Սահմանադրական «սարի սմբուլները» թյուրիմացության մեջ են գցում Սերժ Սարգսյանին

Սահմանադրական «սարի սմբուլները» թյուրիմացության մեջ են գցում Սերժ Սարգսյանին

«Այսինքն՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների համար պատասխանատու է ինչ-որ մարմին, որ գոյություն չունի։ Մնացած ամբողջ գրվածը տավտոլոգիա է, էշություն, շատ կներեք արտահայտությանս համար»․ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր հետ բերել էր գործող սահմանադրության եւ նոր ներկայացված սահմանադրության տեքստերը։



«Մարդու իրավունքների ազատության բաժինը եթե բացում եք, հենց առաջին իսկ կետով սահմանված է, որ իրավունքներ չունեն։ Որովհետեւ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունը եւ այլն, եւ այլն, հանրային իշխանության պարտականությունն է։ Ես հարց տվեցի հանձնաժողովի բոլոր անդամներին՝ ի՞նչ ասել է հանրային իշխանություն, մինչեւ այսօր ոչ մեկը դրա պատասխանը չի տալիս»,- պատմում է Գառնիկ Իսագուլյանը։ Նա պատրաստվում է նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնել իր մտահոգությունները․ «Ամեն մեկը, կարծում եմ, աշխատել է ցույց տալ, որ ինքը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, ներկայացրել են։ Ես, օրինակ, սպասում եմ նախագահի վերադարձին, եւ առաջինը, որ ես անելու եմ, փորձելու եմ հանդիպում խնդրել հանրապետության նախագահից։ Ես վստահ եմ, որ մեր վայ գիտնականները, սա այն գիտնականներն են, որոնք փորձել են արջի ծառայություն մատուցել, եւ այն նախագիծը, որը ներկայացվել է եւ եթե նախագահի հավանությանն էլ վերջիվերջո արժանանա, կնշանակի նրանք բավականին լուրջ թյուրիմացություն մեջ են գցում հենց հանրապետության նախագահին»։



Իսագուլյանը հավատացած է, որ մեր ներկայիս նախագահը վերարտադրման խնդիր չունի ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնում․ «Հանրապետական կուսակցությունն ինքը վերարտադրման խնդիր ունի»։ Եթե Գառնիկ Իսագուլյանն անհանգստացած է անորոշ «հանրային իշխանությունից», ապա Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ընդհանուր սահմանադրական փոփոխությունների մասին խոսել չցանկացավ, քանի որ․ «Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին որեւէ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է Հայաստանում ոչնչացնել ընտանիքը, որպես այդպիսին։ Մենք իրավունք չունենք «ընտանիք» հասկացողությունը կորցնելու, մենք իրավունք չունենք միասեռականներին թույլատրել մեր երկրում ամուսնանալ, մենք դրա բարոյական իրավունքն էլ չունենք որպես հայ, նրանք ցանկանում են մեզ ոչնչացնել ընդհանրապես։ Ամեն ինչ պարել էինք, մնացել էր սարի սմբուլը, սա էլ կպարացնեն, ու կվերջանա ամեն ինչ»։ Այն նկատառմանը, որ Վենետիկի հանձնաժողովը մեկնաբանել է ընտանիքի ձեւակերպումը, բայց ոչ ստիպել, լսեցինք հետեւյալ պատասխանը․ «Իհարկե, նա առաջարկում է, իսկ դրանից առաջ ինչ որ առաջարկել է, երկու ամիս հետո մենք ընդունել ենք։ Եթե մենք նրանց այլընտրանքը հաշվի չառնենք, նրանք որոշակի այլ մեթոդների կդիմեն»։



Իսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն ասում է․ «Ուժեղ պետության համար պետք է ունենանք այնպիսի քաղաքական դաշտ, որ չվարկաբեկի պետության սիմվոլներին։ Բոլորս մեղադրում ենք բոլորին մի տեսակ։ Բայց ամեն մեկս մեր պարտավորությունը պետության նկատմամբ չենք կատարում։ Ո՞նց անել, որ Սահմանադրությունը պահպանվի, հետո, պահպանողը մենակ իշխանությունը չէ, եկեք մի հատ նայենք՝ ներքեւներում Սահմանադրությունը պահպանվո՞ւմ է, քաղաքացին, մենք, ես պահպանո՞ւմ ենք, մենք պարտավորություններ էլ ունենք, չէ՞»։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ՀՀԿ-ականը դա համարում է առանձին դետալ․ «Բայց որ խորհրդարանականը կես քայլ գոնե ավելին է, քան կիսանախագահականը՝ ժողովրդավարական զարգացումների առումով, սա միանշանակ է։ Եթե գնում ենք դեպի ժողովրդավարություն, ուրեմն անհրաժեշտ է, սահմանադրական փոփոխությունները պետք են»։