Զիտան ու Գիտան սովից մարդ կուտեն

Զիտան ու Գիտան սովից մարդ կուտեն

Գյումրու Անի թաղամասում տեղակայված կենդանաբանական այգու տնօրեն Ստյոպա Վարդանյանն ահազանգում է` այգու կենդանիները սովից եւ ցրտից կարող են սատկել. տեր կանգնող չկա: 30 տարուց ավել պաշտոնավարող տնօրենը այժմ հայտնվել է անելանելի վիճակում:



«Կենդանաբանական այգին սեփական եկամուտով անգամ մեկ օր չի աշխատի:
Ում ասես չեմ դիմել, էլ կառավարությանը, որ կենդանիներին տեր կանգնեն, էլ բնապահպանության նախարարությանը, որ գոնե տեղափոխենք Երևան: Բարեգործների եմ դիմել, մեծահարուստների` Գագիկ Ծառուկյանին, գեներալ Մանվելին, բայց անօգուտ»,-ասաց հուսահատված տնօրենը: Ի դեպ, գեներալ Մանվելը փորձել է օգնել` մի քանի կգ միս ուղարկելով:



Կենդանիներից մի քանիսին Ստյոպա Վարդանյանին հաջողվել է տեղափոխել այստեղ- այնտեղ:Հիմա գազանանոցում մնացել են առյուծ Մերին` ձագերի` Զիտա, Գիտայի հետ եւ արջուկներ Մաշան ու Միշան: «Հանրապետության երկրորդ քաղաքն է, ինչ ամոթ է, էս պետությունը մի գազանանոց չի կարողանում պահել: Սովից էս առյուծները մարդ կուտեն, բա մեղք չե՞ն: Օրական 8-10 կգ միս է պետք, որ սրանց կերակրենք, բայց որտեղից»,-պատմեց գազանանոցի աշխատակից Հովհաննեսը: Հենց նրա շնորհիվ է, որ գազանները մինչև այսօր գոյատևում են: Գազանանոցի միակ եւ անձնուրաց աշխատակիցն ամեն օր աղբանոցներից կեր է հայթայթում նրանց համար:



Նշենք, որ կենդանիներին պահելու համար ամսական ընդամենը 1000դոլար է անհրաժեշտ:
Գազանանոցի տնօրենն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանից աջակցությունն է խնդրում: Իսկ մինչ այդ աշխատակիցը բնակչներին է դիմում խնդրանքով` չթափել կարոֆիլի, չորացած հացերի եւ կաղամբի մնացորդները, տրամադրեն իրենց, որպեսզի իր խոսքերով ասած ` կենդանիներին խաբեն:



Արևիկ Հակոբյան, Գյումրի