ՀԱԿ-ը լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու դիմում չի ներկայացրել

ՀԱԿ-ը լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու դիմում չի ներկայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը անհիմն եւ անհասկանալի է որակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությունը այն մասին, որ ԿԸՀ-ի «հնարքի» արդյունքում իրենց համախոհների մեծ մասը չմասնակցեց լիցենզավորման դասընթացներին,իսկ ԿԸՀ-ն մեժեց լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու ՀԱԿ դիմումը։ Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով փաստին, որ ՀԱԿ-ը 1997 տեղամասային հանձնաժողովներում նշանակումներ չի կատարել 245 տեղամասային հանձնաժողովներում եւ արձագանքելով մեր դիտարկմանը, որ ԿԸՀ-ն անգամ հետաձգեց հին լիցենզիաների ժամկետը՝ թողեց, որ ժամկետանց լիցենզիաներով մասնակցեն հանրաքվեին։, պատգամավորը հայտարարել է ․«ԿԸՀ-ն հնարք կիրառեց, լիցենզավորման դասընթացներ արեց օգոստոսին, արձակուրդների, 40 աստիճան ջերմաստիճանի ժամանակ, մի մասը չհասցրեց․ այդ խնդիրը կա, ընդ որում, հետո էլ դիմել ենք՝ դասընթացներ չեն կազմակերպել»։



Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` դասընթացները պետք է կազմակերպվեն տարեկան առնվազն մեկ անգամ: 2015 թվականին դասընթացը կազմակերպվել և անցկացվել է օգոստոս, սեպտեմբեր ամիսներին։ ԿԸՀ ղեկավարը ընդգծեց, որ դասընթացի բոլոր մասնակիցների համար ժամկետները եղել են նույնը:
«ՀԱԿ-ի կողմից ներկայացված հայտում նշված է եղել 705 քաղաքացիների անուններ, որոնցից դասընթացին մասնակցել են միայն 383-ը, որոնցից 346-ը ստացել են վկայականներ:



21.10.2015թ. ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումը՝ պահանջով․ «…առաջարկում ենք Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշմամբ երկարացնել 2015թ-ին լրացած արտոնագրերի ժամկետները և դրանք թողնել ուժի մեջ` ներառյալ հանրաքվեի անցկացումը»:



Այլ պահանջ, ներառյալ լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ, հիշյալ դիմումը չի պարունակել: Ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարելու վերաբերյալ լրացուցիչ դասընթաց կազմակերպելու վերաբերյալ սահմանված կարգով դիմում որևէ կազմակերպությունից չի ներկայացվել: Ակնարկի կարգով սոսկ նշեմ, որ դասընթացներ կազմակերպվելու պարագայում ոչ միայն ԿԸՀ-ն է իրականացնում կազմակերպական աշխատանքներ, այլև դիմող սուբյեկտները, քանի որ պետք է սահմանված կարգով կազմեն հայտերը և նախապես ներկայացնեն, իսկ բուն դասընթացին մասնակցելու համար` կազմակերպել հայտերում ընդգրկված քաղաքացիների մասնակցության ապահովումը», մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը:



ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի քննարկման ժամանակ ԿԸՀ նիստին ներկա է գտնվել նաև ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը․«Նա հանձնաժողովի նիստում նշեց, որ կազմապերված դասընթացներին չեն կարողացել մասնակցել շուրջ 400 քաղաքացիներ, սակայն. «…սա չի նշանակում, իհարկե, որ մենք ուրեմն զրկված ենք ամբողջությամբ բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ ունենալուց, բայց մենք էապես կաշկանդված ենք հիմա ընտրության հնարավորությունից, քանի որ մենք պետք է ընտրենք նաև լիցենզիա ունեցող անձանց միջից առավել որակյալներին, առավել պատրաստվածներին և այդ ընտրության հնարավորությունը բավականին թուլանում է»» ՀԱԿ անդամին բառացիորեն ցիտեց Մուկուչյանը՝ տեղեկացնելով, որ նիստի ամբողջ ձայնագրությանը կարող ենք ծանոթանալ ԿԸՀ կայքում:



«Արդյունքում, հանձնաժողովը ընդունեց որոշում, որով դիմումը ամբողջ ծավալով բավարարվեց: Այսինքն, ԿԸՀ այդ որոշումը չի կայացրել սեփական նախաձեռնությամբ վարույթի արդյունքում, այլ քննարկել է կոնկրետ դիմում, կոնկրետ պահանջով և ամբողջությամբ բավարարել է դիմումի պահանջը: Եվ այս պարագայում խոսել ԿԸՀ խորամանկ հնարքի մասին, մեղմ ասած, անհասկանալի է: Եթե ԿԸՀ-ն չբավարարեր դիմումը, վստահ եմ` հանձնաժողովը կմեղադրվեր խոչընդոտներ հարուցելու, իրավունքներ սահմանափակելու և այլնի մեջ, չնայած այն հանգամանքին, որ դասընթացներ կազմակերպելու առումով իր պարտականությունները կատարել է լիարժեք ծավալով: Հիմա, երբ բավարարվել է դիմումատուի պահանջը, ԿԸՀ-ն մեղադրվում է խորամանկ հնարքներ կիրառելու մեջ: Անընկալելի եզրահանգումներ»:



Ի դեպ, ընդհանուր առմամբ, բոլոր դիմողների կողմից ամառային դասընթացներին ԿԸՀ է ներկայացվել դասընթացներին մասնակցելու 5841 քաքաքացու վերաբերյալ հայտեր: Դասընթացներին մասնակցել են 3516 քաղաքացիներ և նրանցից 3154-ը ստացել են հաձնաժողովներում նշանակվելու վկայականներ: