Սահմանադրության նոր նախագծով երկրի թիվ մեկ անձը դառնում է վարչապետը․ ՍԴ անդամ

Սահմանադրության նոր նախագծով երկրի թիվ մեկ անձը դառնում է վարչապետը․ ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կառավարման խորհրդարանական մոդելի ջատագովներից չէ, և, ըստ այդմ, կողմ չէ Սահմանդրության նոր նախագծով ամրագրված այդ դրույթին, բայց նախագծի մասին դրական կարծիքի է և այն բարձր որակի փաստաթուղթ է համարում։



Նրա համար կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարող դրույթը չէ, որ ամենակարևորն է այս փաստաթղթում, այլ դատական իշխանության անկախության մեխանիզմների ամրագրումը։ Եվ հատկապես հենց դրանով է նա կարևորում այս փաստաթուղթն ու նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդլայնմամբ, մարդակենտրոնությամբ։ «Իմ խորին համոզմամբ՝ այս 25 տարվա ընթացքում, եթե կայացել է նախագահական ինստիտուտը, օառլամենտական ինստիտուտը, կառավարությունը, բայց դատական անկախ իշխանությունը Հայաստանում առ այսօր, իմ համոզմամբ, չի կայացել։ Նոր նախագծով հեղափոխական փոփոխություններ են նախատեսվում»,-ասաց նա՝ նշելով, որ առաջինը արդարադատության բարձրագույն խորհրդի ստեղծումն է, որը լինելու է դատական իշխանության անկախության երաշխավորը։ Նա նաև նկատեց, որ Սահմանադրության այս նախագծով կառավարության լիազորություններն են մեծանում և, ըստ էության, երկրի առաջին դեմքը դառնում է վարչապետը։



«Ես կարճ ասեմ՝ երկրի տեր ու տիրակալը Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում դառնում է կառավարությունը, որը մշակելու և իրագործելու է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Լինելու է հաշվետու ԱԺ-ին, բայց իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարությունը։ Ու եթե դեպի կառավարությունն է փոխվում, իսկ կառավարության ղեկավարը վարչապետն է, որը այս նախագծով շատ բարձր դիրք է ստանում, ուստի նա, ըստ ամենայնի, դառնում է համար մեկ անձը երկրի»,-ասաց նա՝ նկատելով, որ ինչ-որ տեղ մենք այդպիսով ստեղծում ենք կանցլերական պետություն։



Նրա խոսքով՝ Սահմանադրության նոր նախագծով նախատեսված են վարչապետի շատ մեծ լիազորություններ, այ թվում՝ այն լիազորությունները, որոնց շուրջ, ըստ նրա, երկար ժամանակ մեր «մեծարգո հանրապետության նախագան» մտահոգություն է հայտնել, որ այս նախագիծը անվտանգության տեսակետից մտահոգիչ է իր համար․ «Այստեղ լուծումները գտել են հենց վարչապետի և կառավարության միջոցով։ Եթե առաջ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն էր, ապա այսօր փոխվում է այդ համակարգը»։



Ըստ ՍԴ անդամի՝ այս հարցում մենք վերցրել ենք Իսրաելի տարբերակը՝ խաղաղ ժամանակ զինված ուժերը կառավարվում են կառավարության կողմից, պատերազմական ժամանակ՝ վարչապետի կողմից։ Բայց, հաշվի առնելով, որ վարչապետը կարող է գիտակ անձ չլինել բանակի և ռազմավարական խնդիրների հարցում, ուստի պատերազմի ժամանակ վարչապետն իրավունք է ստանում նշանակել երկրի գերագույն գլխավոր հրամանատար։
Անդրադառնալով կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարող դրույթին՝ Ֆելիքս Թոխյանը հստակ ասաց․«Ես կառավարման խորհրդարանական մոդելին կողմնակից չեմ»։
Նա նաև նշեց, որ ինքը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, կարծում է, որ այն շատ պրոֆեսիոնալ հանձնաժողով է, և հնչեցված գնահատականները քննադատություն չի համարում, այլ առաջարկություններ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ