Հացի թանկացումից անհնար է խուսափել

Հացի թանկացումից անհնար է խուսափել

ՀԷՑ-ի աշխատակիցներն սկսել են շրջել փոքր եւ միջին ձեռնարկություններում ու ստիպել ձեռնարկատերերին ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք էլեկտրաէներգիայի համար պարտավորվում են վճարել նոր սակագնով: ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը հաստատում է փաստը եւ ասում, որ անօրինական գործողություն իրենք չեն կատարել, գոյություն ունի պայմանագիր մատակարարի եւ սպառողի միջեւ, եւ այդ պայմանագիրը պետք է կնքվի, քանի որ սակագին է փոխվել. «Բացի այդ, պայմանագրից կա հավելված՝ թիվ 3-րդ հավելվածը, որտեղ նշված են սակագները, թե որքան պետք է վճարի սպառողը»:



ՀԾԿՀ որոշման համաձայն, փոխվել է էլեկտրաէներգիայի սակագինը, բայց կառավարության նիստերից մեկի ժամանակ էլ հայտարարվել է, որ ՓՄՁ սուբսիդավորման հարցը դեռ պետք է քննարկվի, եւ այս դեպքում ո՞րն է ՀԷՑ-ի շուտափույթ քայլերի պատճառը։ Սարջանյանն ասաց. «ՀԾԿՀ որոշումը կասեցված չէ, որոշումը կա, ըստ որի` նոր սակագներ պետք է գործեն, եթե ինչ-որ բան կփոխվի եւ կորոշվի, որ ոչ միայն բնակչության, այլեւ հանրային բաժանորդների համար եւս պետք է սուբսիդավորվի, այդտեղ ոչ մի խնդիր չի լինի՝ ուրեմն կսուբսիդավորեն»: ՓՄՁ ներկայացուցիչներն ասում են, որ իրենք ծանր կացության առաջ են կանգնում եւ շուտով կփակվեն կամ էլ իրենց արտադրանքի գները կբարձրացնեն:



Առաջին անհրաժեշտության մթերքների՝ օրինակ, հացի արտադրությամբ զբաղվող ձեռներեցներն ասում են, որ իրենք բարձրացված տարբերակով էլեկտրաէներգիայի սակագին չեն վճարելու։ «Դավիթ 84» ՍՊԸ հացի արտադրամասի գլխավոր հաշվապահից տեղեկացանք, որ իրենք դեռեւս ցուցում չեն ստացել, թե էլեկտրաէներգիայի դիմաց որքան են վճարելու. «Մեզ հաշիվ-ֆակտուրան դեկտեմբերի մեջ կներկայացնեն, բայց ես գիտեմ, որ ձեռնարկատերերը պետք է վճարեն բարձրացրած։ Այդ դեպքում իրենք հրաժարվելու են վճարել էլեկտրաէներգիան, մենք ոչ մի դեպքում հացի գինը չենք բարձրացնի, ինչո՞ւ պետք է ժողովուրդը նորից տուժողի դերում հանդես գա»: Հացի արտադրությամբ զբաղվողներն ասում են, որ առանց այն էլ իրենք արտադրանքը պակասեցրել են․ «Որպեսզի մեր ծախսերը նույնը մնան, ստիպված՝ քիչ ենք արտադրում»: Այս մասին փաստում է նաեւ այն, որ Հայաստանում 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին արտադրվել է 143.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է (2014թ․ արտադրվել է 146.2 տոննա հաց):



Թվերը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն են:
Հաց արտադրողներն ասում են, որ այս պահին միայն հոսանք օգտագործող արտադրամասերը հացի գինը կթանկացնեն, իսկ գազ օգտագործողները, հնարավոր է՝ ոչ։ «Բայց եթե համատարած լինի, արդեն բոլորը կբարձրացնեն»,- ասաց «Երրորդ մաս» հացի փռի աշխատակիցը, ավելացնելով, որ ալյուր արտադրող ձեռնարկատերերը եւս պետք է թանկացված վճարեն։ Այդ դեպքում ալյուրի գինը եւս կբարձրանա, իրենք էլ ստիպված կլինեն հացի գինը բարձրացնել․ «Այնպես որ, անհնար է թանկացումներից խուսափել»: