Բարեփոխումները դիմակազերծեցին ընդդիմությանը

Բարեփոխումները դիմակազերծեցին ընդդիմությանը

Հայի պատմությունը լիքն է հալածանքների ու տառապանքի հարուստ էջերով: Մոնղոլ-թաթարներից սկսած մինչեւ բոլշեւիկյան կառավարություն՝ բոլորը հային կոտրելու, ստրկացնելու եւ ենթարկեցնելու անբացատրելի մոլուցք են ունեցել: Այլադավ գաղափարներ պարտադրելով՝ օտար նվաճողները հրի ու սրի են քաշել մերոնց, լլկել եւ ունեզրկել՝ ազգը, հայրենիքը, կրոնն ուրանալու համար:
Ճիշտ է՝ դարեր շարունակ անազատ ենք եղել, սակայն ստրուկ էլ չենք եղել: Բայց այնպես չէ, որ դրանով ապրում կամ դրանից ուժ ու քաջալերանք ենք ստանում: Ոչ էլ, նախնիների կյանքն ուղեցույց արած, «առաջ Հայաստան» ասելով՝ դեպի ապահով Հայաստան ենք քայլում: Բնավ: Պարզապես ասելս այն է, որ այն, ինչ դարեր շարունակ հայի հետ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, Եվրոպայի ձեռքը բռնած թուրքերն ու անգամ Սովետմիությունը, սառնասրտորեն անում են մերոնք՝ հայրենի իշխանությունն ու վայ-ընդդիմությունը, որոնց հայ հասարակությունն այսքան հաշտ ու համերաշխ, այսքան միաբան դեռ չէր տեսել:



Նախօրեին իշխանամետ լրատվամիջոցներն առիթը բաց չթողեցին ամենայն մանրամասնությամբ ցուցադրել «ընդդիմադիրների» ուրախությունից փայլող դեմքերը, քանզի արժանացել էին նախագահի բարձր ընդունելությանը: Հատկանշական էին մասնավորապես երկրի ղեկավարի հետ նրանց ձեռքսեղմման կադրերը, որի ընթացքում ընդդիմադիր կողմն ակնհայտորեն ձգտում էր ձեռքը երկար պահել նախագահի ձեռքի մեջ:
Գաղափարական ու արժեհամակարգային կեղծ կռիվներ տված ընդդիմություն կոչվածը, արի ու տես, որ արեւի տակ իր տեղն ունենալու համար տարիներ շարունակ խաբել ու մոլորեցրել է ժողովրդին: Բայց պարզվեց, որ 20 տարի առաջ սկսած խաղը հայրենի «ընդդիմադիրները» երկար խաղալ չկարողացան. սահմանադրական բարեփոխումները նրանց դիմակազերծվել պարտադրեցին եւ այդ ամենն արեցին հրապարակային՝ ի տես հասարակության, խայտառակ ձեւով, որով «ընդդիմությունից» դեռ սպասելիքներ ունեցող ժողովրդին իշխանությունը թափանցիկ ակնարկով հասկացրեց՝ այլեւս որեւէ ակնկալիք չունենալ նրանցից:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ