Հակառակորդի կրակոցներից Բերդավանում 2 զոհ եւ վիրավորներ կան. Մանրամասներ

Հակառակորդի կրակոցներից Բերդավանում 2 զոհ եւ վիրավորներ կան. Մանրամասներ

Տավուշի մարզի Բերդավան գյուղում այս պահին ամեն ինչ հանգիստ է, կրակոցները դադարել են, այս մասին Hraparak.am-ին հայտնեց գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:



Նա տեղեկացրեց, որ հակառակորդի գնդակոծության հետեւանքով իրենց գյուղում  երկու զոհ կա, ինչպես նաեւ երկու վիրավոր: Բերդավանում կրակոցների հետեւանքով զոհվել է 41-ամյա  Սոնա Ռեւազյանը եւ 94-ամյա Շուշան Ասատրյանը: Իսկ վիրավորները հարեւաններ են՝ մի տղամարդ ու կին: «Դե տան մեջ են եղել, կրակել ու վնասվածքներ են ստացել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, ասում են՝ նրանց կյանքին վնաս չի սպառնում»,-ասաց գյուղապետը



Նոյեմբերյանի հիվանդանոցից էլ Hraparak.am-ին հայտնեցին, որ կնոջ վիճակը ծանր է, հնարավոր է նրան կարիք լինի տեղափոխել Երեւան: «Կրակոցների բեկորներն են նրանց վնասել,  կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, համապատասխան բուժօգնությունն են ստանում»:



Նշենք, որ հակառակորդի կրակոցների պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ խաղաղ բնակչության շրջանում, երեք զոհ եւ վիրավորներ կան: Կրակոցների հետևանքով Պառավաքարում զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը, ով իր այգում պնդուկ հավաքելիս է եղել: Կրակոցների հետեւանքով հրկիզվել է զոհված կնոջ տունը, նաև մեկ մեքենա է պայթել գյուղում: