Փակագծերից դուրս բերված փակագծեր

Փակագծերից դուրս բերված փակագծեր

Ռուսերեն արտահայտություն կա՝ вывести за скобки, որի բառարանային բացատրությունը հետեւյալն է՝ «հավասարներից ինչ-որ մեկին (ինչ-որ բան) բացառել»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարճաժամկետ աշխատանքային այցը Բաքու ադրբեջանական մամուլում շատք քիչ արձագանքներ ունեցավ, ինչը, թերեւս, վկայում է դրա կարեւորությունը:



Մեկնաբանությունների առատությամբ չփայլեցին նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցները: Այս համապատկերին ուշագրավ էր Regnum-ի մի հրապարակումը (http://dic.academic.ru/dic.nsf/proverbs/42453), որտեղ Լավրով- Ալիեւ բանակցությունները գնահատված են երկու կտրվածքով:



Regnum-ը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, գտնում է, որ կողմերի երկխոսության հիմնական թեման, որքան էլ Բաքուն հրապարակավ սահմանազատվում է դրանից, «տարածաշրջանային խնդիրներ են՝ իրավիճակի սրվածությունը Մերձավոր Արեւելքում, Թուրքիայի՝ Ադրբեջանի դաշնակցի, աշխարհաքաղաքական ձախողումները, որ պատերազմի մեջ է մի քանի ուղղություններում, ինչպես նաեւ Իրանի դերի ամրապնդումը»:



Ընդսմին, ռուսաստանյան լրատվամիջոցը բացառում է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվան կարող է համանախագահ մյուս երկրներից՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, անկախ նախաձեռնություններ ցուցաբերել:
Ըստ էության, հրապարակման գլխավոր ինտրիգը կայանում է դրանում՝ հերքել ենթադրությունները, թե, հնարավոր է, Լավրովը Բաքվու էր տարել ԼՂ բանակցային գործընթացն առաջ մղելու ինչ-որ առաջարկություններ: Այս թեման, որպես քաղաքական առաջնահերթություն, հավասարների շարքից այս փուլում բացառված է, եթե հավատանք Regnum-ին:



Այնուհետեւ Regnum-ը, առանց ծանրանալու իր իսկ՝ «էքսկլյուզիվ կարգով» ընդգծած, հարցերում Ռուսաստան- Ադրբեջան համագործակցությունից ակնկալիքների վրա, սահուն անցնում է Բաքվի ռեժիմի եւ արեւմտյան հանրության միջեւ լարվածության խնդրին՝ դրանք դիտարկելով Միլլի մեջլիսի առաջիկա ընտրությունների համատեքստում: «Պուտինը կարող է աջակցել Ալիեւին(բնագրում՝(Путин может подставить плечо Алиеву)»,- այս դեպքում գրեթե միանշանակորեն պնդում է ռուսաստանյան լրատվամիջոցը:



Ալիեւի ռեժիմը հայտնվել է շատ դժվար կացության մեջ՝ ինչպես 2013թ. նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ Պուտինը հարկ համարեց անձամբ ուղեւորվել Բաքու եւ փրկել դրությունը: Լավրովի այցը, հավանաբար, նշան է, որ Մոսկվան թույլ չի տա, որ Ադրբեջանում «մայդան տեղի ունենա»:
Խնդիրն այն է, թե դրա դիմաց Ադրբեջանից ի՞նչ սպասումներ ունի Պուտինը: Լավրովը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կմասնակցի ռուսաստանյան սպառազինությունների ցուցահանդես- վաճառքին: Ալիեւի ռեժիմն ունի՞ Ռուսաստանի հետ սպառազինությունների եւս մի քանի միլիարդ դոլարանոց գործարք կնքելու ֆինանսական հնարավորություններ: Մոսկվային դա, թերեւս, չի հետաքրքրում:



Բայց Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը խորանում է, իրավիճակը շտկելու ռեսուրսները չկան, ռեժիմն ակնկալում է արեւմտյան խոշոր ներդրումներ, որոնք քաղաքական պատճառններով առկախվել են: Եւս մի կտրուկ քայլ՝ դեպի Ռուսաստան, եւ Ալիեւի ռեժիմի դեմ, հնարավոր է, կիրառվեն արդեն տնտեսական պատժամիջոցներ:
Հետաքրքրական է նաեւ Իրանի դերի բարցրացման հարցում Ռուսաստանի եւ Ադրբեջանի անհանգստության պարագան: Մինչ Իրան-Արեւմուտք համաձայնության ձեռքբերումն Ալիեւի ռեժիմը հակաիրանական կոալիցիային էր հարում: Այսօր Ադրբեջանը դարձյալ Իրանի դեմ է, բայց արդեն՝ Ռուսաստանի անհանգստությունների ծիրու՞մ: Իրանը ցանկացած պահի կարող է դիմել պատասխան քայլերի, եթե Ալիեւի ռեժիմն իրոք խնդիրներ հարուցելու փորձ անի:



Բաքվում այնքան չեն հիմարացել, որպեսզի չհասկանան պահի չափազանց լրջությունը: Հնարավոր է, Ալիեւը միջանկյալ որոշում է ընդունել՝ Ռուսաստանի օգնությամբ եւս մեկ անգամ հաղթահարել ներքաղաքական դժվարությունները՝ հետագա զարգացումների համար որեւէ հստակ պարտավորություններ չստանձնելով հանդերձ:
Համաձայնելով (արդյո՞ք), որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս բերվի ռուս-ադրբեջանական հարաբերություններում հավասար առաջնահերթություններից, Ադրբեջանը միաժամանակ չի հայտնվում տարածաշրջանային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող երկրների շարքում: Դա բացառված է: Ալիեւի ռեժիմն ստեղծված իրավիճակում կարող էր ընտրություն կատարել ԼՂ հարցում Ռուսաստանի առանձին դերակատարության կամ Միլլի մեջլիսի ընտրություններում Պուտինի աջակցության հարցում Մոսկվայի հետ պայմանավորվածությունների միջեւ:



Ըստ երեւույթին, նա ընտրել է երկրորդը: Ռուսաստանը կամ չի ցանկացել, կամ ԼՂ հարցում իրոք մտադիր չէ գոնե այս փուլում սահմանազատվել ԱՄՆ-ից, կամ նման հնարավորություն չունի: Իսկ թե ռուս-ադրբեջանական ներկայիս համագործակցությունը Պուտին-Ալիեւ մակարդակից կվերաճեն քաղաքակրթական-ռազմավարական դաշինքի, թե, ընդհակառակը, ժամանակ անց վերստին կմատնվի տեղապտույտի, ցույց կտա ժամանակը:



Վահրամ Աթանեսյան