Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

ԼՂՀ Գերագույն խորհուրդը քննարկում էր նախագահի ինստիտուտ սահմանելու մասին օրինագիծը: Ռոբերտ Քոչարյանն արդեն երկու տարի գլխավորում էր Պաշտպանության պետական կոմիտեն, որի ձեռքում էր կենտրոնացած ողջ իշխանությունը:



Աշխատում էի Լրատվության եւ մամուլի դեպարտամենտում: Հանձնարարություն ստացա՝ հարցախույզ անցկացնել Գերագույն խորհրդի նախագահության անդամների շրջանում: Ծանր առաջադրանք էր, փաստացի կոնֆիդենցիալ տեղեկույթ պիտի պատրաստվեր, բայց ֆորմալ հարցազրույցների շարք էի, իբր, պատրաստում:



Հանդիպեցի մարդկանց, ձայնագրեցի: Վերլուծական բաժնում կազմեցինք կարճ տեղեկանք, որ ԳԽ նախագահության անդամների մեծ մասը դեմ է ԼՂՀ-ում նախագահի ինստիտուտի ստեղծմանը: Անուններ չէինք նշել:



Կարճ ժամանակ անց հրավիրվեց Գերագույն խորհրդի նիստ: Նախագիծը ներկայացրեց եւ պատգամավորներին կողմ քվեարկելու կոչ արեց ԳԽ նախագահության այն անդամը, որ ինձ հետ հարցազրույցում ամենախիստ գնահատականն էր հնչեցրել Քոչարյանի հասցեին: Նախագիծն ընդունվեց միաձայն: Տարեվերջին Գերագույն խորհուրդը Ռոբերտ Քոչարյանին ընտրեց ԼՂՀ նախագահ:



Երկու տարի հետո, 96-ի նոյեմբերին, նախագահի համաժողովրդական ընտրություն էր: Քոչարյանի մրցակիցը Պաշտպանության պետական կոմիտեում նրա առաջին տեղակալ աշխատած Բորիս Առուշանյանն էր: Կազմակերպվել էր Քոչարյանի հանդիպումը պաշտպանության բանակի սպայական կազմի հետ:



Որպես բանակային թերթի խմբագիր՝ ներկա էի: Քոչարյանը նախընտրական ելույթից հետո դիմեց դահլիճին՝ հարցեր ունե՞ք: Խելքիս փչեց՝ հարցրի, թե ինչ կարծիքի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Չեմ հիշում, թե ինչ պատասխանեց, բայց զգացի, որ վիրավորված է:



Հանդիպման ավարտին Սամվել Բաբայանը Քոչարյանին ճանապարհելուց հետո վերադարձավ եւ շանթ ու կրակ թափեց մի քանիսի գլխին: Բաժին հասավ զորամասի հրամանատարին, որ հանդգնել էր ընդունել եւ թեյ հյուրասիրել Բորիս Առուշանյանին: Ինձ ոտքի կանգնեցրեց եւ հրամայեց պոկել ուսադիրներս ու գնալ «Եղնիկներ» զորամաս՝ որպես շարքային:



Չորս ամիս հետո, երբ կայազորային հաուպտվախտում տասնօրյա կալանքի մեջ էի,- դա Բաբայանի որոշումն էր՝ բանակից զորացրելուց առաջ,- լսեցի, որ Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ: Եվ դառնացա՝ եթե այդպես էր լինելու, էլ ինչո՞ւ էին գլխներիս կրակ թափում:



…Երբեմն պատահում է՝ այն հանդիպման մասնակիցներից մեկն ինձ հիշեցնում է անխոհեմությունս, թե ինչու Քոչարյանին հարց ուղղեցի եւ պատժվեցի: Իսկ ես ուրախ եմ: Եթե այդպես չլիներ, հաստատ ավելի խիստ պատժի էի արժանանալու:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ