Դեկտեմբերի 1-ին ժողովուրդը կմնա Ազատության հրապարակում եւ կվերահսկի ընտրությունների օրինականությունը

Դեկտեմբերի 1-ին ժողովուրդը կմնա Ազատության հրապարակում եւ կվերահսկի ընտրությունների օրինականությունը

Սահմանադրության փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեի վերաբերյալ դեռեւս բոյկոտի պաշտոնական որոշում չի կայացրել, իսկ առանձին կոչերը՝ դրանք կոնկրետ մարդկանց կարծիքներ են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ, Փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին հրավիրված հանրահավաքն ըստ էության լինելու է «աշխարհահավաք», որտեղ էլ ժողովուրդը որոշելու է՝ մասնակցել, «ոչ» ասել ու այդ օրվանից սկսած՝ հանրային վերահսկողությո՞ւն իրականացնել, թե՞ բոյկոտել հանրաքվեն: Հիշեցնենք, որ ճակատի քաղխորհրդի անդամների թվում են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինս էլ, ի դեպ, մոտ տասն օր առաջ հայտարարեց, որ իրենք համոզված են՝ դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու նկարչություն, եւ չեն ուզում կրկնել այս 20 տարիների ընդդիմությունների հայտնի փորձերը՝ նպատակահարմար համարելով բոյկոտել հանրաքվեն:



«Մենք լավ գիտենք, որ մեզանում բոլոր ընտրությունները կեղծվում են հանցավոր վարչախմբի կողմից, բայց սա սահմանադրական հանրաքվե է, իսկ Սահմանադրությունը շարքային քվեարկություն չէ եւ արվում է ոչ թե առաջիկա 5 տարվա համար, այլ շատ ավելի երկար ժամանակների համար։ Իհարկե, մենք ելնում ենք լավատեսական կանխատեսումներից, որ մեզանում առաջիկայում չեն լինի այս անմեղսունակ իշխանությունները, որոնք ամեն օր, պատեհ-անպատեհ չեն փոխի Սահմանադրությունը»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը:



- Բոյկոտի մասին բացարձակապես խոսակցություններ չկան, բոյկոտ չկա, մենք «ոչ» ենք ասելու, համազգային էքզիտ-պոլ ենք անելու, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը, ընտրությունների օրը հավաքված հրապարակում, հաստատելու է իր «ոչ» քվեարկությունը: Դա հանրային վերահսկողության ձեւ է:



- Բայց տեսակետներ են հնչում, որ բոյկոտի դեպքում իշխանությունները կդժվարանան թվանկարչություն իրականացնել, քանի որ մարդկանց անտարբերությունը մեծ է, եւ ցածր մասնակցություն կլինի:



- Ընդհակառակը: Ընդհանրապես, բոյկոտ է լինելու, թե ոչ, ժողովուրդն է որոշելու: Դեկտեմբերի 1-ին մեր հրավիրած համազգային հանրահավաքում ժողովուրդը կորոշի՝ բոյկոտ անել, բոյկոտ չանել, համազգային էքզիտ-պոլ անել: Այսօրվա դրությամբ մեր մոտեցումը հետեւյալն է՝ «ոչ», «ոչ» եւ «ոչ», համազգային էքզիտ-պոլ, ժողովրդի կողմից քվեարկությանը նախորդող օրերի ընտրակեղծարարության դեմ ակտիվ քաղաքացիական գործողություններ: Սկսած դեկտեմբերի 1-ից՝ հենց Ազատության հրապարակից ազգովին կազմակերպելու ենք ընտրական գործընթացի օրինականության հանրային վերահսկողություն։ Ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ քաղաքացիների ընտրական իրավունքն ընտրակեղծարարությունների միջոցով սիստեմատիկ ոտնահարող վարչախմբի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու արկածախնդրական նախաձեռնությունը նպատակ ունի օրինականացնել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների փաստացի սահմանափակումները: Ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու ՀՀ քաղաքացիների իրավունքների էական սահմանափակումները եւ ոտնահարումը լուրջ սպառնալիք կստեղծեն ժողովրդավարական ուղիով Հայաստանի զարգացման հեռանկարի համար: Սա մեր ծրագրային դրույթն է: Վերջերս դեսպաններից մեկի հետ հանդիպման ժամանակ նա ինձ հարցրեց՝ ինչպե՞ս եմ ես քվեարկելու, պատասխանեցի՝ «ոչ»: Արձագանքեց. «Լավ, ում հարցնում ենք այս երկրում, ասում է՝ «ոչ», ինչպե՞ս պետք է այդ Սահմանադրությունն անցնի»։ Սա անհերքելի փաստ է, բայց ինչպե՞ս ամրագրել այդ «ոչ»-ը: Այս նպատակով ճակատը նախատեսում է 2015-ի դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում համախմբել ժողովրդին եւ հենց այդ հրապարակից նախապատրաստել ժողովրդին քվեարկությանը նախորդող ընտրական գործընթացների օրինականության հանրային վերահսկողության: Իսկ ընտրակաշառքի բաժանման կամ քվեարկության արդյունքների կեղծելու դեպքում քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանությունների առջեւ կատարվածի համար քաղաքական պատասխանատվության հարցի հարուցումը:



- Հանրային վերահսկողություն ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել, դիտորդական խմբե՞ր եք պատրաստում, հանձնաժողովականներ, վստահված անձինք:



- Բնականաբար, մենք համատեղ աշխատում ենք ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի ստեղծած շտաբի հետ, այսինքն՝ միասնական շտաբն աշխատում է այդ ուղղությամբ: Բայց ժողովուրդն ինքը, հավաքվելով դեկտեմբերի 1-ին, ժամը 6-ին, Ազատության հրապարակում, ինքը կորոշի այս աշխատանքի ձեւերը, այսինքն՝ կվերահսկի իրավիճակը հենց հրապարակից, հրապարակից չի հեռանալու ու վերահսկելու է ընտրական գործընթացների օրինականությունը: Փորձը ցույց է տալիս, որ ընտրակեղծիքներն իրականացվում են մինչեւ քվեարկության օրը, անձնագրեր են հավաքում, գնում-շրջում են, մարդկանց վրա ճնշում գործադրում․ մարդիկ հրապարակից վերահսկելու են այդ ամենին:



- Այսինքն կարծում եք՝ եթե կաշառք բաժանեն, հրապարակային վայրերո՞ւմ կանեն:



- Բայց նախկին ընտրությունները ցույց են տվել, որ ավտոբուսներով, «ռաֆիկ»-ներով իշխանությունները բերում են մարդկանց, գումար են բաժանում: 2012 թվականին ընտրատեղամասերի մատույցներում էին այդ գործողությունները ծավալվում:



- Այսինքն, բացի կաշառքից, ձեր կարծիքով, ընտրությունները կեղծելու այլ գործիքներ չունի՞ իշխանությունը:



- Ժողովրդին սովի են մատնել, հասցրել են ծայրաստիճան ծանր վիճակի, ժողովուրդը միջոցներ չունի, որպեսզի տարվա վերջում վճարի էլեկտրաէներգիայի գումարները: Եվ այս վիճակից օգտվելով՝ մի քանի ընտանիքներ, որոնք յուրացրել են ազգային հարստության 90 տոկոսը, փորձում են հավերժացնել նաեւ իրենց քաղաքական իշխանությունը եւ այս նպատակով ձեռնարկել սահմանադրական չարեփոխումներ: Բացի կաշառքից, կա նույնականացման քարտերով ընտրության իրավունք: Միակ հակազդեցությունը գիտակից քաղաքացիների ակտիվությունն է: Քվեարկության եւ փողոցներում օրինականությունը պաշտպանող հանրային խմբեր կձեւավորվեն, որոնք կստանձնեն շրջան առ շրջան, ավան առ ավան, գյուղ առ գյուղ վերահսկելու իրավիճակը: Մենք աշխարհաժողով ենք ըստ էության կազմակերպել, եւ դեկտեմբերի 1-ին ժողովուրդը կորոշի: