Վրաց-ադրբեջանական «պատերազմ»

Վրաց-ադրբեջանական «պատերազմ»

Մի քանի օրառաջ Բաքվում էր Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, որ փակբանակցություններ է վարել Իլհամ Ալիեւի հետ: Արդյունքներն, ամենայն հավանականությամբ, բոլորովին էլ գոհացուցիչ չէին ադրբեջանական կողմի համար: Հակառակ դեպքում Բաքվի մամուլը կհեղեղվեր վրաց-ադրբեջանական «ռազմավարական գործընկերության» մասին հրապարակումներով:



Հոկտեմբերի 15-ին Թբիլիսիում է գտնվել Ադրբեջանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաեւ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրենը: Բաքվի մամուլը ենթադրում է, որ վերջինիս ընդգրկվածությունը վկայում է, որ բանակցությունների առարկա է նաեւ Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու «վրացական հատվածի գործարկման հետ կապված հարցը»:



Ադրբեջանը նշված նախագիծն իրականացնելու համար երկարաժամկետ, անտոկոս փոխառություն է տրամադրելՎրաստանին: Վրացական նոր իշխանությունները, մինչդեռ, գտնում են, որ երկաթուղու վրացական հատվածի համար տրամադրված միջոցների «հաշվարկն ուռճացված է, հնարավոր է՝ գործել է կոռուպցիոն մեխանիզմ»: Այլ խոսքով, Թբիլիսին կասկածում է, որ էքս-նախագահ Սահակաշվիլին պետության հաշվին կոռուպցիոն գործարք է կքնել Ալիեւի ռեժիմի հետ՝ ունենալով անձնական շահագրգռվածություն:



Ներկա պահի դրությամբ երկաթուղու վրացական հատվածում աշխատանքները գրեթե դադարեցված են: Վրաստանի իշխանությունները պահանջում են կատարել փոխառության վերահաշվարկ: Նախկինում Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնել լրացուցիչ միջոցներ հատկացնել, բայց ֆինանսական ճգնաժամի պայմաններում դա անհնար է:



Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում անվստահությունը բարձրակետին հասավ, երբ «Գազպրոմի» եւ վրացական կառավարության միջեւ Բրյուսելում գաղտնի բանակցությունների մասին տեղեկատվական արտահոսք կազմակերպեց ռուսաստանյան կողմը, իսկ Թբիլիսին չհերքեց: Բայց, ինչպես երեւում է, Ադրբեջանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը չի անդրադարձել այդ խնդրին, քանի որ Socar պետական նավթային ընկերության նախագահը Վրաստանի մայրաքաղաք չէր մեկնել:



Ըստ երեւույթին, ադրբեջանական պատվիրակությունը փորձել է նախապատրաստել Իլհամ Ալիեւի այցը Թբիլիսի, որը նախատեսված է նոյեմբերի 6-ին: Ի՞նչ մակարդակի ընդունելության է արժանացել Ադրբեջանի առաջին փոխվարչապետը՝ հայտնի չէ: Ուշագրավ է, որ Թբիլիսիում Հեյդար Ալիեւի հուշարձանին ծաղկեպսակադրման արարողությանը վրացի ոչ մի պաշտոնյա ներկա չի գտնվել:



Վրաց- ադրբեջանական հարաբերություններում ակնհայտ լարվածության մասին է խոսում նույն օրը virtualaz.org-ի հրապարակումը, ըստ որի՝ վրացական իշխանությունների նպատակադրվածությամբ «ադրբեջանական անվճար գազ են օգտագործում Վրաստանում հայկական եկեղեցիները, հայաբնակ բոլոր գյուղերը գազաֆիկացված են, իսկ ադրբեջանական բնակավայրերում մարդիկ ստիպված իրենց կացարանները ջեռուցում են փայտով»:



Ավելի ու ավելի հաճախ են ադրբեջանցիները հիշեցնում, որՎրաստանը բնական գազ է ստանում արտոնյալ գներով, ինչին վրացի փորձագետներն արդարացիորեն հակադարձում են իրենց երկրի տրանզիտային հնարավորությունների մասին հիշեցումներով: Ադրբեջանցի որոշ փորձագետներ կարծում են, որ վրաց-ադրբեջանական պատերազմը հովանավորում է նախկին վարչապետ Իվանիշվիլին, քանի որ հանդիսանում է «Գազպրոմի» մասնավոր բաժնետերերից մեկը:



Վահրամ Աթանեսյան