Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

93-ի հունիսի 14-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Ստեփանակերտում էր: Օրվա կադրերից պահպանվածներ կան, youtube-ում հասանելի են: Խորհրդային պատժիչ զորքերի հեռացումից հետո Ստեփանակերտն առաջին անգամ էր տեսնում կարմիր բերետավորների: 



Մանրամասնությունները հայտնի են Գեղամ Բաղդասարյանի հրապարակումից, որ գրեթե սղագրական է: Քննարկվել է Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույցն ընդունել-չընդունելու հարցը: ԼՂՀ ԳԽ նախագահության անդամների մեծամասնությունը քվեարկել է ժամանակացույցն ընդունելու օգտին:



Նույն մարդիկ քվեարկել են ԳԽ նախագահի պաշտոնակատարի պարտականություններից Գեորգի Պետրոսյանի հրաժարականն ընդունելու, նրա փոխարեն Կարեն Բաբուրյանին նշանակելու որոշումների օգտին:



Օրեր անց տարածվեց պաշտոնական դիմում՝ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի նախագահի հասցեով, որ ինքնապաշտպանական ուժերի մի շարք ստորաբաժանումներ համաձայն չեն ԼՂՀ քաղաքական ղեկավարության որոշմանը, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ուստի Արցախի իշխանությունները խնդրում էին 30 օրով առկախել «անհետաձգելի միջոցառումների» իրականացումը:



Փաստ է, որ Քելբաջարից հայկական ուժերի դուրսբերման նախաձեռնությունը Ռուսաստանինն էր, եւ Մոսկվան էլ իր հերթին ճնշումներ էր գործադրել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Ռուսաստանը, կարելի է ենթադրել, դրանով փորձում էր կանխել Ադրբեջանի եւ արեւմտյան նավթային ընկերությունների միջեւ համաձայնության ստորագրումը:



Այդ նպատակին հասնելու համար Մոսկվան նաեւ ռազմական ուղղակի աջակցություն ցուցաբերեց ապստամբ Սուրեթե Հուսեյնովին, որի զինված ջոկատները հասան Բաքու: 93-ի հունիսի 14-ին հրաժարական տվեց Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Իսա Գամբարովը, նրան փոխարինեց Հեյդար Ալիեւը, որը հաջորդ օրն ստանձնեց նաեւ նախագահի պաշտոնակատարի լիազորությունները:



Հունիսի 12-ին, քաղաքական այս բուռն իրադարձություններից երկու օր առաջ, Աղդամի Մարզիլի գյուղում զոհվեց Մոնթե Մելքոնյանը: Աղդամի գրավումից հետո ռազմաճակատում հաստատվեց տեւական հրադադար: Ալիեւն այդ ժամանակն օգտագործեց՝ կազմակերպելու նախագահի արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 20-ին նա արեւմտյան նավթային ընկերությունների հետ ստորագրեց «Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման համաձայնագիրը: Ելցինը մնաց «խաղից դուրս» վիճակում:



…Վլադիմիր Կազիմիրովը վկայում է, որ երբ Հեյդար Ալիեւին առաջարկվել է Քելբաջարից հայկական զորքերի հեռանալուց հետո այնտեղ ռուսաստանյան երկու գումարտակ տեղաբաշխել, ԿԳԲ-ի գեներալը ժպտացել է. «Вы шутите, да?»: Իսկ Վահան Բադասյանը մինչ օրս կարծում է, որ Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերումը կանխել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատարի պարտականություններից Գեորգի Պետրոսյանի հրաժարականը: Պատմության մշտական ուղեկիցն առասպելն է: Հայերիս դեպքում, ցավոք, ավելի կենսունակ են առասպելները, քան ստույգ փաստերը:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ