Սարգսյան- Ալիև հանդիպում չի՞ լինի

Սարգսյան- Ալիև հանդիպում չի՞ լինի

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, APA գործակալության փոխանցմամբ, ասել է, որ իրենք անհամբերությամբ սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը եւ բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը: Ուորլիքի խոսքով՝ համանախագահները տարածաշրջան կայցելեն աշնանը, բայց նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ ամսին: «Հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերի ամենաբարձր մակարդակով նախապատրաստված նոր պարտավորությունների անհրաժեշտություն կա»,- ամփոփել է ամերիկացի դիվանագետը: (http://haqqin.az/news/51859)



Եթե ադրբեջանական լրատվամիջոցը բարեխղճորեն է մեջբերել ՄԽ ամերիկացի համանախագահի ձեւակերպումները, ապա կարելի է հետեւություն անել, որ ՄԱԿ-ի հոբելյանական նստաշրջանի ընթացքում Սարգսյան- Ալիեւ հանդիպում չի ծրագրվում: Նստաշրջանի բացմանը քիչ ժամանակ է մնում, իսկ Ուորլիքը, ինչպես տեսնում ենք, ստույգ չգիտի, թե երբ են միջնորդները տարածաշրջան այցելելու:
Ավելին, նրանք ծրագրում են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, որպեսզի քննարկեն բանակցային գործընթացի զարգացման հնարավորությունը: Ոչ մի խոսք նախագահների հնարավոր հանդիպման մասին: Երկրորդ եզրակացությունը, որին կարելի է հանգել Ուորլիքի խոսքից, այն է, որ համանախագահները նախապատրաստվում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին ներկայացնել «կողմերի նոր պարտավորություններ»,որոնք պետք է քննարկվեն: Ըստ երեւույթին, այդ «նոր պարտավորությունները» Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից հավանության արժանանալու դեպքում միայն միջնորդները կարող են աշխատել Սարգսյան- Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Եւ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա այդ հանդիպմանն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են ինչ-որ ընդհանուր հայտարարություն անել: Սա, իհարկե, խիստ լավատեսական ընկալում է:



Հայտնի չէ, թե ի՞նչ «նոր պարտավորությունների» մասին է խոսքը: Կարելի է ենթադրել, որ դրանք շոշափելու են շփման գծում լարվածության թուլացման, կողմերի միջեւ նվազագույն վստահության հասնելու եւ հարակից՝ զուտ տեխնիկական նշանակության, խնդիրներ: Տվյալ իրավիճակում քաղաքական եւ, հատկապես, իրավական պարտավորությունների մասին խոսք լինել չի կարող: Ուշագրավ է, որ Ուորլիքի մեկնաբանությանը զուգահեռ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը եւ ընդգծել, որ ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունները չեն կարող անդրադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահոության գործունեությանը: Նման դեպքերում, որպես կանոն, պատահական զուգադիպություններ չեն լինում: Այլ առիթով նկատել էինք տվել, որ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, Ալիեւը խուսափելու է հանդիպումից: Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական լարվածության ֆոնին այդ տպավորությունը միայն ամրապնդվում է: Ու, թերեւս, Ալիեւի խնդրանքով է, որ միջնորդները քննարկումները կենտրոնացնում են ԱԳ նախարարների հետ շփումների մակարդակում:



Միաժամանակ, գրեթե բացառված է, որ շփման գծի իրավիճակին վերաբերող հարցերում Ալիեւը նոր պարտավորություններ ստանձնի: Վերջերս Ադրբեջանի կառավարության մակարդակով այսպես կոչված «մերձռազմաճակատային շրջաններում» բոլոր տեսակի գործուղումների եւ լրագրողների հավատարմագրման նոր կարգ է հաստատվել: Ըստ այդմ, մասնավորապես լրագրողներին հավատարմագրելու իրավասությունը վերապահվել է պաշտպանության նախարարությանը, բայց միայն այն դեպքում, եթե առկա է ազգային անվտանգության նախարարության դրական եզրակացությունը ոչ միայն լրագրողի, այլեւ՝ նրան հավատարմագրելու հայտ ներկայացրած լրատվամիջոցի մասին:Խոսքը փաստացի պատերազմական իրավիճակին հարիր սահմանափակումների եւ խստագույն գրաքննության մասին է: Բաքվի վարչախումբն այդ կերպ բացառում է որեւէ օտարերկրյա լրագրողի մուտքը զորքերի շփման գոտուն հարակից տարածքներ: Ավելին, Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը որոշել է տոտալ վերահսկողություն հաստատել սոցիալական ցանցերի եւ ինտերնետային հաղորդակցության բոլոր միջոցների վրա: Դրան նախորդել է պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության խստացումը: Այս քայլերն, անշուշտ, ունեն հատկապես ներքաղաքական իրավիճակը լիակատար վերահսկելու նպատակադրվածություն, բայց Ալիեւի վարչախումբը դրանց անհրաժեշտությունը հանրությանը ներկայացնում է որպես «պատերազմական իրավիճակից բխող»:



Շփման գծում լարվածությունը թուլացնող պարտավորությունների ստանձնումն ի չիք կդարձնի նշված եւ բազմաթիվ այլ, ներառյալ՝ շրջաններից դեպի Բաքու տրանսպորտային միջոցների տեղաշարժի, ասահմանափակումների «հիմնավորվածությունը»:Ադրբեջանի բանակցունակության մասին, թերեւս, հնարավոր կլինի դատել խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ դրանք ծանր եւ փորձաշատ են լինելու: Բացառված չէ, որ ընտրություններից հետո Ալիեւը ձեռնամուխ լինի քաղաքական բոլորովին նոր թիմի ձեւավորմանը, ինչը նույնպես տեւական ժամանակ կխլի:Այնպես որ, բանակցային գործընթացի զարգացում, ինչպես ՄԽ ամերկացի համանախագահն է ձեւակերպել, կարելի է ակնկալել միայն հաջորդ տարվա կեսերին:



Վահրամ Աթաանեսյան