Ուժեղ վստահված անձն ավելի կարեւոր է, քան հանձնաժողովի անդամը

Ուժեղ վստահված անձն ավելի կարեւոր է, քան հանձնաժողովի անդամը

Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատին չհաջողվեց դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ ունենալ։ Թեպետ ընդդիմադիր գործիչները հայտարարում էին, որ նման խնդիր չունեն եւ ունեն բավարար թվով կողմնակիցներ, սակայն փաստերը հակառակի մասին են վկայում: Արդեն տեղեկացրել ենք, որ 1997 տեղամասային հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովներում: Սա այն դեպքում, երբ ԿԸՀ-ն հետաձգեց հին լիցենզիաների ժամկետը՝ թողեց, որ ժամկետանց լիցենզիաներով մասնակցեն հանրաքվեին։ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանն ստեղծված իրավիճակը խնդրահարույց չի համարում ու հակադարձում է, որ իրականում ԿԸՀ-ն խորամանկ հնարքի դիմեց՝ թույլ չտալով շատերին լիցենզավորել․ «ԿԸՀ-ն հնարք կիրառեց, լիցենզավորման դասընթացներ արեց օգոստոսին, արձակուրդների, 40 աստիճան ջերմաստիճանի ժամանակ, մի մասը չհասցրեց․ այդ խնդիրը կա, ընդ որում, հետո էլ դիմել ենք՝ դասընթացներ չեն կազմակերպել»։ ՀԱԿ-ՀԺԿ եւ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ, ըստ Արամ Մանուկյանի, այնուամենայնիվ, կհաջողվի «փակել» բոլոր ընտրատեղամասերը։ «Տեղական կառույցների առաջարկով չենք փակել այն տեղամասերը, որտեղ կա 5, 10, 15 քվեարկող, օրինակ՝ կա քրեակատարողական հիմնարկ կամ այդքան բնակչով գյուղ, դրա փոխարեն ուժեղացրել ենք մեծ տեղամասերը, ասենք՝ շուրջ 2 հազար ընտրող ունեցող տեղամասերը։ Կարծում եմ, որ վստահված անձերով լավ վերահսկողություն կլինի։ Նույնիսկ ուժեղ կազմակերպված վստահված անձն ավելի կարեւոր է, քան հանձնաժողովի անդամը։ Այնպես որ, այս փուլում մենք աշխատում ենք լավ, ուժեղ, գրագետ մարդկանցով փակել տեղերը։ Այս հարցում աշխատանքներ են ընթանում քաղաքացիական եւ հասարակական որոշ խմբերի հետ, որոնք կարող են այս հարցում աջակցություն ցուցաբերել»։ 



Բոլոր ընտրություններից հետո հայտարարում եք, որ իշխանությունները, ավանդական մեթոդներին հավատարիմ, ճնշում, կաշառում եւ այլ միջոցներով կարողանում են չեզոքացնել ընդդիմության հանձնաժողովականներին ու վստահված անձանց։ Հանրաքվեի դեպքում ի՞նչ նոր մեխանիզմներ եք կիրառելու, որ այդ ամենը չկրկնվի։ «Այս փուլում մենք ունենք իրավական հարցերով հանձնաժողով, որը հավաքագրում է հենց այս փուլում արձանագրված խախտումները, իսկ դրանք արդեն բավականաչափ են, մասնավորապես շտաբի պետերն ու տեղակալները գործադիրի անդամներ են, մարզպետներ են, նախարարների շտաբում ընդգրկվելը, հաղորդում վարելը, պաշտպանության նախարարի հայտարարությունը, Գագիկ Հարությունյանի հանձնաժողովի անդամ լինելը, արդեն բավականաչափ նյութեր հավաքվում են։ Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ նույնիսկ վստահված անձերով լավ վերահսկողություն կլինի»։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ բաց թողնված ընտրատեղամասերի փաստն էական ազդեցություն չի ունենա ընտրությունների արդյունքների վրա։ «Ընդդիմադիր» գործընկերներ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ տեղամասերում ընտրակեղծիքների վերահսկման հարցում համագործակցության վերաբերյալ դեռ խոսք չկա․ «Մենք հիմա ՀԺԿ-ի հետ ենք այդ գործընթացն իրականացնում, բայց կոնսուլտացիաներ կան, այն ուժերը, որոնք ուզում են, որ արդար լինի, տեսնենք, թե ինչպես է լինելու վերահսկողություն։ Բայց այս պահին դեռ հստակ ոչինչ չկա»։ «Այո»-ի կողմնակից ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին հարցն իսպառ փակված չէ՞։



«Հանձնաժողովներում համագործակցություն կլինի հետո, բայց քանի որ այս պահին դեռ նման քննարկում չկա, ես չեմ կարող որեւէ մեկի անունը տալ՝ ոչ վատ, ոչ լավ առումով, ընթացքում պարզ կդառնա»։