Մարդիկ, որոնք 15 տարի առաջ մի դրոշի տակ էին պայքարում, 15 դրոշ են փոխել

Մարդիկ, որոնք 15 տարի առաջ մի դրոշի տակ էին պայքարում, 15 դրոշ են փոխել

Երեկ Ազատության հրապարակը կիսադատարկ էր, հանրային քննարկումը չկայացավ։ Ազատության հրապարակում սակավաթիվ քաղաքացիներ էին, որոնք եկել էին մասնակցելու քննարկմանը։ Մարդկանց մեջ նկատեցինք ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով Ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի անդամ է։ «Հայերին լավ եմ ճանաչում, մեր ժողովուրդը լակմուսի պես բնավորության գիծ ունի, միշտ էլ ծայրահեղ վիճակներում կարողանում են հավաքվել։ Հիմա ուղղակի այս մարդկանց քիչ լինելն ավելի շատ ներքին կազմակերպչական հարցերի հետ է կապված, քան ժողովրդի։ Որովհետեւ ժողովուրդն ինքն ուրիշ ձեւաչափի մեջ է այս ամբողջը պատկերացնում։ Երբ առաջին օրերին կոնկրետ անելիքը կար, տեսաք, թե ինչ էր կատարվում, հիմա կոնկրետ անելիքի մասին ոչ ոք չի խոսում»։



Բաղրամյան պողոտայում ներկա էին նաեւ Ազատամարտիկների դաշինքի անդամներ, բայց այդպես էլ այս շարժումը սատարելու մասին որեւէ հայտարարություն չեղավ․ «Մենք սկզբունքորեն քաղաքական ուղղվածություն չունենք։ Մենք միշտ ասել ենք, որ մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդն է հավաքված։ Մենք որպես պաշտպան գալիս էինք այդ օրերին։ Մենք հերթապահություն ունեինք նշանակված, օրական 50 հոգի մեր Ազատամարտիկների դաշինքից գալիս էին։ Ճիշտ է, ասենք շրջանների մեր ընկերներին ասել ենք, որ անհրաժեշտությունը չկա գալու, բայց կոնկրետ այստեղ՝ քաղաքամերձ գոտում, քաղաքում ապրող մեր ազատամարտիկ ընկերները, հրամանատարներով գալիս էին»։



Մարտ ամսին ձեր հավաքների ժամանակ հայտարարում էիք, թե Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո կսկսեք գործել որեւէ քաղաքական ուժի հետ։ Ի՞նչ եղավ․ «Մենք, նորից եմ ասում, Ազատամարտիկների դաշինքը, որպես այդպիսին, որեւէ քաղաքական ուղղվածություն չունի։ Մենք որեւէ քաղաքական ուժի չենք ուզում միանալ, բայց ճիշտ եք ասում, մենք հայտարարել ենք, որ այն քաղաքական ուժը կամ այն անհատը, նախաձեռնողները, ազգային գործիչները, որոնք իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն այս խնդիրները՝ հայ ժողովրդի առջեւ ծառացած, կարգավորելու, լուծելու, մենք պատրաստ ենք իրենց կողքին կանգնելու, զորավիգ լինելու մեր ուժերով»։ Դեռ չկա՞ այդ քաղաքական ուժը․ «Իհարկե կա, մենք հիմա այդ խմորումներին ուշադիր հետեւում ենք։ Մենք, իհարկե, ճանաչում ենք եւ Մկրտչյան Արմենին, իրենց թիմով՝ «Հայազնի», որի հետ սերտ հարաբերությունների մեջ ենք, իմ կարծիքով, դա նաեւ իմ ընկերների մեծամասնությունը կիսում է, սա անձնական կարծիք է արդեն, ես իրենց հետ համագործակցում եմ, եւ նաեւ մեր մարտական ընկերներն են համագործակցում»։



Ճի՞շտ հասկացա, որ Ազատամարտիկների դաշինքը միանում է «Հայազնին»․ «Ոչ, միայն «Հայազնին» չէ, մենք այսօր, որպես ուժ, միավորված ենք մեզ համարում հայ երիտասարդությանը, այն երիտասարդությանը, որը վերջին 15 օրում ամբողջ աշխարհը ցնցեց։ Հայ երիտասարդը մի անգամ էլ ապացուցեց, որ իրոք մեր նախնիների արժանի ժառանգորդն է, կարողացավ իր ասելիքն ասել։ Քաղաքական ուժերին, կուսակցություններին կամ, ասենք, անհատների չէր հաջողվել վերջին տարիների ընթացքում անել, առանց ինչ-որ կաշառք բաժանելու, առանց ինչ-որ դիվիդենտների բերել-հավաքել։ Ժողովուրդն ինքնաբուխ եկավ-հավաքվեց, որովհետեւ տեսավ երիտասարդների խումբը, անկեղծ, հստակ պահանջ է դրել, ու բոլորին են վերաբերում այդ պահանջները։ Մենք արդեն 50-ն անց, նոր ինչ-որ բաներ վերցնելու՝ կամ պատգամավոր, կամ իշխանություն վերցնելու խնդիր չունենք, ինչ որ անում ենք, իրենց համար ենք անում»։ Իսկ ի՞նչ կասեք նորաստեղծ կուսակցությունների մասին, օրինակ, Դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է․ «Թող ինձ ներող լինեն, բայց ես այնտեղ որեւէ լուրջ բան չեմ տեսնում։ Մեծամտություն չլինի ասածս, որովհետեւ այդ նույն խմորումներն արդեն 15 տարի տեսնում ենք, ու ժողովուրդն էլ է տեսնում։ Կարող է կոպիտ հնչել, բայց ես որեւէ լուրջ բան չեմ տեսնում։ Որովհետեւ այն նույն մարդիկ, որոնք 15 տարի առաջ մի դրոշի տակ էին պայքարում, այդ ընթացքում 15 դրոշ են փոխել, եթե ոչ տարին մեկ, ապա 2 տարին մեկ դրոշ են փոխել ու անընդհատ փորձում են իրենց հետեւից ժողովուրդ տանել։ Այդ քաղաքական գործիչների, նոր խմորումների ճնշող մեծամասնությունը ժողովրդի մոտ արդեն վստահություն չեն ներշնչում, ժողովուրդը հոգնել է այդ կուսակցական խաղերից, ինքն զգում է, թե ով իրենից ինչ է ներկայացնում»։



Սոցիալական պայքար էր կարծես, բայց հնչում էին նաեւ իշխանափոխության կոչեր, մի քանի ամիս առաջ Ազատամարտիկների դաշինքը նույնպես նման հայտարարություններ էր անում․ «Մենք ինչքան էլ ուզենք կամ չուզենք, ինչ որ հիմա շրջապատում ունենք, Ազատության հրապարակում կատարվում է, ինքնին քաղաքական պրոցես է, Բաղրամյան փողոցը փակելն ինքնին քաղաքական պրոցես է, սոցիալական հարցերով խնդիր բարձրացնելը քաղաքական պրոցես է։ Եթե մենք նայենք, թե վերջին 10-15 տարին ՀՀ-ում ինչ է կատարվել, հայ ժողովուրդը սոցիալական ինչ ծանր վիճակում է, իհարկե, իշխանափոխությունն ամենակարճ ճանապարհն է։ Ով կգա, ոնց կգա, դա ժողովուրդը կորոշի․․․ բայց այս ամբողջից դուրս գալու, սթափվելու, մարդու պես կանգնելու, մեր տեղն զբաղեցնելու այս ամբողջի մեջ»։