2018-ի սիմվոլիկան

2018-ի սիմվոլիկան

Ղարաբաղցի բարեկամս հետաքրքիր սիմվոլիկա է արձանագրել․ 2018-ին, երբ սկսելու է գործել ՀՀ նոր Սահմանադրությունը (եթե, իհարկե, հանրաքվեով այն անցնի), լրանալու է ղարաբաղյան շարժման՝ 30, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի՝ 20, Հայաստանի առաջին հանրապետության 100 տարին։ Այս խորհրդանշական համընկնումների մեջ բարեկամս խորը իմաստ է տեսել։ Եվ կարծում է, որ 2018-ը ճակատագրական է լինելու մեր ժողովրդի եւ մեր պետության համար։ Մենք, անշուշտ, միայն չարագուշակ կանխատեսումների ենք հակված։ Սակայն ասում են, որ վատ կանխատեսումները բացասական լիցքեր են բերում տիեզերքից։ Այսինքն՝ եթե ուզում ենք մեր հողակտորում դրական իրադարձություններ ծավալվեն, պետք է փորձենք լավատեսությամբ լցվել եւ այս սիմվոլիկան դրական լույսի ներքո դիտարկել։ Ի վերջո, Առաջին հանրապետությունը երկարատեւ դադարից հետո մեր ազգի համար ինքնության վերականգնման, ծանր ու սեւ իրադարձություններից հետո վերածնման, գոյատեւման իմաստ ունի՝ որքան էլ ողբերգական էր ավարտը։ Իսկ ղարաբաղյան շարժումը՝ տոտալիտար երկրի փլուզման, ազգային զարթոնքի իմաստ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ էլ լուսավոր պահեր կան։ Ի վերջո, «գահից» կամովին հրաժարվելու համար մեծ ուժ է հարկավոր, եւ այդ հրաժարականը, որքան էլ «հայտնի ուժերի» պահանջով ներկայացված, իր խորքում հանրային պահանջ էր ամփոփում։ Իսկ հանրության կամքի դրսեւորումը, այդ կամքի իրականացումը չի կարող դրական չընկալվել։ Ժողովրդավարության հաղթանակը հենց դրան պետք է տանի՝ հանրային պահանջների բավարարման։ Այնպես որ, ՀՀ առաջին նախագահի հրաժարականի մեջ էլ դրականն ավելի շատ է, քան բացասականը։ Ինչ վերաբերում է ՀՀ նոր Սահմանադրությանը, ապա դրա նկատմամբ վերաբերմունքը կախված է իրական «այո»-ների քանակից։