Էս էլ կանցնի, թա՜սդ բեր

Էս էլ կանցնի, թա՜սդ բեր

Դաշնակցությունը շիտակ ասաց, որ երկու տարի է՝ սահմանադրական փոփոխություններն է մշակում, իրենք սկզբունքն ասում են՝ մասնագիտական հանձնաժողովը ձեւակերպումը տալիս է: Կողքից զգաստացան՝ միանան-չմիանան, իշխանությունն ու Դաշնակցությունը քաղաքական կոնսոլիդացիա ձեւավորելու են, հանրաքվեն տեղի է ունենալու, հետո՝ ընտրությունները, եւ կայուն մեծամասնություն կազմելու է ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը:



ԲՀԿ-ն հայտարարեց, որ անցած ընտրությունների ծրագրում եւ հարյուր տոկոս համամասնականի նպատակ էր դրել, եւ խորհրդարանական կառավարման անցնելու: Հիշեցին։ Բա ո՞նց, կարդացե՜ք իրենց ծրագիրը: Ուրեմն էլ ինչո՞ւ պետք է դեմ լինեն Սահմանադրությանը։ ՕԵԿ-ը, պարզվեց, ղշի թեւով (կամ էլ Գեղամյանի ասած՝ ձեռքի հեռախոսին ուղարկված SMS-ով) լուր առավ, որ «հայկական ռենեսանսի» առաջարկությունները քննարկվում են: Իսկ «Ժառանգությունը» մշտապես արտերկրում գտնվող առաջնորդի հետ սելեկտորային խորհրդակցությունից հետո անպայման կորոշի չխանգարել կոնսոլիդացիային: ՀԱԿ-ը վաղուց հաշվի մեջ չէ, սահմանադրագիտական դասախոսություն լսելու գլուխ չկա: Հանրաքվեի հարցը, փաստորեն, լուծվեց:



Կողքից չգնահատեցին, որ Դաշնակցությունը բարոյական հաղթանակի մասին է խոսում, խփեցին, փախցրին կայուն մեծամասնության (չշփոթել կոալիցիոն հուշագրի հետ) մաս կազմող թռչնակը: Ընտրություններից հետո ո՞ւմ գլխին կիջնի «թռչնակը», կախված է իշխանությունից: Ուզենա՝ ծիտը «Բարգավաճի» գլխին կծրտի: Կամ էլ, а чем черт не шутит, պառլամենտական ընտրությունների կգնա «Ալյանսով»: Դաշնակցությունը ոնց որ թե «ջոկեր» պահել է՝ ընտրիչների հարցը: Եթե Սփյուռքը նախագահի ընտրություններին չի մասնակցում, ո՞ւմ է պետք նոր սահմանադրությունը: Այլ պատճառներ էլ կգտնվեն:



Սահմանադրությունը գրում է, որ կառավարության անդամ կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին: Դա ի՞նչ համազգային համերաշխության խարխլում է: Բայց նահանջի տեղ Դաշնակցությունը կունենար, եթե չլիներ ՀԱԿ-ի «մոմենտը»: Իսկ դա հայի եւ հրեայի մասին ռուսի ասածի պես է: Հետո էլ մոռացե՞լ եք, Դաշնակցությունը միակն է, որ պառլամենտարիզմի փորձ ունի, երկուս եւ կես տարում չորս կաբինետ փոխել, վերջում Բյուրո-կառավարություն է կազմել:
- Հը՞:
- Ջանսաղություն, էս էլ կանցնի, թա՜սդ բեր…



Հայկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ