Գալուստ Սահակյանի՝ «ոչ»-ի և «չէ»-ի փիլիսոփայությունը

Գալուստ Սահակյանի՝ «ոչ»-ի և «չէ»-ի փիլիսոփայությունը

«Մենք որևէ մեկին համոզելու խնդիր չենք դրել: Նրզանք պարզապես փորձում են իրավիճակ ստեղծել, որ մեզ ներկայանալի դարձնելու ճանապարհով իրենց իմիջը բարձրացնեն: «Ոչ» արտահայտությունը դա չէ-ն է, իսկ «չէ» նշանակում է ոչ էական»,- այսօր լրագրողների հետ զրույցում «ոչ»-ի և «չէ»-ի դիալեկտիկական տարբերություններն ու փիլիսոփայական էությունը բացահայտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, երբ անդրադարձ եղավ բարեփոխումների հարցում քաղաքական ուժերին համոզելու խնդրին, մասնավորապես նրան, որ իշխանություններին չի հաջողվել համոզել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ 



Դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու է «Ոչ»-ի շարժումը, Սահակյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ մասին դեռ չի խոսել: Նա նշեց, որ Քոչարյանը սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվել է, սակայն «Ոչ»- շարժմանը միանալու մասին չի խոսել: Միևնույն ժամանակ, Գալուստ Սահակյանը նկատեց, որ հարգում է Ռոբերտ Քոչարյանին, սակայն կարծում է, որ այս պահին նա ուժեղ քաղաքական թիմ չունի:



Իսկ այն, որ ՀԱԿ առուջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ժողովրդին մոբիլիզացնելու և սահմանադրական բարեփոխումների գործընթացը տապալելու մասին, Գալուստ Սահակյանը նկատեց, որ տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն բանի մասին խոսել է: «Սակայն կարծում եմ՝ հարկավոր է տրամաբանել և հասկանալ, որ դրան հասնելու համար հարկավոր է ունենալ համապատասխան քաղաքական ռեզերվ, համապատասխան իրավիճակ»,- ասաց Սահակյանը:



Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նման իրավիճակ ստեղծվել է, քանի որ հանրության մեծ մասը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ հանրության մեծ մասի հետ ավելի շատ Հանրապետական կուսակցությունն է առնչվում, քան մյուս քաղաքական ուժերն ու լրագրողները: «Հանրությունը ամբողջ ազգն է, իսկ ազգի անունից կշիռ ցուցաբերողները դառնում են անկշիռ»,- եզրափակեց ԱԺ նախագահը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ