«Ժառանգությունն» ազատվեց օտար մարմնից

«Ժառանգությունն» ազատվեց օտար մարմնից

«Ժառանգություն» կուսակցությունից հեռանալու Ռուբեն Հակոբյանի որոշումը երեկ մի քանի ժամ խլացրել էր սահմանադրական բարեփոխումների գործընթացի խորհրդարանական աղմուկը: Ինչո՞ւ նախկին դաշնակցական, հիմա նաեւ ժառանգական Ռուբիկ Հակոբյանը կուսակիցների համար անակնկալ հեռացավ «Ժառանգությունից» հարցը հետաքրքրում էր շատերին: Թեպետ ընդամենը օրեր առաջ Հակոբյանը հերքել էր հեռանալու եւ կրկին ՀՅԴ վերադառնալու մասին լուրերը, բայց շատերի համար կանխատեսելի էր, որ ռուսամետությամբ աչքի ընկնող Հակոբյանը վաղ թե ուշ կլքի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած արեւմտամետ ուժը, քանի որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն էլ ավելի ցցուն էր դարձրել իշխանության հետ կառուցողական հարաբերությունների կողմնակից Հակոբյանի ու «Ժառանգության» հակասությունները: «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավարը, սակայն, իր հեռացումը գուժել էր Ֆեյսբուքի իր էջում՝ նախօրեի գիշերը: «Վերջին շրջանում իմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին եւ թե՛ ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ եւ չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» եւ, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաեւ վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»,- գրել է Ռուբեն Հակոբյանը։ 



«Ժառանգությունից» առաջին արձագանքը լսվեց երեկ՝ առավոտ կանուխ: Կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ Հակոբյանի հեռանալու մասին իմացել են Ֆեյսբուքից: Ավելի ուշ «Ժառանգությունում» վարչության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո էլ շատ բան չբացահայտվեց, Սանասարյանն ասաց միայն, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի Զարուհի Փոստանջյանը. «Մենք այս պահին պարոն Հակոբյանին միայն հաջողություն կարող ենք մաղթել, բայց չի բացառվում, որ հետագայում ավելի հստակ հայտարարություններ անենք»: Ռուբիկ Հակոբյանն այդ խորհրդակցությանը չի մասնակցել։
Սակայն նրա եւ «Ժառանգության» մնացյալ հատվածի տարաձայնություններն ի հայտ եկան նաեւ սահմանադրության նախագծի երեկվա քննարկման ժամանակ։ Արդեն խմբակցության ղեկավար դարձած Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ պետք է տապալել եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ն, եւ այս բարեփոխում կոչվածը: Նա ժողովրդին փողոց դուրս գալու կոչեր արեց եւ ասաց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու: «Այս սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն խորհրդարանական կառավարման համակարգի անվան տակ ոչ միայն ապահովել ինչ-որ մեկի վերարտադրությունը, այլ մի ամբողջ կուսակցության գոյատեւման համար են»: Ավելին՝ Սերժ Սարգսյանի մոտ գնացողները բոլորը «հաճախորդներ» են: Նրան արդեն իր ելույթում հեգնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում: Այդ չորս հոգին քեզ չեն կարողանում համոզել, ուրեմն քո մեջ ինչ-որ բան կատարվում է: Մարդն ինչքան անխելք պետք է լինի, որ հայտարարի, թե սահմանադրական բարեփոխումների զեկույցը տապալվեց»: Իսկ Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում երկրի ողջ մեղքը բարդեց ՀՀՇ-ի, ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա. «Էս իշխանություններին պետք է ամեն օր ծափահարել, որովհետեւ դուք, որ այդ ավանդույթներով ընդունեցիք սահմանադրությունը, լավագույնս կատարում են ձեր (նկատի ունի նախկին ՀՀՇ-ին) հորդորները. ասում էիք՝ պետք է կեղծելով վերարտադրվենք, մարդիկ անում են, ի՞նչ եք ուզում: Դուք մի դարակազմիկ կարգախոս ունեիք՝ պոլի փետ լինի, ՀՀՇ լինի, էս մարդիկ կատարելության են հասցրել դա: Դա նշանակում էր, որ ժուլիկ, քծնող մարդիկ պետք է խցկվեն իշխանություն, անում են՝ ի՞նչ եք ուզում: Դուք լավագույն դաշնակիցն եք այսօրվա իշխանությունների»: Փոխարենը իշխանությունների մասին «հարգելիով» խոսեց, ասաց, որ իշխանությունը ոչ թե «ոչ» է ասում այս սահմանադրությանը, այլ ասում է, որ չի ուզում դուք անեք:



ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Մինչեւ «Ժառանգություն» տեղափոխվելը դաշնակցական Ռուբեն Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսն էր: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Ռուբիկ Հակոբյանը 2008-ին վերադարձավ Հայաստան, հետո, կրկին անակնկալ, հայտնվեց «Ժառանգությունում», որն իր առաջնորդի գլխավորությամբ համարվում էր ընդգծված արեւմտամետ: Սակայն Ռուբիկ Հակոբյանի շնորհիվ արեւմտյան արժեքների դավանանքի մասին «Ժառանգության» դավանանքը մնաց թղթի վրա, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մի օր դեմ էր հանդես գալիս, օրինակ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրմանը, մյուս օրը Ռուբիկ Հակոբյանը տրամագծորեն հակառակի մասին էր խոսում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Թեւան Պողոսյանին հարցրինք․ ավարտվե՞ց «Ժառանգության» էպոխան՝ նկատի ունենալով, որ այդ անունը կրող խմբակցությունում մեկ կուսակցական կա՝ ի դեմս Զարուհու։ «ՀՀՇ-ն էլ ունի մեկ կուսակցական անդամ ամբողջ պառլամենտում, «Ազատ դեմոկրատները»՝ նույնպես մեկ անդամ, ՀՀԿ-ում կա մեկ անդամ ինչ-որ այլ կուսակցությունից»,- հակադարձեց նա: Երեկ բոլորի կանխատեսումներն այն մասին էին, թե քաղաքական որ ճամբարում է առաջիկայում հայտնվելու Հակոբյանը, գերիշխում էին ՀՅԴ վերադառնալու մասին խոսակցությունները: Մյուս կողմից՝ ՀՅԴ-ում, որպես կանոն, հեռացածներին հետ ընդունելու պրակտիկա գրեթե չկա։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք․ ճի՞շտ է, որ ՀՅԴ-ում չեն պատրաստվում ընդունել «դավաճանին», ով ժամանակին հեռացել է ՀՅԴ-ից։ «Ռուբիկ Հակոբյանը դավաճան չէ, գոյություն ունի Դաշնակցության կանոնագիրք, կան դեպքեր, երբ մարդկանց արտաքսել են ՀՅԴ-ից, եւ նրանց վերադարձը գրեթե անհնար է, նրանց կարող է միայն վերականգնել ընդհանուր ժողովը: Ռուբեն Հակոբյանին մենք դավաճան չենք համարում, որովհետեւ նա արտաքսված չէ»,- պատասխանեց Վարդանյանը: Եվ նշեց, որ 15 տարի առաջ ՀՅԴ-ից հեռացած մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը կրկին հայտ է ներկայացրել, այն ընդունել են, իսկ Ռուբեն Հակոբյանից նման դիմում դեռ չեն ստացել: Արմեն Ռուստամյանն էլ ասաց. «Դիմելու իրավունքն իրենն է, նա կարող է դիմել, իսկ կընդունվի, թե ոչ՝ դա կարող է որոշել Դաշնակցության գերագույն մարմինը»: Իսկ ՀՅԴ-ում գնացած-հետ եկածներին վերջին շրջանում շա՞տ են ընդունում։ «Դե՝ բավականին, ամբողջ ցանկը չեմ կարող թվել»։