Լուրջ պայքար բիզնես օմբուդսմենի պաշտոնի համար

Լուրջ պայքար բիզնես օմբուդսմենի պաշտոնի համար

Այս օրերին պետական օղակում ձեւավորվում է մի նոր կառույց, որը պետք է գործի բիզնես շահերի պաշտպանության շրջանակներում: Մեզ հասած տեղեկություններով, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կառավարության առջեւ պայման է դրել՝ մինչեւ աշուն ստեղծել բիզնես օմբուդսմենի ինստիտուտ, որը կգործի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անկախ եւ միտված կլինի պետական օղակի ճնշումներից պաշտպանելու բիզնես միջավայրում գործող մեծ ու փոքր տնտեսվարողներին: Մինչ պետական օղակում մտմտում են՝ ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտը, թե ոչ, որոշ շահագրգիռ ուժեր արդեն իսկ անցել են գործի՝ այդ պաշտոնում տեսնելով իրենց մերձավորներին: Բիզնես օմբուդսմենի հավակնորդները մի քանիսն են: Իշխանության կուլիսներում քննարկվում է իրավական ոլորտի երիտասարդ պրոֆեսիոնալի ընտրության հարցը, մինչդեռ վարկած կա, որ բիզնես շահերի պաշտպանությամբ կարող է զբաղվել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Թեկնածուներից մեկն էլ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանն է, ով, ի դեպ, առաջիններից էր, որ առաջ քաշեց բիզնես օմբուդսմենի գաղափարը ՓՄՁ պայքարի թեժ շրջանում: Իհարկե, զարմանալի չի լինի, որ այս թեկնածուներից ոչ մեկն էլ չլինի, եւ, ինչպես ընդունված է, ինչ-որ պաշտոնյա իր ազգականին «բրթի» այդ պաշտոնում: Ի դեպ, ժամանակին, երբ ստեղծվեց ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, այդ կարեւոր եւ բարձր վարձատրվող պաշտոնը վստահվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրելի սանիկ, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը՝ Փիրուզ Սարգսյանին, ով, որպես հղիության եւ ծննդաբերության նպաստ, 20 մլն դրամ գումար էր ստացել: