Ընտիր հանդիպում էր. ՌԱԿ-ը գոհ է նախագահի հետ հանդիպումից

Ընտիր հանդիպում էր. ՌԱԿ-ը գոհ է նախագահի հետ հանդիպումից

Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի եւ Սեյրան Ղարիբյանի հետ: «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին խնդրեցինք ներկայացնել իրենց նկատառումները սահմանադրական բարեփոխումների շուրջ, որը քննարկել են նախագահի հետ հանդիպման ժամանակ։



Սահմանադրության հետ կապված, Ավետիքյանն իրենց գլխավոր մտահոգություններն ու անորոշությունները 3 կետում ներկայացրեց, որոնցից առաջինը վերաբերում է գլխավոր հրամանատարի հարցին, ըստ այդմ՝ խնդիրն այն է, որ եթե խաղաղ ժամանակ նախարարն է ստանձնում գլխավոր հրամանատարի պարտականությունները, պատերազմական իրավիճակի ժամանակ էլ՝ վարչապետը, ապա հարց է առաջանում․ մեր երկրում սահմանային վիճակն այնպիսին է, որ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն․ «Այստեղ շփոթ է առաջանում, այդպիսի իրավիճակում ո՞վ է տնօրինում, ո՞վ է գլխավոր հրամանատարը՝ նախարա՞րը, թե՞ վարչապետը։ Այս շփոթի հետ կապված՝ նախագահը մեզ բավական համոզիչ պատասխան տվեց, բայց կասկածները լրիվ չփարատվեցին»։



Երկրորդ մտահոգությունն առնչվել է կուսակցություններին, այն է՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համար 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքի ժամանակ 7 տոկոսի շեմն անցնելը շատ բարձր է, հատկապես, որ նոր սահմանադրությունը նախատեսում է պատգամավորների թիվը 131-ից կրճատել 30-ով։ Իսկ դա կնշանակի, որ այդ 5 տոկոսի շեմը բավականին անհաղթահարելի է այն կուսակցությունների համար, ովքեր չունեն ոչ վարչական եւ ոչ էլ համապատասխան ֆինանսատնտեսական ռեսուրս․ «Դա նաեւ մեր կուսակցությանն է վերաբերում, այդ դրույթով ինչ է ստացվում, որ Հայաստանում միայն հարուստ կուսակցությունները հնարավորություն ունեն ընտրվել եւ վերարտադրվել, այսպիսով քաղաքական դաշտը դեպի լճացում է գնում։ Երկրի զարգացման իմաստով էլ սխալ է։ Այստեղ նախագահը դիտել տվեց, որ ընտրությունների մասին օրենքն անջատ է, եւ մենք չենք կարող սահմանադրության մեջ նման ընտրական օրենք ներմուծել, դա առանձին պետք է լինի»։



Երրորդ կարեւոր հարցն այն է, որ թե առաջին, թե երկրորդ սահմանադրության դեպքում կային սուբյեկտիվ վերաբերմունքի խնդիրներ։ «Դրանք վերաբերում են հատկապես կադրերի նշանակման եւ տնտեսական ոլորտին, իսկ դա ոչ թե օրենքով է որոշվում, այլ անհատական որեւէ պաշտոնյայի սուբյեկտիվ վերաբերմունքով, ի՞նչն է երաշխիքը, որ եթե ընդունվի այս նոր սահմանադրությունը, այդ սուբյեկտիվ վերաբերմունքը չի վերանա»,-նշեց նա ու հավելեց, որ սրա հետ կապված՝ առաջացել է նաեւ մենաշնորհների հարցը։



Հակոբ Ավետիքյանը հանդիպումն այսպես է բնութագրում․ «Ընտիր հանդիպում էր, որովհետեւ շատ անկեղծ մթնոլորտում էին այս խոսակցությունները, նախագահը շատ աշխույժ, գործնական օրինակներով իր կարծիքն էր արտահայտում, եթե ինչ-որ բան մեզ համար համոզիչ չէր, ասում էինք՝ հավելյալ բացատրում էր»։ Հանդիպումից հետո իրենց մտահոգությունները, կապված սահմանադրության բարեփոխումների հետ, ինչ-որ չափով փարատվեցի՞ն։ «Ինչ-որ չափով, կարելի է ասել՝ այո, բայց նաեւ ավելացնեմ հետեւյալը, որ մենք սկզբից եւեթ հայտարարեցինք, որ մեր գաղափարախոսության թելադրանքով կողմ ենք խորհրդարանական կառավարմանը։ Սա մեր դիրքորոշումն է, եւ մենք գոհ ենք այդ հանդիպումից»։