Օսկանյանը չի շտապում

Օսկանյանը չի շտապում

Մեր տեղեկություններով, Վարդան Օսկանյանն այլեւս ակտիվորեն չի զբաղվում «Սիվիլիթասի» ֆինանսավորման աշխատանքներով: Ավելին` տեղեկություններ կան, որ նա տեւական ժամանակ է, ինչ հանձնել է շենքի ութերորդ հարկը՝ ավելորդ ծախսեր չանելու համար, եւ «Սիվիլիթասի» որոշ աշխատակիցներ նոր աշխատանք են որոնում: Օսկանյանը ոչ միայն ցանկանում է կուսակցություն ստեղծելու նախաշեմին ֆինանսական պարտավորություններ չունենալ, այլեւ «մաքուր» մնալ, որպեսզի քաղաքական գործընթացների, կուսակցաշինության այս փուլում որեւէ խնդիր չունենա իշխանությունների եւ իրավապահների հետ, եւ ստեղծվելիք կուսակցությունը ֆինանսավորվի բացառապես ներսից: Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, Վիկտոր Սողոմոնյանը: Խոսակցություններ կային, որ նաեւ` Վահե Հովհաննիսյանը, սակայն վերջինս մեզ հետ զրույցում կատեգորիկ ժխտեց նման հեռանկարը, նա, հավանաբար, կշարունակի մնալ գորշ կարդինալի կարգավիճակում: Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը կգրանցվի սահմանադրական հանրաքվեից հետո եւ կհետապնդի բացառապես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակ` իր տանիքի տակ հավաքելով ընդդեմ «ռեժիմի» հանդես եկող պրոքոչարյանական ուժերին: