Ամեն ինչ կախված է ԵԽԽՎ պատվիրակների տրամադրությունից

Ամեն ինչ կախված է ԵԽԽՎ պատվիրակների տրամադրությունից

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հերթական ձախողումն արձանագրեց Եվրոպայի խորհրդում, երբ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում ընդունվեց ադրբեջանամետ պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերտառությամբ հակահայկական զեկույցը։ Այն կքննարկվի հունվարին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։ Մինչ այդ, սակայն, նոյեմբերի 23-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ էլ հաստատման կդրվի մեկ այլ հակահայկական զեկույց՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարի խնդրին։ Սրա հեղինակն էլ Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է։ Եթե նախորդ զեկույցի դեպքում արդեն ուշ էր որեւէ բան անել, քանզի հանձնաժողովում այն արդեն ընդունվել է, ապա այստեղ հայ պատվիրակները դեռ կարող են պայքարել այս զեկույցի դեմ։ 



2 օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստում անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներին եւ մեր պատվիրակության աշխատանքին։ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը դժգոհել է պատվիրակության աշխատանքից ու առաջարկել փոխել պատվիրակության կազմը, ռոտացիաներ անել։ Ի պատասխան՝ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երեկ հայտարարեց, թե պատրաստ է իր տեղը զիջել Հարությունյանին, եթե նա կարող է ավելի լավ անել։ Պատվիրակության անդամները պնդում են, որ Ադրբեջանը ֆինանսական միջոցներով շատ հզոր լոբբինգ է անում, իսկ իրենց նույնիսկ նորմալ օրապահիկ չեն տալիս, ուր մնաց եվրոպացի պատվիրակների սիրտը շահելու համար գումար տրամադրեն։ Բացի այդ, մենք այնտեղ բավարար աշխատակիցներ չունենք, որոնք մինչեւ նստաշրջանը դիվանագիտական աշխատանք տանեն ԵԽ-ում։ Առհասարակ, համալիր եւ համակարգված աշխատանքի խնդիր կա, որը չի իրականացվում։ Արտգործնախարարությունը մեծ անելիք ունի, որը չի անում։ Մեզ հետ զրույցում երեկ բոլորը միաբերան նշում էին, որ ամեն ինչ նորովի մշակելու եւ նոր մարտավարություն որդեգրելու խնդիր կա, եթե այդ ամենը փողով լուծման ենթակա չէ։ Այդ մասին էլ է խոսվել փակ քննարկման ընթացքում։



ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ՕԵԿ-ական անդամ Մհեր Շահգելդյանը կարծում է, որ իրար հետեւից 2 զեկույցի առկայությունը ցույց է տալիս ԵԽԽՎ-ի հստակ ուղղվածությունը։ «Մեր մտավախություններն այստեղ, իհարկե, մի քանիսն են։ Կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվի մասին չխոսեմ, սկսած նրանից, որ թուրքերն այսօր ավելացնում են իրենց ֆինանսավորումը, ավելացնում են իրենց պատգամավորների քանակը, կանգնած են ադրբեջանցի պատգամավորների կողքին եւ այլն։ Բայց երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ ես կարծում եմ՝ մեր աշխատաոճը պետք է փոխենք եւ՝ երկարաժամկետ»։ Իսկ պատվիրակության կազմը պե՞տք է փոխել։



Շահգելդյանը կարծում է, որ ցանկացած դեպքում՝ ով էլ լինի, անհրաժեշտ են նոր մոտեցումներ։ Իսկ ինքը, որպես պատվիրակության անդամ, իր անձնական մեղքի բաժինն ու թերացումը տեսնո՞ւմ է։ «Այն, ինչ որ հնարավոր է անել, մաքսիմում անձնական կոնտակտների, լրագրության, այս կամ այն պատվիրակության հետ խոսելու միջոցով, բնականաբար, փորձում ենք անել։ Այն, ինչ որ հնարավոր է անել ելույթների ընթացքում, բնականաբար, փորձում ենք ելույթ ունենալ։ Էստեղ հարցն անձերի մեջ չէ։ Ես, որպես անդամ, բնականաբար, պատասխանատվություն զգում եմ, կրում եմ, ինչպես բոլորը, որովհետեւ դա մեր երկրի, մեր պետության շահն է»։



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով էլ՝ պետք չէ պատվիրակության կազմն ու դրա փոփոխության հարցը շահարկման առարկա դարձնել։ «Ընդ որում՝ պետք է նշեմ նաեւ, որ ժամանակին ե՛ւ «Ժառանգության» անդամներն են եղել, ի՞նչ են արել իրենք, եւ շատ-շատ գործուղումներ են եղել, թող այդ քննադատողներն ասեն՝ իրենք ի՞նչ գործողություններ են կատարել։ Երբ որ մենք հաջողության էինք հասնում ԵԽԽՎ-ում որոշ հայտարարությունների, բանաձեւերի հետ կապված, որեւէ մեկն այդ մասին չէր բարձրաձայնում, որ դա մեր հաջողություններն են, մեր պատվիրակության, եւ վերագրում էին բոլորն իրենց, իսկ հիմա, երբ որ արդեն արձանագրված պարտություն կա, բոլորը վերագրում են պատվիրակության անդամներին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, բայցեւ խոստովանեց․ «Այստեղ խնդիրն ավելի գլոբալ է, որ համատեղ բոլորս թերացել ենք․ արտգործնախարարությունից սկսած, մեզնից սկսած, բոլորս ունենք թերություններ»։



Իսկ դրա պատասխանատվությունն ո՞վ է կրելու, Բաղդասարյանն ասաց՝ բոլորս ենք կրելու եւ բոլորս էլ մտածում ենք մեր անելիքների մասին։ Իսկ ինչպե՞ս են կրելու։ «Դա քննարկման փուլում է, եւ պետք չէ ամեն ինչ բարձրաձայնել։ Ռազմավարություն է մշակվում»։ Իսկ հնարավո՞ր է Հայաստանը եւս ֆինանսներ օգտագործի։ «Ես չեմ կարծում, որ մենք պետք է ֆինանսական մրցակցության մեջ մտնենք Ադրբեջանի հետ, մենք մեր շեշտը դնում ենք հիմնականում ղարաբաղյան խնդրի հետ կապված Մինսկի խմբի վրա, որովհետեւ հիմնական արտոնված կառույցը Մինսկի խումբն է, որն զբաղվում է այդ հարցով։ Նորից եմ կրկնում՝ մոտ ժամանակներս մենք արդեն վերանայում ենք մեր ռազմավարությունը, որպեսզի նման նեգատիվ երեւույթների դիմացն առնենք»։ Արդյոք քննարկվո՞ւմ է ԵԽԽՎ նիստերը բոյկոտելու տարբերակը։ «Ես խնդրում եմ չբացել փակագծերը, թե մենք ինչ ենք քննարկում, հակառակ դեպքում մենք բաց նիստ կանեինք։



Երբ որ դրա ռազմավարությունը կունենանք, մենք ԱԳՆ-ի հետ կանենք համապատասխան հայտարարություն»։ Գուցե ԵԽԽՎ կառույցի՞ց դուրս գալու տարբերակն էլ եք քննարկում։ «Չէ, չեմ կարծում, որովհետեւ Դուք տեսնում եք, որ մենք Եվրամիության հետ նոր քայլեր ենք ձեռնարկում եւ նոր, այսպես ասած, բանակցային փուլ ենք սկսել, եւ չեմ կարծում, որ մի հայտարարության պատճառով պետք է նման քայլի դիմել»։



Ի տարբերություն Մհեր Շահգելդյանի՝ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր մեղքի բաժինն այստեղ բնավ չի տեսնում։ Նա համոզված է, որ մեղքը ՀՀ իշխանություններինն է, եւ այս առումով նա իմաստ էլ չի տեսնում պատվիրակության ղեկավարին փոխելու հարցում․ պետք է իշխանություններին փոխել։ «Ես բացարձակ չեմ տեսնում, որովհետեւ կանխատեսելով այդ արդյունքը, ես առաջարկել եմ շատ կոնկրետ, որ զեկույցի հանելու համար պայքարելն իրատեսական չէ, այլ պետք է պայքարել երկու կարեւոր նպատակի համար՝ զեկուցողին փոխել եւ այլ զեկուցող նշանակելու եւ վերնագիրը փոխելու ուղղությամբ։ Եվ դա հնարավոր էր։ Ցավոք սրտի, իշխանությունները չընդունեցին իմ առաջարկը եւ պայքարեցին մի նպատակի համար, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման»,-ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչի համար պատասխանատու է իշխանությունը, քանզի նա է որոշում պատվիրակության մարտավարությունը, մոտեցումները եւ այլն։ Պատվիրակության ղեկավարի գործոնն այստեղ որքանո՞վ է կարեւոր, պարոն Զուրաբյանն ասաց․ «Պատվիրակության ղեկավարի գործոնը, բնականաբար, կա․ ֆորմալ առումով նա մեծ դերակատարություն ունի։ Բայց իրականում որոշումներն ընդունում է իշխանությունը, ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին եւ, ընդհանրապես, արտգործնախարարությանը»։ Ինքը տեղյակ չէ, թե ինչ քայլեր են նախատեսվում՝ հունվարին այս բանաձեւի ընդունման դեմն առնելու համար․ «Ես դեռ սեպտեմբերին առաջարկեցի, որ մենք անցկացնենք ԱԺ փակ նիստ, լսումներ, զգուշացրի, որ շատ վնասակար զեկույց կարող է ընդունվել, ոչ ոք չլսեց ինձ։



Ոչ մի խորհրդակցություն չի հրավիրվել դրանից հետո, ոչ մի կոորդինացիա ջանքերի չի արվել կամ եթե արվել է, ես դրանից տեղյակ չեմ»։ Իսկ կա՞ պրոհայկական պատվիրակների մոտավոր մի քանակ, որոնց վրա կարող ենք այս հարցում հույս դնել։ «Չէ, էդպիսի բան գոյություն չունի, ամեն ինչ կախված է այդ պահին առկա տրամադրությունից, նաեւ բացատրական աշխատանքներից եւ այլն»։ Հարցին՝ փողն այստեղ ի՞նչ դեր ունի, ՀԱԿ անդամն ասաց․ «Այն, որ ադրբեջանական լոբբիստական ճնշումների գործոնն առկա է, այդտեղ որեւէ առարկություն լինել չի կարող։ Այո, Ադրբեջանը մեծ լոբբիստական գործունեություն է տանում՝ կաշառելով որոշ մարդկանց ԵԽԽՎ-ում եւ ազդելով նրանց դիրքորոշման վրա։ Բայց որ անգամ այդ ճնշման պայմաններում հնարավոր էր ճիշտ ռազմավարության կառուցման դեպքում հասնել լավ արդյունքի, դրա մեջ վստահ եմ»։



Որեւէ հույս կա՞, որ մշակվելիք ռազմավարությունը կբացառի նման դեպքերն ու իր արդյունքը կունենա։ «Նախ պարզ չէ, թե ինչու էդ ռազմավարությունը ժամանակին չէին մշակել, կամ էն, ինչ արեցին, ինչու էր այդքան սխալ ուղղությամբ գնում, եւ ես չգիտեմ, թե ինչ նոր ռազմավարություն է մշակված, եւ շատ կասկածում եմ, որ այդ ռազմավարությունը ճիշտ նշանակետին է ուղղված»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։



ԲՀԿ պատվիրակ Վահան Բաբայանն էլ ասաց. «Մեր պատվիրակությանը քննադատելուց առաջ նախ պետք է հասկանանք՝ կարողանո՞ւմ ենք մենք այնտեղ լոբբիստական այնպիսի աշխատանք իրականացնել, որպեսզի կարողանանք հակազդել մեր հակառակորդին»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ