Ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ

Ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ

Արմեն Աշոտյանի համար ժամանակավրեպ է այն հարցը, թե Սահմանադրության փոփոխությունից հետո ինքը որտեղ կլինի, ինչով կզբաղվի։



«Առաջինը, նման խոսակցությունները բացառապես մամուլում են քննարկումների առարկա դառնում։ Հետեւաբար, կլինի նման բան, թե չի լինի, որտեղ ես կլինեմ, թե չեմ լինի, այդ հարցն ինձ ամենաքիչն է հուզում, կխնդրեմ՝ նաեւ Ձեզ ամենաքիչը հուզի։



- Շատ քիչ հուզելով՝ հարցնենք, այդուհանդերձ, կառավարությունում պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունե՞ք Սահմանադրության փոփոխությունից հետո։



- Ես միշտ այդ հարցին պատասխանել եմ շատ անկեղծ, որ ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ՝ քաղաքական գործիչ համարելով ե՛ւ նախարարի պաշտոնը, ե՛ւ կուսակցականի իմ պաշտոնը, ե՛ւ նախկինում Ազգային ժողովի պատգամավոր լինելու իմ մանդատը։



- Իսկ հնարավո՞ր է դուրս գաք քաղաքականությունից եւ լիարժեք տեղափոխվեք հեռուստատեսություն։



- Հնարավոր չէ։



- Պետք է զուգակցե՞ք անպայման։



- Ամենահետաքրքիրն այն է, որ անգամ քննադատները չեն ասում՝ համենայնդեպս այս պահի դրությամբ, որ հաղորդումը վատն է, Աշոտյանի մոտ չի ստացվում, լավ չի վարում եւ այլն։ Քննադատության թիրախ են ընտրել քաղաքական կողմը, ինչը բացարձակ կապ չունի հաղորդման հետ։ Ինձ հաճելի է, որ իմ վարման հետ կապված որեւէ քննադատություն այս պահին չեմ ստացել։



- Այսինքն՝ որպես շոումեն եւ հեռուստահաղորդավա՞ր եք ակնկալում ենթարկվել քննադատության։



- Ինձ կպնելով, այսպես ասած, միաժամանակ բոլոր քաղաքական հեռուստահաղորդավարներին եք կպնում։ Արդյոք արժի՞ դա։



- Նկատի ունեմ՝ որպես հեռուստահաղորդավա՞ր եք ուզում Ձեզ քննադատեն։



- Քննադատությունն ամեն մարդու կյանքի մի մասն է։ Հատկապես առողջ քննադատությունը թույլ է տալիս առաջ գնալ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ