Ես դրանց հայհոյում եմ՝ բոլորն էլ սրիկա են

Ես դրանց հայհոյում եմ՝ բոլորն էլ սրիկա են

Նոյեմբերի 13-ի երեկոն սեւով գրվեց Փարիզի պատմության մեջ, ահաբեկչությունների շղթան այդ օրը 129 անմեղ մարդու կյանք խլեց, 350-ից ավելի մարդ վիրավորվեց։ Արտակարգ դրություն է ողջ երկրում, փակ են մշակութային օջախները, սրճարանները, նոր ահաբեկչությունների կրկնվելու ռիսկը դեռ մեծ է երկրում։ 



Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի գնահատմամբ, ցավալի ու ողբերգական է այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում, բայց «մի ժողովրդական խոսք կա, ասում է՝ ուրիշի համար փոս փորողը ինքն է մեջն ընկնում։ Դժբախտաբար, այդ իրականության առաջ ենք մենք կանգնել այսօր։ Եվրոպան այնպիսի մի կատաստրոֆիկ դրություն ստեղծեց Արեւելքում, որ վաղ թե ուշ իր դռանը պիտի չոքեր այդ ողբերգությունը։ Իմ համոզմամբ, այդ նույն Եվրոպան, Ամերիկան, Իսրայելը նպաստեցին, որ ձեւավորվեն այդպիսի տեռորիստական խմբեր, հիմա ինչ ցանել են, նա էլ հնձում են։ Մի քիչ ցավալի կլինի, եթե լայնածավալ պատերազմ սկսվի Սիրիայի տարածքում, բայց, այնուամենայնիվ, բոլոր նախադրյալները դրան են տանում»,-ասաց նա, ապա նկատեց, որ եթե աշխարհի մեծ տերությունները ցանկանան, կարող են թույլ չտալ այդ ահաբեկչությունները, բայց ելույթներից այն կողմ չի անցնում այդ ցանկության դրսեւորումը։



Այն, որ ահաբեկչությունները գուցե Եվրոպայի չափից շատ ժողովրդավար լինելու արդյունք են, եւ սրանից հետո Եվրոպան կխստացնի իր սահմանները, ապա. «Եվրոպական երկրներում ես շատ եմ եղել, եւ այդ դեմոկրատական ասվածը կապ չունի այն իրականության հետ, որը կա, իրական դեմոկրատիան Արեւելքում է՝ եթե ուզում եք ճիշտն իմանալ։ Այդպես մարոկկոացիներն էլ մի օր եկան Ֆրանսիա, ասեցին՝ մեր երկիրը ոչնչացրիք, բարի եղեք մեզ էլ պահել։ Հիմա էլ նույն բանն է տեղի ունենում, այդ մարդկանց հայրենիքը ոչնչացրել են, ստիպված այդ մարդիկ՝ իրենց կարծիքով, ապահով երկիր են գնում, որ իրենց զավակների կյանքը փրկեն։ Եվ սահմանները փակել այդ մարդկանց առաջ, երբ դու էլ այդ մարդկանց տունն ես քանդել իր երկրի մեջ, դա էլ տրամաբանությունից դուրս է։ Դրա փոխարեն լավ կլինի գործ չունենան եւ իրենց քիթը չմտցնեն ուրիշ երկրների գործերի մեջ։ Իմ համոզմամբ, այս բոլոր պրոցեսներն իրականացվում են մի տեղից՝ Իսրայելից, որ տարբեր երկրների միջոցով այդ քայլերին է գնում, եւ այդ երկրները, եթե այդքան կամային ուժ ունեն, պիտի փորձեն դեմն առնել ու չդառնալ Իսրայելի գործիքը։



Ողբերգությունը կայանում է նրանում, որ բացի նրանից, որ մարդկային ահավոր զոհեր են տեղի ունենում, նաեւ Արեւելքի ամբողջ մշակույթն են ոչնչացնում։ Սա փողի եւ տարածքի պատերազմ է»։



Փարիզյան ահաբեկչություններից հետո աշխարհում ստեղծված իրավիճակը կրոնների՞, թե՞ պետությունների պատերազմ կարելի է համարել․ ռեժիսոր Հրանտ Վարդանյանը նշում է, որ վիճակը բարդ է ու անհասկանալի. «Ես միայն մի բան գիտեմ, որ այսօր «դեւն» է տիրում աշխարհին, ու այդ «դեւը» մարդկությանը հանգիստ չի տալիս, բոլորն են կեղտոտված, չկա կողմ, որ սուրբ է, իսկ հակառակ կողմը մխտռված է։ Բոլորը՝ Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, մեծ խաղացողները բոլորն էլ զզվելի են, բոլորն էլ մխտռված են, այս ամեն ինչը քաղաքական, էկոնոմիկայի, ավելի դեւանալու հետ կապված կեղտոտ խաղեր են, որը, իհարկե, անմեղ մարդկանց հաշվին է կատարվում։ Այսօր մենք՝ հայերս, հայտնվել ենք այս ամեն ինչի արանքում, ինչպես որ միշտ եղել է, եւ չգիտեմ ինչ է լինելու մեզ հետ ու մեզ մոտ:



Այդքան երեխաներ են մահանում, անմեղ մարդիկ՝ մարզադաշտում, թատրոնում, սրճարանում։ Սա, միանշանակ, մեծերի խաղերի հետեւանքով է։ Ես դրանց հայհոյում եմ, որովհետեւ բոլորն էլ սրիկա են ու աշխարհը խառնել են իրար ընդամենը նրա համար, թե ով ավելի մեծ կտորի տիրի, ով ավելի շատ տանի լափի, պճնվի, գրգռվի, ով ավելի շատ արյունոտվի. այստեղ ոչ մի ուրիշ բան չկա։ Այս ամենը ֆինանսական կեղտոտ խաղեր են՝ նավթի, գազի, տարածքների ու շահերի կռիվ։ Ոչ մի դեմոկրատիա մարդուն չի փոխում, ոչ մի հավատք մարդուն չուղղեց, քանի գնում, այնքան ավելի են դաժանանում ու սրիկայանում։ Մի օր երեւի պետք է հրաժարվել այս բոլոր պետություններից, պետական գործիչներից, բանկերից, հորինովի սահմաններից, եւ ժողովուրդները շատ ավելի հաշտ ու համերաշխ կապրեն»։



Ինչ վերաբերում է այս օրերին Թուրքիայում G20-ի՝ գերտերությունների հանդիպմանը, ապա. «20 (ատամանների) կամ պարագլուխների հանդիպման ժամանակ միշտ ինչ-որ բան լինում է, ինչպես որ մեր դեպքում՝ մեր տարածաշրջանում էլ միշտ մի զոհաբերություն է լինում, որպեսզի հետո այդ ստեղծված իրավիճակից ինչ-որ մեկը դիվիդենտներ շահի։



Աշխարհում հաստատ ինչ-որ բան ի սկզբանե փչացած է ծնվել եւ տեղը չի ընկնում, չի ուղղվում, երեւի մարդկության գլխին մի մեծ արհավիրք պիտի լինի, որ սրանք հասկանան, որ բոլորն էլ ձագ ունեն, ու կապ չունի՝ որտեղ էլ որ երեխա է զոհվում, այդ մեղքը բոլորիս վրա է ընկնում։ Ուրիշ ձագերի հաշվին ուզում եք ձեր ձագե՞րը լավ ապրեն, այդպես չի լինում։ Իմպերիաներ եք ստեղծել, մեկը՝ ռուսական, մյուսը՝ ամերիկյան, կապ չունի՝ էլ ինչական, գրողի ծոցը բոլորդ, եթե մանուկ է զոհվում: Մարդուց ի՞նչ եք ուզում: Միայն մարդն է մարդու թշնամին` մարդկային ճղճիմությունն է, որ չի վերանում, չի ոչնչանում, մարդն իր էությամբ ամենաագահն է ու ստրուկը։ Մինչդեռ վատ ազգ, վատ երկիր չկա, բոլոր ժողովուրդներն էլ լավն են, դրանց պարագլուխներն են սրիկա, դրանց հիպնոսացնողներն են պոռնիկ: Այսօր աշխարհը փողով է ղեկավարվում եւ փողի համար է ղեկավարվում: Դրամային կուտակումներ ում ձեռքին ավելանում են, նա էլ ցանկանում է նստել այդ գարշելի մեքենայի ղեկին: Ամեն ինչ փողով գնվում է ու վաճառվում՝ չկա իդեոլոգիա, չկան առաջնորդներ ու զորավարներ, ամեն փսլնքոտի փիառ մեքենան կարող է լիդեր հայտարարել, այնինչ լիդերը սրանց համար իրենց գրպանների, բանկերի պարունակությունն է»։