եք, նման ծրագրեր չունի եւ ՀԴԿ-ն էլ առաջիկայում չի ներգրավվի այդ պրոցեսներին։
«Եթե չկա որեւէ մի պաշտոնական հայտարարություն, որեւէ մի գործողություն այդ մասին, մարդը մի օրով եկել է իր քրոջ տղայի հարսանիքին, մյուս օրը մեկնել Փարիզ, դուք ինչ որ ծրագրեր եք տեսել»։ Հարցապնդումները շարունակեցինք, Արամ Գասպարյանը շարունակեց անդրդվելի մնալ․«Ասենք թե պլաններ ունենք, հետո՞, հարցրեք իրեն»։ Իսկ Ձեզ հետ չի կիսվե՞լ․ «Արա Աբրահամյանի ողջ գործունեությունը կապված է Հայաստանի հետ, նա Ռուսաստանի հայերի միության նախագահն է, այս տարիների իր գործունեությունը վերցրեք շարադրեք՝ ինչ է արել, ինչ ծրագրեր է իրականացրել, ինչքան բարեգործություն է արել, ինչ ծրագրեր է իրականացրել, կիսագրագետ թատերագետ ա, ես ինչ գիտեմ ինչ ա․ կարող է մեկն իրավունք ունենա գրել, դուք էլ տարածեք, էս ամեն ինչը ախր լուրջ չի էլի»։



Արամ Սարգսյանն ասաց, որ Արա Աբհարամյանը կարող է նման ծրագրեր ունենալ, բայց ինքը տեղյակ չէ․«Էդ ինչ մի մեծ գաղտնիք ա, որ ընկել ենք իրար հետեւից, կգա, կհարցնեք իրեն։ Իսկ ինձ, էլի եմ ասում, էդպիսի առաջարկ չկա»։ Բայց կարող է Արա Աբրահամյանը նման հավակնոտ պլաններ ունենալ, քանի որ նա մշտական բնակություն չունի Հայաստանում եւ ՌԴ քաղաքացի է․ «Դուք հիմա ձեր մատից հանած բանը որոշել եք, որ այդպես է ու եզրակացություններ եք անում, քննարկում՝ իրավունք ունի, թե չունի»: