ԿԸՀ-ում կա՛մ ծանոթ չեն նախագծին, կա՛մ չեն կարող մեկնաբանել

ԿԸՀ-ում կա՛մ ծանոթ չեն նախագծին, կա՛մ չեն կարող մեկնաբանել

Սահմանադրության փոփոխված նախագծի շուրջ ԿԸՀ անդամները խուսափում են կարծիք հայտնելուց՝ պնդելով, որ դա քաղաքական փաստաթուղթ է, իսկ իրենք ապաքաղաքական կառույց են, ինչն ամրագրված է նոր Սահմանադրությամբ։ Ըստ այդմ՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձեւով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն»: Թե որքանով է ԿԸՀ-ն լիարժեք ապաքաղաքական, չեզոք կառույց, թող գնահատի ժողովուրդը, բայց, այ, քաղաքական փաստաթղթի շուրջ զուտ իրենց առնչվող գլխի վերաբերյալ մասնագիտական կարծիքը հազիվ թե խարխլեր ԿԸՀ անդամների «սահմանադրական» հիմքերը եւ «անզսպության» դրսեւորում դիտվեր։



Իրենց ապաքաղաքական լինելու մասին հատկապես հիշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ով ասաց․ «Ծանոթացել եմ փաստաթղթին, բայց քանի որ ես ԿԸՀ անդամ եմ, ինչը ոչ քաղաքական պաշտոն է, ոչինչ չեմ կարող ասել… Դա քաղաքական հարց է, մասնագիտական հարց չէ, քաղաքական փաստաթուղթ է, իսկ ԿԸՀ-ն ապաքաղաքական կառույց է, եւ մենք պետք է դրսեւորենք քաղաքական զսպվածություն, հետեւաբար, ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել այդ հարցի շուրջ»։ Ի տարբերություն ԿԸՀ քարտուղարի՝ ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանն ասաց, որ փաստաթղթին լավ ծանոթ չէ։ «Մասամբ եմ ուսումնասիրել, թռուցիկ, քանի որ հիմա մենք մարզում ենք, դասընթացի ենք, շատ քիչ եմ հասցրել, որակավորման վկայականի դասեր ենք հիմա անում, թռուցիկ եմ ուսումնասիրել»,- ասաց նա։



Սակայն տիկին Մարկոսյանը հասցրել էր նկատել, որ գործող Սահմանադրության մեջ իրենց մասին որեւէ կետ ամրագրված չէ, իսկ նոր Սահմանադրության նախագծում արդեն իսկ ԿԸՀ-ին վերաբերող մի ամբողջ գլուխ կա։ Եվ ինչպիսի՞ն է այդ գլուխը, ի՞նչ կարող է ասել շարադրված դրույթների վերաբերյալ, Սիլվա Մարկոսյանն ասաց․ «Ես էդպես չեմ ուսումնասիրել, որ ինչ-որ բան ասեմ, եկեք պայմանավորվենք․ նայեմ՝ նոր, էլի, թռուցիկ, էնքան որ նայել եմ։ Մարզերից կվերադառնամ ամսվա վերջում, շատ հագեցած գրաֆիկով դասընթացների ենք հիմա»։ Հետաքրքրվեցինք՝ նախագծին, առհասարակ, ծանո՞թ է։ «Այնքանով, որքանով… բաներ կան, որ ինձ դուր են եկել, բաներ կան, որ էդպես խորությամբ չեմ կարողացել ուսումնասիրել»,-եղավ պատասխանը։ Խնդրեցինք երկու բառով՝ հակիրճ մատնանշել դուր եկած եւ դուր չեկած մասերը։ «Լավ, գոնե տրանսպորտից իջնեմ, կզանգեմ, հա՞»,-խոստացավ ԿԸՀ անդամն ու, հավանաբար, ինչպես մյուս հարցերում, մոռացավ խոստումը։
Ահա, այսպիսի ազատությամբ ու ազնվությամբ էլ ընտրություններ են կազմակերպում։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ