«Ոչ»-ի ճակատը որոշել է գործի անցնել

«Ոչ»-ի ճակատը որոշել է գործի անցնել

Սահմանադրական գործընթացի հետ կապված իշխանությունների շտապողականությունն իրարանցում է առաջացրել հակադիր ճակատում, որտեղ պատրաստվում են դիմակայության ճակատ ձեւավորել: Մինչ ընդդիմադիր դաշտից սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտված խորհրդարանական ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ Ստեփան Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը գործի կանցնեն ու կառաջնորդեն բարեփոխումներին ընդդիմացող զանգվածին, արտախորհրդարանական հարթակը պայքարի վերջին դետալներն է ճշտում:



Խոսքը «Հայաստան» ժողովրդավարական նախաձեռնության մասին է, որը համախմբել է մոտ մեկ տասնյակ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մտավորականների, ազատամարտիկների ու երիտասարդների եւ, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կամ ուրբաթ կայանալիք նիստից հետո կհայտարարի «ոչ»-ի քայլերի մասին: Հանրությանն անհայտ այս նախաձեռնությունը՝ «Հայաստանը», մեզ մոտ իր մասին ազդարարել է մոտ երկու տարի առաջ, իսկ անցած տարվա նոյեմբերին պաշտոնապես հայտարարել է կառույցի ստեղծման մասին: Նախաձեռնության կազմում ընդգրկված են ՀԱԿ նախկին անդամներ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք», Սոս Գիմիշյանի «Քրիստոնեադեմոկրատական ուղի», Մանուել Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունները, ինչպես նաեւ Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները», Արիական կուսակցությունը։ Համագործակցում են նաեւ իշխանությունների հետ ժամանակին ջերմ հարաբերություններ ունեցած Հակոբ Տիգրանյանի եւ Գեւորգ Պերկուպերկյանի Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ: Ի դեպ, վերջինի մասնակցությունը «Ոչ»-ի ճակատին դեռեւս հարցականի տակ է: Կուսակցություններից բացի, քաղաքական հայտնի անուններ էլ կան նախաձեռնության կազմում՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյան, կառավարության ներկայիս աշխատակից Պետրոս Քացախյան, ով 2003-ի խորհրդարանական ընտրություններում, ի դեպ, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության ցուցակի անցողիկ եռյակում էր, իսկ 2008-ին կուսակցություն հիմնելու ձախողված փորձ արեց՝ «Հայք» անվանումով:



«Հայաստան» ժողովրդական նախաձեռնության մասին ի սկզբանե տպավորություն ձեւավորվեց, թե որոշել է Հայաստանը փրկել միջազգային կառավարիչներից: Այս նախաձեռնության անդամները կարծում էին, որ Հայաստանի ներկա վիճակի համար պատասխանատու են առաջին հերթին միջազգային ուժերը, հետո միայն՝ մեր ազգային իշխանությունները, որոնց նախաձեռնության անդամները համարում էին լոկ «օպերատորներ»: Փաստն այն է, որ երկու տարվա ընթացքում որեւէ անգամ այս նախաձեռնությունը չի ընդվզել իշխանության դեմ, մինչդեռ խնդիրների ու պատճառների պակաս չի զգացվել: Իսկ հիմա պատրաստվում է ոտքի կանգնել, քանի որ կարծում է, որ եվրոպական կենտրոնները հայ ժողովրդին «հակահայկական», «հակաազգային» փաստաթուղթ են պարտադրում: Այսօր կամ առաջիկա օրերին նախաձեռնության մտավորականների խորհուրդը հանդես կգա բարեփոխումների մասին ծավալուն վերլուծությամբ, որը կվերաբերի սահմանադրության նախագծի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ ընտանիքի, եկեղեցու բաժիններին: Նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ սփյուռքահայ Գառնիկ Սարգսյանը, ի դեպ, վրդովվեց իրենց մասին ձեւավորված «ոչ ճիշտ» տպավորությունից. «Մեր նախաձեռնությունը հաստատում եւ ընդգծում է այն երկիրը, որը վայել է հայ ժողովրդին, եւ մենք ձգտում ենք իրականացնել այդ երկիրը, իսկ ովքեր խոչընդոտում են դրան, արդեն իրենք են մեզ համար խոչընդոտ հանդիսանում»:



Նա փակագծեր բացել չցանկացավ, ասաց, որ օրենքով ընդունված բոլոր միջոցներով պայքարելու են՝ «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չկայացնելու նպատակով, քանի որ դա քայքայիչ գործընթաց է, երկրից հրաժարվելու հրեշավոր փաստաթուղթ»: Մարգարյանը չցանկացավ պատասխանել՝ արդյոք նախաձեռնության բոլոր ուժերը կստորագրե՞ն պայքարի կոչի հայտարարության տակ։ «Մեր նախաձեռնությունը բաց նախաձեռնություն է, կհայտարարենք պայքարի մասին, եւ ովքեր կցանկանան, կհայտարարեն միանալու մասին»: Իշխանության դեմ պայքարի փշոտ ճանապարհը ՀԱԿ-ի հետ անցած Գառնիկ Մարգարյանն էլ չցանկացավ գաղտնազերծել, թե պայքարի ինչ մեթոդներ են մշակել, որով հնարավոր կլինի իշխանությանը հետ պահել իր պլաններից․ «Մի բան հաստատ կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հակաազգային սահմանադրությունը չանցնի, որը բերում է Արեւմուտքի այլանդակությունները»: