Հաջորդ ընտրությունները՝ Երևան Սիթիի քարտերով

Հաջորդ ընտրությունները՝ Երևան Սիթիի քարտերով

Եթե կարելի է ընտրությանը մասնակցել նույնականացման քարտերով, ապա ի՞նչն է խանգարում ՀՀ քաղաքացուն ընտրել Երևան Սիթի սուպերմարկետի քարտով: Նկա՞րն է պակասում:



Զարմանալ կարելի է, թե ինչպես է իշխանությունը ձգտում հերթական այլանդակ ընտրությունն ունենալ: Եթե սեփական դեմքը փրկելու խնդիր են լուծում, ապա դրա լավագույն ելքը գոնե մեկ անգամ արդար և թափանցիկ ընտրություն անցկացնելն է: Ո՞վ է այսօր հավատում, որ մինչ այս տեղի ունեցած ընտրությունները չեն կեղծվել, մինչ այս ընդունված սահմանադրությունները չեն պարտադրվել: Հիմա ի՞նչ, ուզում ենք մեկն է՞լ ավելացնել:



Օրենքում հստակ ասված է. «Հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»: Եթե ի գիտություն ընդունենք ոստիկանության հրապարակած թիվը, ապա Հայաստանում կա 2 միլիոն 548 հազար 654, ընտրող: Այդ թվի մեկ երրորդը կազմում է մոտ 630 հազար ընտրող: Հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք այն սահմանադրությունը, որին տվյալ երկրում կողմ չէ նույնիսկ 600 հազար մարդ: Եթե իշխանությունն այսօր զանազան ձևերով ճիգ է թափում որ գոնե այդքան «այո» նկարի իր նախաձեռնության համար, ապա այդ նույն իշխանությունն առհասարակ խնդիրներ ունի հանրության հետ և պետք է շառը քաշի, գնա՝ չսպասելով որևէ ժամկետի: Համամիտ չե՞ք, որ ավելի մեծ խայտառակություն է մերժված լինելով իշխանությունից կառչած մնալը, քան չգիտես ինչ ձևերով ինքնախաբեությամբ զբաղվելը, թե քեզ դեռ 600 հազար մարդ է «այո» ասում:



Վենետիկի հանձնաժողովը, որի գնահատականներով սիրում են պարծենալ մեր իշխանությունները, նաև մի հստակ առաջադրանք է տվել՝ հանրաքվեն անցկացնել համախոհությամբ՝ հնարավորինս լայն կոնսոլիդացիայով: Ո՞ւր է այդ կոնսոլիդացիան: Այո, ունենք հրաշալի նախագիծ, ունենք ավելի առաջադեմ փաստաթուղթ, որ ընդդիմությանը գործելու ավելի լայն հնարավորություններ է տալիս, ունենք մի բան, որ ի վերջո թույլ է տալիս մեր երկրում էլ իշխանափոխություն իրականացնել, բայց ո՞ւր է ամենակարևորը՝ այդ փաստաթղթի շուրջ համախոհությունն ու կոնսոլիդացիան: Միշտ էլ կարելի է ասել, որ նախաձեռնությանը մի քանի քաղաքական ուժեր և առանձին գործիչներ են դեմ: Բայց մի՞թե դա հիմք է պնդելու, որ կոնսոլիդացիա կա: Իսկ ժողովո՞ւրդը…



Եվ հիմա, փոխանակ մարդկանց համոզելու, բացատրելու, նոր սահմանադրության առավելությունները քարոզելու (չգիտես ինչու սա համարվում է ավելորդ աշխատանք), կպել են նույնականացման քարտերին, որպեսզի կարողանան պատկեր նկարել՝ 630 հազար «այո»:



Ո՞վ մտածեց այս ապուշությունը: Իհարկե ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, իբր՝ այն խեղճ ընտրողների իրավունքները պաշտպանելու համար, ովքեր անձնագիր չունեն: Չունե՞ն՝ ուղարկեք անձնագիր հանելու, աջակցեք մարդկանց, ոչ թե հերթական ֆինտուֆլյուշկան մեջտեղ գցեք, հիասթափությունը կատարյալ դաձնելու համար: Այսօր նույնականացման քարտ ունեցող 540 հազար մարդուց մոտ 370 հազարը միաժամանակ նաև անձնագիր ունի: Հարցը կարգավորելու համար պետք է ընդամենը 170 հազար անձնագիր տալ մարդկանց: Բայց չէ՝ ՀՀԿ-ն որոշել է մերկ հետույքին կատու շալակել և թույլատրել մի բան, որ լիուլի հնարավորթյուն է ընձեռնում կրկնական քվեարկություններ կազմակերպելու: Ես կարող եմ վստահեցնել, որ ՀՀ շատ ու շատ քաղաքացիներ ոչ անձնագիր ունեն ոչ էլ նույնականացման քարտ, իսկ նրանց անձը հաստատող միակ փաստաթուղթն էլ Երևան Սիթիի զեղչի քարտն է: Միանգամից դա էլ թույլատրեք, ի՞նչ է պատահել:



Մյուս կողմից էլ, երբ նախաձեռնել ես մի բան, բայց այնքան էլ շահագրգռված չես, որ նախաձեռնությունդ անցնի, այսինքն՝ հավեսդ փախել է և կամ ինչ-ինչ ազդակների ներքո նահանջել ես, հասկանալի է դառնում, թե ինչու ոչ մի քայլ չի ձեռնարկվում հանրությանն այդ նախաձեռնության շուրջ կոնսոլիդացնելու համար: Սերժ Սարգսյանի ձեռագիրն այս հարցերում բոլորին է ծանոթ: Սովորաբար նա ոչ մեկին քարոզչություն չի վստահում, եթե նպատակ է դնում՝ հաղթել: Առաջիկա հանրաքվեի ելքը նրան, կարծես, չի էլ հետաքրքրում արդեն: Այլապես «չեբուրաշկաների» գնդերն արդեն ոտքի հանված կլինեն, ՀՀԿ-ական գրասենյակներն արդեն վերածված կլինեին շտաբների, դրանց դռների մոտ հերթեր կգոյանային, համատարած ասֆալտ կանեին, տանիք կնորոգեին, նախարարները կսկսեին զեկույցներ տալ պլանը 105 տոկոսով կատարելու մասին: Այս ամենը չկա, մարդիկ տարակուսած են, չգիտեն էլ՝ ընտրակաշառք տալու՞ւ են, թե՞ Նոր տարին դատարկ սեղանի շուրջ են դիմավորելու: Հաղթել պատրաստվող Սերժ Սարգսյանը, ի՞նչ եք կարծում, թույլ կտա՞ր, որ հոսանքը հանրաքվեից ամիսներ առաջ թանկանար: Բնավ, երբեք:



Անկախ այս ամենից, անկախ այն բանից՝ «Այո»- ի ՀՀԿ-ական շտաբը մինչև հանրաքվեն որևէ հոդաբաշխ խոսք կփոխանցի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, թե՞ ոչ, պետք է հուսալ, որ երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, չնայելով «Ոչ» -ի ճակատի գոռգոռոցներին ու խայտառակ կեցվածքներին, չնայելով այսպես կոչված «Այո»- ի շտաբի անգործությանը (սրա կազմը արդեն սպանում է), այս ժամանակահատվածը կօգտագործեն մարդկանց հասկացնելու, որ պատեհ առիթ է ստեղծվել իրենց կյանքը փոխելու, երկրի առաջընթացի կապանքները քանդելու, մի գեղեցիկ օր նորմալ իշխանություններ ձևավորելու հնարավորություն ունենալու համար: Կդրսևորի՞ ՀՀ քաղաքացին այդ կամքը, կվերցնի՞ նախաձեռնությունն իր ձեռքը՝ ուրեմն կդառնա երկրի տերը: Ակտիվություն չի՞ դրսևորի, կամք չի՞ ցուցաբերի, ուրեմն կշարունակի ապրել այս պայմաններում, ուրեմն ակամա «ոչ» կասի բարեփոխումներին և դրանով ջուր կլցնի «Ոչ»-ի ճակատի տարատեսակ փրկիչների ջրաղացին:



Ի դեպ՝ այս ճակատն էլ մատը մատին չի տալիս մարդկանց իր «գաղափարների» շուրջ կոնսոլիդացնելու համար: Սանց հույսն այն է, որ 630 հազար «այո»  ապահովելն այսօր խնդիր է իշխանությունների համար և այդ խնդիրը չի լուծվի, որովհետև հանրաքվեն նախագահական կամ ԱԺ ընտրություն չէ, որպեսզի մարդիկ ակտիվություն դրսևորեն: Թվում է՝ պետք է գնային, մարդկանց համոզեին «ոչ» ասել, բայց, քանի որ դատարկ են, այնպիսի քայլեր են ձեռնարկում, որ մարդիկ վերջնականապես հիասթափվեն ամեն ինչից: Խելքի աշեցեք՝ ԱԺ-ում 2.5 պատգամավոր ունեն, բայց Գալուստ Սահակյանից նախագահի իմփիչմենտ են պահանջում, փայծաղը հեռացրած երկու մարդ ունեն կողքները՝ Ազատության հրապարակում զորահավաք են հռչակում: Ո՞րը թվես՝ մի փրկիչը դիտորդ է, մյուսը՝ հավերժական ճամփորդ, հարցնում ես՝ լավ, զանգը ո՞վ կախ անի, պարզվում է՝ բոլորը քյոհնա ճառ ասող են: Ու նաև պետք է, որ այս պատեհապաշտներին «ոչ» ասի ժողովուրդը: