Աշոտ Աղաբաբյանի եկամուտները

Աշոտ Աղաբաբյանի եկամուտները

Հարկայինի հետ խնդիրների պատճառով սնանկացման եզրին գտնվող ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն այս տարվա փետրվարին ներկայացրել է 2014 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Ըստ դրա՝ Աղաբաբյանը դեռ խոշոր օլիգարխ է, մեծահարուստ բիզնեսմեն։ ԱԺ նախագահի աներորդի Աղաբաբյանը 2014-ի հարկային տարվա սկզբում 200 միլիոն ՀՀ դրամ է հայտարարագրել՝ որպես դրամական միջոց, իսկ հարկային տարվա վերջում՝ 10 անգամ պակաս, 20 միլիոն։ Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 169 մլն եւ 51 մլն 300 հազար դրամ՝ երկուսն էլ որպես շահաբաժին, մոտ 4 մլն 500 հազար դրամ էլ՝ աշխատանքի վարձատրություն։ Ընդամենը՝ շուրջ 225 մլն դրամ։ 2014-ի նրա տարեկան հայտարարագրում, սակայն, չկան տվյալներ նրա շարժական եւ անշարժ գույքի, արժեթղթերի, փոխառությունների եւ ներդրումների վերաբերյալ։ 2012 թվականի մարտին Աղաբաբյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 բնակարան Երեւանում, 1 բնակելի տուն, 1 վարչական շենք եւ 1 հյուրանոց Շիրակի մարզում։ Իսկ շարժական գույք՝ 3 թանկարժեք ավտոմեքենա. Toyota Sequoia ամենագնաց, Mercedes S-500 սեդան եւ Porsche Cayenne սպորտային արտաճանապարհային։ Աղաբաբյանը հիմնականում հենց այս վերջին ավտոմեքենայով՝ Porsche-ով է երթեւեկում, որն էլ ԱԺ-ից հատկացված պատգամավորական համարանիշով է։ Նշենք նաեւ, որ Աղաբաբյանը «Հրազդան» առեւտրի կենտրոնի սեփականատերն է եւ այնտեղ ունի 100% շահաբաժին։ Հենց այս առեւտրի կենտրոնում է, որ հարկային մարմիններն ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերել եւ տուգանել 60 մլն դրամի չափով։ Պատգամավորը, սակայն, անհիմն է համարել այդ տուգանքն ու դատի է տվել հարկայինին։ Վերջերս նա բավականին նեղսրտած խոստովանել էր, որ իրեն սնանկացման են տանում, գործերը լավ չեն, եւ հարազատ կուսակցությունից էլ, կարծես, աջակցություն չկա։ Եթե այսպես շարունակվի, ՀՀԿ-ական գործարար պատգամավորի 2015 թ․ հայտարարագրած դրամական միջոցներն ու եկամուտներն էապես նվազած կլինեն։