ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հրավեր ստացել է ու մերժել

ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հրավեր ստացել է ու մերժել

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող , Հայաստանի ժողովրդական կուսակցությունը նույնպես հրավեր է ստացել նախագահական նստավայրից հանդիպելու եւ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների թեման, կուսակցությունը, սակայն, հրավերը մերժել է.



«Նախագահականից զանգել են պարոն Դեմիրճյանին, սակայն նա մերժել է, պատասխանել, որ մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք, այսօր առաջնային չենք համարում սահմանադրական փոփոխությունները, երկրի խնդիրները Սահմանադրության հետ կապված չեն եւ, բնականաբար, տրամաբանական չէ մեր մասնակցության հարցը քննարկելը», - մեզ հետ զրույցում Ստեփան Դեմիրճյանի հեռախոսազրույցը ներկայացրեց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը.



«Եթե իշխանությունը մտադիր էր սահմանադրական փոփոխություններ կատարել, համենայն դեպս, նորմալ երկրներում այդպիսի փոփոխություններ կատարելուց նախապես ասում են, որ այդ փոփոխությունները սկսելու են կիրառվել, ենթադրենք, երեք-չորս տարի հետո, այսինքն առաջիկա ընտրություններին այդ նորմերը չեն վերաբերվի, իշխանությունններն այսպիսի մոտեցում պետք է ցուցաբերեին, բայց այս հապճեպության եւ իշխող ուժի լիազորություններն ավարտվելու ժամկետի հանգամանքը ու առաջարկվող փոփոխությունները մտածելու բան են տալիս, որ մոտեցումներն անկեղծ չեն», իր հերթին հավելեց Գրիգոր Հարությունյանը:



Ոչ իշխանական մի շարք ուժերի եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ Գ.Հարությունյանը չցանկացավ տեսակետ հայտնել.«Թող իրենք բացատրեն, ես ինչպես պետք է բացատրեմ իրենց պահվածքը»:



ՀԱԿ-ի մաս կազմող ՎՍԴՀԿ-ի այցի վերաբերյալ էլ Հարությունյանը նախընտրեց լռել.«Մենք մեր մոտեցման համար ենք պատասխանատու: Պետք է նրան հարցնել, գուցե լուրջ հիմնավորումնե՞ր ունի, գուցե այդ փոփոխություններն իրեն շատ հարազատ են»: Նկատեցինք, որ Լյուդմիլա Սարգսյանը գուցե ամենառեալը գնահատեց իրավիճակը եւ նման ելք գտավ՝ հասկանալով, որ ՀԱԿ-ն այլեւս այդ փոփոխությունների կանխելու ռեսուրս չունի.«Ինչ կապ ունի, եթե կանխելու ռեսուրս չկա, ուրեմն պետք է գնալ ու հանդիպե՞լ»