Թոշակառու ընդդիմություն

Թոշակառու ընդդիմություն

Ընդդիմության քաղաքական կապիտալի զրոյացման շուրջ
Գաղտնիք չէ, որ կա կանանց եւ տղամարդկանց վաստակած հանգստի անցնելու տարիք, հաստատագրված պետականորեն, ամեն աշխատանքային տարվա դիմաց որոշակի գումարի սահմանմամբ: Բայց այս համեմատական եւ թերեւս անհարկի վերհիշեցման «դիմաց»՝ պարզվում է,- ինքս եմ պարզել ոչ ճիգ, ոչ ջանք թափելու գնով,- որ մեր վերջին շուրջ 20-ամյա քաղաքական իրականության պայմաններում... թոշակառուների նոր դասակարգ է հայտնվել (հայտնաբերվել)՝ իրենց իսկ ցանկությամբ: Հայտնաբերվել է իշխանությունների ջանքերով ու բարի կամեցողությամբ, «պահուստային ֆոնդերից»...
Արդեն ինքնին հասկանալի է, որ նկատի ունենք վերջին տարիներին իշխանությունների կողմից,- չնայած տարիքային անհամապատասխանությանը,- թոշակի ուղարկված ընդդիմությանը, քաղաքական կամ կիսաքաղաքական կառույցներին, որոնք ժամանակ առ ժամանակ՝ ընտրությունների շեմին են միայն հիշեցնում իրենց «անշառ» գոյությունը, իհարկե՝ որոշակի թույլատրելիության սահմաններում: Այսինքն, 20-ամյա տարիքի ցանկացած թոշակառու (եթե այդպիսիք կան) պետության կողմից ճանաչվել է անաշխատունակ, հետեւապես՝ նպաստառու: Ավելին՝ անգործունյա, որեւէ աշխատանք կատարելու անընդունակ: Եվ պետությունը (իշխանությունները), բնականաբար, պարտավոր են հոգալ նրա մասին: Արդյոք որեւէ մահկանացուի մտքով անցե՞լ է, թե Հայաստանում «վխտացող» կուսակցություններին,- իհարկե՝ ոչ բոլորին,- ինչի համար եւ որքան գումար է պետբյուջեից բաշխվում: Եթե նկատի չունենաք, որ նրանց գերակշիռ մասն իշխող կուսակցության «թիկնազորի» իրենց դերն են շարունակում կատարել ՝ հատկապես Ազգային ժողովում «հայրենակարոտ» որոշումների անցկացման ժամանակ: Մնացյալ կուսակցություն-տնտեսվարող սուբյեկտներին չարժե անդրադառնալ միայն այն պատճառով, որ... նրանք էլ են ընդդիմություն, բայց ոչ «շարքային» տեսականուց, եւ վաղուց են ժամկետանց-թոշակավորված եւ «պահպանվում են պետության կողմից»: Ի վերջո, տեւապես, չափազանց «հաջող» ընդդիմություն խաղալուց-հոգնելուց հետո հաճախորդ դառնալն անխուսափելի է...



Ընդդիմախաղի մեջ հավատը տանուլ տված ընդդիմությունը քաղաքական ժամկետանց կեցվածքից այդպես էլ չի հրաժարվում: Առողջ, գաղափարապես հասուն ընդդիմությունն է քաղաքացիական հասարակության «պատվիրատուն», բայց ոչ անկախության պերճանքի ու ժողովրդավարության թշվառության Հայաստանում, ուր հաստատ արեւը ծագում է արեւմուտքից, ու բնավ մտահոգվողներ չկան, որ... մեր երկրում բնությունն էլ է խեղաթյուրվել: Գոնե մեկ անգամ ազգովին ականատես եղել ենք բնության ընդդիմացմանը՝ երկրակործան: Ուզենք թե չուզենք, այն բացասական էներգետիկայի կուտակման արդյունք է՝ մարդու եւ մարդկայինի տարրական չափանիշների ոտնահարման հետեւանք: Հենց այս խորապատկերի վրա, երբ երկիրն աստիճանաբար վերածվում է «ընտանեկան կոմպլեքսի», սահմանադրական հանրաքվե կոչվող զավեշտախաղի միջոցով ուզում են ստեղծել անձեռնմխելի, անվերահսկելի մի «բուրգ»: Այս պայմաններում վաղաժամկետ թոշակավորված ընդդիմությունն էլ է բարեփոխումների աջակից՝ իր չկայացածությունը ժողովրդի «վզին» վերստին փաթաթելու եւ կամ բռնաբարված կույսի չքմեղանքով արդարանալու համար, որ եթե մասնակցությունից հրաժարվի, սահմանադրական հանրաքվեն կկեղծեն. վատ սովորող աշակերտի քաղաքական տհասություն: Իսկ եթե կեղծվի, որտե՞ղ փնտրել մեղավորներ, նորի՞ց ժողովրդի մեջ, մանավանդ այն ժողովրդի, որին ինքն արժանի չէ, իսկ որտեղ անժողովուրդ (ոչ գաղափարակիր) ընդդիմություն, այնտեղ, իսկապես, «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»... Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի քաղաքական կարկտածեծը...



Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ