Բաղրամյան պողոտա, օր յոթերորդ | լուսանկարներ

Բաղրամյան պողոտա, օր յոթերորդ | լուսանկարներ

01:30 Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Վաղինակ Շուշանյանը, ով տեղեկացրեց, որ առանձնազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: «Նրան աղաչեցի, որ զորքը հետ քաշի: Եվ հիմա էլ մարդկանց կոչ եմ անում՝ Բաղրամյան պողոտայից գալ Ազատության հրապարակ և այստեղ շարունակել պայքարը»,- ասաց նա:



Ելույթից քիչ անց վատացավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը: Հավաքվածները փորձեցին օգնություն ցուցաբերել: Ընկերները Վաղինակին հորդորեցին չխոսել:



Մեր թղթակիցը տեղեկացնում է նաև, որ Ազատության հրապարակից բերման են ենթարկել Արամ Հակոբյանին, ով հանդես է եկել զինված հարձակում գործելու կոչերով:



00:28 Բաղրամյան պողոտայում կանգնել են մարդիկ, ովքեր ուզում են այլ բան. այս մասին հայտարարեց «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից Գևորգ Գորգիսյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում։



«Ես լսեմ եմ քաղաքացու կողմից հայտարարություն, որ ոստիկանն ինձ ծեծել է, ես պետք է իր գլուխը ջարդեմ։ Վտանգավոր է, այնտեղի ժողովրդին կոչ եմ անում, եթե չեք գալիս Ազատության հրապարակ, մնում եք Բաղրամյանում, ծայրահեղ զգույշ եղեք, սադրանքների մի գնացեք»,– հայտարարել է Գևորգ Գորգիսյանը:։



Ըստ նրա Բաղրամյան պողոտայում կան մարդիկ, ում համար ժողովրդի կյանքը ոչինչ է, իրենք «ուզում են ինչ–որ տեղեր աչոկներ հավաքել»։



««Ոչ թալանին» նախաձեռնության տղաները չեն կարող իրենց ուսերի վրա կրել այն, ինչ այսօր կարող է տեղի ունենալ»,– հայտարարել է ակտիվիստը։



Մեր թղթակիցը փոխանցում է, որ Ազատության հրապարակում է նաև Բագրատ սրբազանը, ով նույնպես հորդորում էր շարժվել ճիշտ ճանապարհով:



«Ես նկատել եմ, որ Բաղրամյան պողոտայում նաև այլ պայքար է ընթանում: Կոչ եմ անում՝ սթափվել և հիշել՝ ինչի համար են այնտեղ եկել»,- ասաց հոգևորականը:



Նա նշեց նաև, որ ինքը և այլ հոգևորականներ այստեղ են՝ իրավիճակը սեփական աչքերով տեսնելու և հավատացյալների շրջանում խաղաղություն հաստատելու համար:



00:10 Քիչ առաջ մեր լրագրողը բարիկադների ներքևում, ցուցարարների մեջ, նկատել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ակցիայի մի խումբ մասնակիցների հետ զրուցելիս:



Մեր լրագրողի հարցին՝ չի՞ ցանկանում, արդյոք նա բարձրանալ վերև և կանգնել կենդանի պատում, ինչպես վարվել են իր մի շարք գործընկերներ, Զուրաբյանը բավականին հետաքրքիր պատասխան է տվել.  «Իսկ ինչո՞ւ բարձրանամ այնտեղ՝ բարիկադներից այն կողմ, երբ ժողովուրդը բարիկադների այս կողմում է»:



23:40 քիչ առաջ Բաղրամյան պողոտա էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով, սակայն, չի ցանկացել շփվել լրագրողների հետ և արագ հեռացել է:



«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներն այս պահին հայտարարում են, որ պետք է պահպանել հանդարտությունը, ինչով աչքի է ընկել այս շարժումը և մինչ օրս շարունակում է պայքարը: Կրկին առաջարկ է հնչեցվել, որ պետք է գնալ Ազաության հրապարակ և այնտեղ շարունակել հետագա գործողությունների քննարկումը:



23.10 Զգուշացնում եմ, որ համակեցության կանոնները չխախտեն. այս մասին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե պատրաստվո՞ւմ է ոստիկանությունը գործողությունների դիմել։



Այնուհետև փոխոստիկանապետը մոտեցավ պատգամավորներից Խաչատուր Քոքոբելյանին և առաջարկեց բարձրախոսով դիմել ցուցարարներին և հորդորել չաղմկել ու չխախտել համակեցության կանոնները:



Ի պատասխան Օսիպյանի առաջարկի՝ Քոքոբելյանը ասաց, որ դրա կարիքը չկա և որ ակցիան ունի ղեկավարներ, որոնց գործերին իրենք չեն միջամտում:



Վալերի Օսիպյանը պնդեց, որ ցուցարարներն այս պահին օրենք են խախտում, ինչին պատգամավորը հակադարձեց, որ կարելի է նաև աչք փակել որոշ բաների վրա: Փոխոստիկանապետը սակայն, ասաց, որ իրենք չեն կարող աչք փակել օրենքի խախտման դեպքերում:



Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ հիմա համեմատաբար խաղաղ է, իսկ երբ սադրանքներ են նկատում, իրենք անմիջապես կանխում են դրանք:



Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, Բաղրամյան պողոտայում զգալիորեն հանգիստ է և մարդկանց՝ քիչ առաջ ծայր աստիճան լարված նյարդերը նկատելիորեն թուլացել են:



23:00 Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան գրառում է արել։ 



22:55 Բաղրամյան պողոտայում հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանը քիչ առաջ կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի գնալ Ազատության պողոտա և միանալ այնտեղ գտնվող ցուցարարներին՝ քննարկելու հետագա քայլերը:



Չնայած այս առաջարկներին ցուցարարների բազմությունը շարունակում է մնալ տեղում:



Մեր լրագրողի հետ զրույցում պատգամավոր Միքայել Մելքումյանը տեսակետ է հայտնել, որ մինչև լուսաբաց ոստիկանությունը կտրուկ քայլերի չի դիմի: «Ինչ լինելու է կլինի լուսաբացին»,- ասել է պատգամավորը:



22:15 Լարվածությունը Բաղրամյան պողոտայում աճում է: Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է կենդանի պատին և այնտեղ կանգնածներին հայտնել, որ ակցիայի մասնակիցների մեջ պայթուցիկներով մարդիկ կան՝ առաջարկելով գնալ ցուցարարների մեջ, հայտնաբերել և չեղոքացնել այդ մարդկանց:



ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հայտարարել է, որ դա ոստիկանության գործառույթն և ոչ թե պատգամավորների ու մյուս գործիչների, ովքեր այս պահին կենդանի պատ են կազմել:



22:08 Բաղրամյան պողոտայում կտրուկ վատացել է ցուցարարներից մեկի (երիտասարդ տղա) ինքնազգացողությունը; Ընկերները օգնել են նրան նստել պատին: Նա դողում է ողջ մարմնով: Հավանաբար՝ քաղցն է պատճառը: Շտապ օգնություն չեն կանչել: Երիտասարդը մի կերպ արտաբերել է, որ անկախ ամեն ինչից՝ ինքը մնալու է այստեղ և պայքարելու է մինչև վերջ: 



21:55 Լարված և անորոշ իրավիճակ է տիրում ոստիկանության և ցուցարարների «շփման գծում», որ նախապես զբաղեցրել էին կենդանի պատի մասնակիցներն ու լրագրողները: Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, այդ բուֆերային գոտում են հայտնվել բոլորովին պատահական մարդիկ:



Դերասան Հովհաննես Ազոյանը նրանց կոչ է արել դուրս գալ այդ տարածքից և խառնաշփոթ չստեղծել:



Ըստ երևույթին շուտով կհետևի ոստիկանության երրորդ նախազգուշացումը՝ բացել Բաղրամյան պողոտան:



Ցուղարարների շրջանում նույնպես անորոշ վիճակ է, ոչ ոք իր վրա չի վերցնում ցույցի կազմակերպչական ընթացքը:



21:45 Բաղրամյան պողոտայում ցուցարարների շրջանում պառակտման ակնհայտ նշաններ են երևում: «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները կոչ ենում գնալ Ազատության հրապարակ և քննարկել հետագա անելիքը: Մաքսիմ Սարգսյանը մտավախություն հայտնեց, որ բաղրամյան պողոտայում արդեն պայքարի պահանջը փոխվում է, «Լևոն՝ նախագահ» վանկարկում, այնինչ մենք հավաքվել ենք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու համար:



Որոշ լուրերի համաձայն՝ ոստիկանությունը կրկին փորձում է փակել Բաղրամյան պողոտա բերող ճանապարհները:



21:28 Երևանի կենտրոնում իրավիճակը չի լիցքաթափվում: Քաղաքացիներին թույլ չեն տալիս Ֆրանսիայի հրապարակի կողմից մտնել Բաղրամյան պողոտա: Չնայած ոստիկանության ջանքերին՝ քաղաքացիների թիվը Բաղրամյան պողոտայում ավելանում է:



Պողոտան ազատելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տված ժամանկը, (30 րոպե) լրանում է:



Հենց նոր մեր թղթակիցները տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի հրապարակի կողմից ոստիկանական արգելքը հանել են, և քաղաքացիները անարգել գալիս են Բաղրամյան պողոտա: Այդ լուրը ոգևորել է Բաղրամյան պողոտայում կանգնած մարդկանց, ովքեր աղմուկով ու սուլոցներով են արձագանքել: Ի պատասխան՝ ոստիկանությունը սկսել է մահակներով թմբկահարել վահանները:



21:20 Քիչ առաջ ոստիկանությունը երրորդ անգամ է մոտեցել ցուցարարներին՝ հորդորելու ազատել բաղրամյան պողոտան: Սակայն ոստիկաններից ոչ ոք չդիմեց ժողովրդին և այդպիսի հանձնառություն ստանձնեց տեղում գտնվող քահանան, ով ոստիկանության ավտոմեքենայի բարձրախոսով դիմեց ժողովրդին: Նա իր խոսքը սկսեց կոչով՝ աղոթել միասին և բոլորի համար կարդաց «հայր մեր»-ը;



Այնուհետև տեր հայրը դիմեց ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով պահպանել հանդարտություն, լինել զգոն և ազնիվ քրիստոնյա: «Համբերություն բոլորիս.,- իր խոսքն ավարտեց հգևորականը:



20:00 Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը։ Ցուցարարները Բաղրամյան պողոտա են գալիս հարակից փողոցներից։



Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, ԱԺ պատգամավոր Նիկոլ փաշինյանը նշել էր, ր ինչ-որ բան է փոխվել և ոստիկանները պետք է բացատրեն՝ ինչն է փոխվել, որ այժմ իրենք մտադիր են գործողությունների դիմել:



Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին փորձում էր օրենքով ապացուցել, որ ոստիկանությունն իրավունք չունի ցրել քաղաքացիների խաղաղ ցույցը: Սակայն Օսիպյանն, ինչպես միշտ, այս անգամ էլ հղում էր կատարում այն օրենքներին, որոնցով ոստիկանությանը վերապահված է ապահովել հասարակական կարգը:



Նշենք, որ այսօր կենդանի պատը ավելի քան պատկառելի է դարձել: Այստեղ են պատգամավորներ, քաղաքական և արվեստի գործիչներ, լրագրողներ, մեկնաբաններ, քաղաքագետներ, ազատամարտիկներ, ովքեր պատրաստակամ են ամեն ինչ անել՝ բախումներ թույլ չտալու համար:



19:30 Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցի մասնակիցները հայտարարություն են տարածել, որը ամբիոնից ընթերցել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։



Ըստ նախաձեռնության, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, իշխանությունների եւ հասարակության միջեւ վստահության բացակայությունը, սույն թվականի հունիսի 17-ին ՀԾԿՀ-ն կայացրել է ապօրինի որոշում, որի համաձայն առանց որոակի տնտեսական հիմքերի բարձրացվել է էլեկտրաէներգիայի սակագինը։



Հունիսի 19-ին Ազատության հրապարակում եւ մի շարք քաղաքներում սկսվեցին ինքնաբուխ ակցիաներ։ Այդ հավաքից հետո ցույցի մասնակիցների կողմից որոշվեց անցկացնել խաղաղ նստացույց՝ ժամանակ տալով իշխանություններին՝ չեղյալ հայտարարել որոշումը։



«Չստանալով երկրի իշխանությունների կողմից որեւէ արձագանք, հունիսի 22-ին ցուցարարները ինքնակազմակերպվեցին եւ երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա։



ՍԴ մոտակայքում հանդիպելով ոստիկանական պատնեշի՝ ցուցարարները հայտարարեցին ախղաղ նստացույց հենց պողոտայում։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը իրականացրեց անհամաչափ բռնի ուժ՝ հատուկ միջոցների կիրառմամբ։ Խաղաղ ցուցարարները հետապնդվեցին եւ բերման ենթարկվեցին։ Բռնությունը քննադատվեց միջազգային բարձր աստիճաններում։



«Ոչ թալանին» նախաձեռնությունը ավելացրեց եւս մեկ պահանջ՝ հետաքննել եւ պատժել գործողություններին մասնակցած ոստիկանական խմբերին։



Հունիսի 27-ին տարածվեց հայտարարություն։ Վստահության բացակայության պատճառով մինչ այս պահը նստացույցը շարունակվում է։



Շարժումը դատապարտում է բոլոր տեսակի քաղաքական եւ ծայրահեղական մոտեցումները։ Քննարկելով բոլոր առաջարկները՝ նախաձեռնությունը հավատարիմ է մնում։ Առաջարկում է անցկացնել հանրային քննարկում։ Որոշողը կլինենք բոլորս, եւ շարժումը կմիանա ժողովրդի որոշմանը»,- նշեց Շուշանյանը՝ առաջարկելով տեղում քննարկել եւ 40 րոպեից հայտնել ժողովրդի որոշումը։