ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Ֆարմանյանը. Որոշումը կայացված է

ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Ֆարմանյանը. Որոշումը կայացված է

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր առավոտյան հանդիպել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Hraparak.am-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանը առաջարկել է Ս.Ֆարմանյանին ընդգկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, վերջինս տվել է իր համաձայնությունը



Այսպիսով, որոշումը կայացված է, ԵԽԽՎ-ում թափուր մնացած տեղը բաժին հասավ Սամվել Ֆարմանյանին, մինչդեռ այս տեղի համար պայքարողների պակաս չէր զգացվում:



Ի դեպ, «Հրապարակի» այսօրվա համարում գրել էինք, որ երեկ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն է Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու ԵԽԽՎ-ում։ Ասաց, որ ինքը Հռոմում է, ոչ մի բանից տեղյակ չէ, կգա վաղը ու կասի իր «տղամարդկային խոսքը»: Իսկ մինչ այդ Ձեզ այլ մեկը չի՞ ասել իր «տղամարդկային խոսքը», մամուլում գրվել է, որ Դուք արդեն հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ ու «պայմանավորվել» խնդրո առնչությամբ: «Դուք արդեն 3000 դրամի ինձ հետ խոսեցիք, ռոումինգ է, չէ՞»,- դիվանագիտորեն «ցրեց» Ֆարմանյանը: Բոլոր դեպքերում պնդում են, որ Դուք պետք է այս անգամ մեկնեք Ստրասբուրգ, չնայած արարողակարգից մեր աղբյուրներն ասացին, որ Ձեր տոմսը դեռ գնված չէ: «Խորհրդարանական պատվիրակությունները ձեւավորվում են ԱԺ նախագահի որոշումներով: ԱԺ նախագահի կողմից այս պահին նման առաջարկ ես չեմ ստացել: Եթե լինի, կմտածեմ»: