Ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում

Ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների դեմ ընդվզող ԲՀԿ-ի անակնկալ «սեռափոխությունն» անվերահսկելի է դարձրել համացանցը: Երեկվանից այն ողողված է բարգավաճականների նախկին խրոխտ ելույթներով ու հիշեցումներով, թե ինչպիսին էր «չարիքի» իշխանության դեմ մարտնչող կուսակցությունը եւ ինչ դարձավ մի քանի ամսվա ընթացքում:



ԲՀԿ-ն նախօրեին հայտարարեց, որ սկզբունքորեն պատրաստ է աջակցել բարեփոխումների գործընթացին եւ չի պատրաստվում մաս կազմել «Ոչ»-ի ճամբարին: Մինչդեռ Հայաստանի խորհրդարանի երկրորդ խոշոր խմբավորումը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց ու Բաղրամյան 26 առաջին այցելությունից հետո էլ շարունակում էր պնդել։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել: Խորհրդարանական համակարգը չի կարող ապահովել մեր ներքին եւ արտաքին անվտանգության երաշխիքները, եւ խորհրդարանին առաջնային մանդատ տալով՝ կարող են մի շարք անհաղթահարելի խնդիրներ լինել: Իսկ կիսանախագահական տարբերակը բարելավել կամ փոփոխելը կարող է դառնալ մեր քննարկման առարկան»,- մարտի 12-ի հանդիպումից հետո հայտարարել էր կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը:



Թվում էր՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը չէր էլ կարող փոխվել։ Ինչպե՞ս կարելի է հետ կանգնել այնպիսի ելույթներից, գնահատականներից, որ ավելի վաղ հնչեցնում էին խորհրդարանական դաշնակիցներ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ համատեղ միտինգներում, ամբողջ Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ։ Դա առնվազն կնշանակեր կնքել քաղաքական մահկանացուն եւ հեռանալ քաղաքական ասպարեզից։
Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 8-ի հանրահավաքում ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը բոցաշունչ ճառ էր ասում. «Մենք չպիտի թույլ տանք, որ այս իշխանությունը փորձի սահմանադրական փոփոխություններով իր համար եւս 10 տարի գոյություն ապահովել, սա պետք է լինի մեզ եւ ձեզ համախմբող միակ գերակա օրակարգը: Մենք ձեզ հուսախաբ չենք անելու: Երեք քաղաքական ուժ այսօր միավորվել են, կրկնում եմ՝ մեկ օրակարգի շուրջ, թույլ չտալ գործող իշխանությանը «սահմանադրական փոփոխություններ» անունը կրող բլեֆի եւ ավանտյուրայի տակ վերարտադրվել եւ եւս 10 տարի նպաստել արտագաղթին, աղքատությանը, գործազրկությանը: Ձեզ հետ միասին մենք այս ամենի վերջը դնելու ենք»:



Աբովյանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլ ասում էր. «Օրակարգում մեկ խնդիր են դրել՝ սահմանադրական փոփոխություններով լուծել իրենց վերարտադրության հարցը: Այս փոփոխությունները, որ բռնի ուժով փաթաթվելու են ժողովրդի գլխին, մեկ նպատակ են հետապնդելու՝ եւս 10 տարով ապահովել գործող իշխանության եւ Հանրապետական կուսակցության դիկտատուրան, իսկ դա նշանակում է՝ եւս 10 տարի դիմակայելու ենք այս բռնաճնշումներին։ Հանձնաժողովի անդամները, գյուղից գյուղ ընկած, գյուղացիներին եւ մարզպետարանի քնած աշխատակիցներին փորձում են համոզել, որ խորհրդարանական կառավարման մոդելը լավն է, տարիուկես առաջ, երբ մենք էինք առաջարկում այդ մոդելին անցնել, ասում էին՝ ժողովուրդ, չգնաք դրան, որովհետեւ այդ ճանապարհով ֆաշիզմը եկավ իշխանության, այդ ճանապարհով Հիտլերը եկավ իշխանության, հիմա էդ ո՞ր Հիտլերի համար եք դուք ճանապարհ հարթում, բոլորիս համար էլ պարզ է»։ Այսպես կուրծք ծեծող Նաիրա Զոհրաբյանը Բաղրամյան 26 այցից հետո երկու օր է՝ անհետ կորած է։



Լրագրողները փնտրում են նրան՝ հարցնելու համար․ Դուք, փաստորեն, փոխե՞լ եք Ձեր վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ, չէ՞ որ ժամանակին ասում էիք․ «Մենակ թշնամին կարող է իր ժողովրդի հետ այնպես վարվի, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանությունն է վարվում»: ԱԺ ճեպացրույցներից մեկի ժամանակ էլ եզրակացրել էր, որ ներկայիս Սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ մնում են դեկլարատիվ, հռչակագրային մակարդակում նաեւ այն պատճառով, որ մեզանում Սահմանադրությունից վեր ուժեր, մարդիկ կան։ Եվ հայտարարում էր, որ «մեր երկրի գլխավոր խնդիրը լավ կամ վատ օրենքները կամ Սահմանադրությունը չեն, այլ դրանք կյանքի կոչելու պատրաստակամության պակասը»: Նմանատիպ պոռթկումներին թիվ չկա, բայց սահմանափակվենք այսքանով:



ԲՀԿ-ի «դեմ» դիրքորոշման մասին հայտարարություններից 2-3 ամիս է անցել: Ի՞նչ են ասում հիմա ԲՀԿ-ականները: «Մենք հանում ենք վերարտադրության խնդիրը, այն առումով, որ ներկա փուլում հայտարարվել է, որ վերարտադրության մեխանիզմը գոյություն չունի։ Քաղաքական մենիշխանության խնդիրը լուծվում է: Այսօր կառավարությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները, որովհետեւ ճնշված է նախագահի ինստիտուտի կողմից»,- նախօրեին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ասելով, որ իրավիճակ է փոխվել, եւ իրենք չեն միանալու «Ոչ»-ի ճակատին, այլ աջակցելու են բարեփոխումների գործընթացին: Հետեւությունները թողնում ենք ձեզ: